Ամեն ինչ հանուն «Բարսելոնայի». Դեմբելեն ու Կոուտինյոն լուրջ են տրամադրված

Ամեն ինչ հանուն «Բարսելոնայի». Դեմբելեն ու Կոուտինյոն լուրջ են տրամադրված

«Բարսելոնան» շարունակում է բանակցություններ վարել Դորտմունդի «Բորուսսիայի» հարձակվող Ուսման Դեմբելեի ու «Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյի տրանսֆերների շուրջ: Ծանր բանակցությունների ընթացքին խառնվել են ֆուտբոլիստները, որոնք նոր քայլ են կատարել կատալոնական ակումբ տեղափոխվելու համար:

«Bild» պարբերականը տեղեկացնում է, որ Դեմբելեն Գերմանիայից մեկնել է Ֆրանսիա: 20-ամյա ֆուտբոլիստը մտադիր չէ վերադառնալ Դորտմունդ, քանի դեռ նրա տրանսֆերի հարցը չի լուծվել: Ըստ որոշ տեղեկությունների` կողմերը մոտ են համաձայնության հասնելուն: «Բլաուգրանան» պատրաստ է 100 միլիոն վճարել և 30 միլիոնի պարգևավճարներ սահմանել: «Բորուսսիայի» համար ընդունելի է ընդհանուր գումարը (130 միլիոն), սակայն դորտմունյդնա ակումբը պահանջում է, որ հիմնական մասը 100 միլիոնից ավելին լինի, իսկ բոնուսները` կրճատվեն:

Միաժամանակ «Mundo Deportivo»-ն գրում է, որ «Լիվերպուլին» տրանսֆերային դիմում ներկայացրած ու մերժված Ֆիլիպե Կոուտինյոն ավելի համարձակ քայլի է դիմել: Բրազիլացին թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպին զգուշացրել է, որ «Բարսելոնա» չտեղափոխվելու դեպքում հրաժարվելու է խաղադաշտ դուրս գալ, քանի որ նրան իր կամքին հակառակ են թիմում պահում: 25-ամյա խաղացողը պատրաստ է նման քայլի դիմել նույնիսկ ԱԱ-2018-ին մասնակցելը վտանգելու գնով:

Նշվում է, որ Կոուտինյոյի գործադուլի առաջին քայլը «Հոֆենհայմի» հետ Չեմպիոնների լիգայի հանդիպմանը չմասնակցելն էր՝ չնայած պաշտոնական հայտարարությամբ նա մեջքի վնասվածք ունի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում