Աբրահամ Խաշմանյան. Այլևս չեմ հանդուրժելու

Աբրահամ Խաշմանյան. Այլևս չեմ հանդուրժելու

Հայաստանի առաջնության երրորդ տուրի՝ «Բանանց» – «Ալաշկերտ» հանդիպումից (2:2) հետո հյուրերի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը զայրացած ներկայացավ մամուլի ասուլիսի։ Հանդիպման ընթացքում չեմպիոնը երկու գնդակի առավելություն ուներ, սակայն մրցակիցը կարողացավ ոչ-ոքի կորզել:

«Երկրորդ կեսում մրցակիցը սկսեց հախուռն ֆուտբոլ խաղալ, խառնաշփոթ առաջացրեց: Իմ ֆուտբոլիստներն այնպիսի սխալներ կատարեցին, որոնք անթույլատրելի են: Մեկ անգամ կարելի էր հասկանալ, բայց սա արդեն համակարգային է դարձել, ընդ որում` նույն մարդկանց կողմից: Այլևս նման բան չպետք է կրկնվի, համապատասխան քայլեր կձեռնարկենք»,- ասաց Աբրահամ Խաշմանյանը։

Խաշմանյանն անուններ չնշեց, սակայն հասկացնել տվեց, որ սխալվողները Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ են:

«Չեմպիոնն իրավունք չունի 2:0 հաշվից հետո երկու գնդակ ընդունել: Ցավալին այն է, որ այդ սխալները հնարավոր չէ հասկանալ, երբ այն նման փորձառու խաղացողների կողմից է կատարվում: Պետք է մի խաղացողի ավելի շուտ փոխարինեի, որ դաշտի կենտրոնը վերահսկեինք: Ինչպե՞ս կարելի է նման ֆուտբոլ ցուցադրել, հատկապես երբ հավաքականի ֆուտբոլիստ ես»,- շարունակեց մարզիչը։

Հայաստանի կրկնակի չեմպիոն դարձած մարզիչն արդեն որոշել է անելիքը.

«Նոր ֆուտբոլիստներ ենք հրավիրելու, որպեսզի հասկանան, որ ֆուտբոլում դեռ ոչնչի են հասել, միշտ պետք է առավելագույնին ձգտեն: Հիմա մտածում են, թե արդեն մեծ նվաճումների են հասել: Նման գոլեր բաց թողնելը կենտրոնացվածությունը կորցնելու հետևանքով է: Քանի՞ խաղ կարելի է հանդուրժել, ես այլևս չեմ հանդուրժելու»:

Տանտերերի երկրորդ գոլը վեճերի պատճառ դարձավ, որովհետև հստակ դժվար էր ասել Արտակ Եդիգարյանը հասցրե՞ց հեռացնել դարպասային գիծն անցնող գնդակը, թե՞ ոչ․

««Բանանցի» երկրորդ գոլը կասկածելի էր: Իմ ֆուտբոլիստին վստահում եմ: Նա ասաց, որ գնդակը չէր հատել դարպասային գիծը: Հակառակի պես` համապատասխան տեսակրկնություն էլ չկա, որ կարողանանք ստուգել»:

Այսօր հայտացուցակից բացակայում էր Վահագն Մինասյանը։ Մարզիչն ասաց, որ բացակայությունը պայմանավորված է վնասվածքով։

«Վահագնը վնասվածք ունի: Նա դեռ մեկ շաբաթ էլ ապաքինվելու է»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում