Պատմության ամենաթանկ տրանսֆերների շարքը

222 միլիոն եվրո Նեյմարի համար․ խելահեղ գումար անգամ ժամանակակից ֆուտբոլի համար: Տեսնենք՝ որքա՞ն ժամանակ են անգերազանցելի մնացել նախորդ ռեկորդները: Պատմությունը սկսում ենք ֆուտբոլիստով, ով ավելի քան 40 տարի առաջ «Բարսելոնա» տեղափոխվեց ու ավարտում նրանով, ով վերջերս հեռացավ կատալոնական ակումբից:

Յոհան Կրուիֆ (Հոլանդիա)
Տրանսֆեր. հուլիսի 1, 1973թ. «Այաքսից»` «Բարսելոնա», 2 միլիոն եվրոյի դիմաց
Ռեկորդի տևողությունը. 6 տարի

Յոհանն առաջինն էր, ով ավելի քան 1 մլն եվրոյի դիմաց արտերկիր գնաց: Այդ ժամանակ տրանսֆերն արժեր 922.000 ֆունտ: Հիմա ազդեցիկ չէ, բայց 1973-ին ամեն ինչ այլ էր: Համեմատության համար նշենք, որ նախորդ ամենաթանկ տրանսֆերը, որ 12 տարի առաջ էր գրանցվել, 6 անգամ ավելի էժան էր: Այդ գործարքում ևս «Բարսան» առկա էր, բայց արդեն վաճառողի դերում: «Ոսկե գնդակի» մրցանակակիր Լուիս Սուարես Միրամանտեսն տեղափոխվել էր «Ինտեր»:

Էնդի Գրեյ (Շոտլանդիա)
Տրանսֆեր. հուլիսի 1, 1979թ. «Ասթոն Վիլայից»` «Վուլվերհեմփթոն», 3 մլն եվրոյի դիմաց
Ռեկորդի տևողությունը. 3 տարի

Շոտլանդիացի հարձակվող Էնդի Գրեյը 70-ականների վերջերին Անգլիայի լավագույն ֆուտբոլիստն էր` ըստ պրոֆեսիոնալ գործընկերների: Նա առաջատարն էր անգլիական ու շոտլանդական ռմբարկուական մրցավազքում: «Վուլվերհեմփթոն» տեղափոխվելով՝ Գրեյը համաշխարհային ռեկորդ գրանցեց: Պարզապես հիշեք՝ նա ո՞ւմ շրջանցեց և հետո էստաֆետն ո՞ւմ փոխանցեց: 

Դիեգո Մարադոնա (Արգենտինա)
Տրանսֆեր. հուլիսի 1, 1982թ. «Բոկա Խունիոսից»` «Բարսելոնա», 8 մլն եվրոյի դիմաց
Ռեկորդի տևողությունը. 10 տարի ընդհանուր հաշվարկով

«Բարսելոնան» արգենտինացի աստղի տրանսֆերի մրցավազքում առաջատար դուրս եկավ: Պետք է նշել, որ 8 մլն միայն արգենտինական ակումբը ստացավ, իսկ ևս 3 միլիոն հենց արգենտինացուն փոխանցվեց: 80-ականների սկզբի համար աստղաբաշխական գումար։

Դիեգո Մարադոնա (Արգենտինա)
Տրանսֆեր. հուլիսի 1, 1984թ. «Բարսելոնայից»` «Նապոլի», 13 մլն եվրո
Ռեկորդի տևողությունը. 10 տարի ընդհանուր հաշվարկով

2 տարի անց Մարադոնան թարմացրեց սեփական ռեկորդը և դեռ 8 տարի տրանսֆերային շուկայի ռեկորդակիրը մնաց: Դիեգո Արմանդոն այդպիսով 10 տարի կրեց աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստի կոչումը: Նրանից հետո թվերն արագ աճեցին: 10-ը այն թիվն է, որի վրա Նեյմարը պետք է կենտրոնանա: Ինչպես պատմությունն է ցույց տալիս, դա շատ երկար ժամանակահատված է ֆուտբոլի համար ու պետք չէ որևէ բան կանխագուշակել: Անգամ եթե խոսքը 222 միլիոն եվրոյի մասին է:

Ջանլուկա Վիալի (Իտալիա)
Տրանսֆերը. հուլիսի 1, 1992թ. «Սամպդորիայից»` «Յուվենտուս», 16.5 մլն եվրո
Ռեկորդի տևողությունը. 4 տարի

Վիալին մեծ ֆուտբոլիստ էր, բայց մեծագույնը չէր այդ ժամանակահատվածում: Նա կարողացավ ռեկորդային տրանսֆերի հերոս դառնալ, երբ «Սամպդորիայից» «Յուվե» տեղափոխվեց: Թուրինցիների կազմում նա Չեմպիոնների գավաթը նվաճեց:

Ալան Շիրեր (Անգլիա)
Տրանսֆերը. հուլիսի 30, 1996թ. «Բլեքբերնից»` «Նյուքասլ», 21 մլն եվրո
Ռեկորդի տևողությունը. 11 ամիս

1996-ի հունիսին Ալանն Անգլիայի հավաքականի հետ հասավ Եվրոպայի տնային առաջնության կիսաեզրափակիչ, որտեղ 11-մետրանոց հարվածաշարի արդյունքում զիջեց առաջնության ապագա չեմպիոն գերմանացիներին: 5 գոլով Շիրերը դարձավ Եվրո 1996-ի լավագույն ռմբարկուն, իսկ մեկ ամիս անց փոխեց ակումբը: Ալեքս Ֆերգյուսոնի առաջարկը մերժելով՝ Շիրերը «Նյուքասլ» տեղափոխվեց:

Ռոնալդո (Բրազիլիա)
Տրանսֆերը. հուլիսի 1, 1997թ. «Բարսելոնայից»` «Ինտեր» 28 մլն եվրոյի դիմաց
Ռեկորդի տևողությունը. 1 տարի

Կրկին «Բարսելոնա»։ Ակումբի ղեկավարները չկարողացան հրաժարվել բրազիլական գայթակղությունից: «Կամպ Նոու» մարզադաշտում ելույթ ունենալուց 1 մրցաշրջան անց Ռոնալդոյի տրանսֆերային արժեքը երկու անգամ աճեց: Հատկանշական է, որ այդ տեղափոխության մասին առաջին հայտարարությունն արեց 36 տարի առաջ համաշխարհային տրանսֆերային ռեկորդ սահմանած Լուիս Սուարես Միրամոնտեսը:

Դենիլսոն (Բրազիլիա)
Տրանսֆերը.  հուլիսի 1, 1998թ. «Սան Պաուլուից»` «Բետիս», 31.5 մլն եվրո
Ռեկորդի տևողությունը. 1 տարի

Իսպանիայի առաջնության միջակը լայն բացեց դրամապանակն ու իր համար անսովոր գործարք իրականացրեց: Զավեշտալի է, որ արդեն 2 տարի անց «Բետիսն» աշխարհի նախկին ամենաթանկ ֆուտբոլիստի հետ հայտնվեց Սեգունդայում: Կարճ ասած՝ Դենիլսոնի տրանսֆերն արդյունավետ չէր:

Կրիստիան Վյերի (Իտալիա)
Տրանսֆերը. հուլիսի 1, 1999թ. «Լացիոյից»` «Ինտեր» 46.48 մլն եվրոյի դիմաց
Ռեկորդի տևողությունը. 1 տարի

Իտալական վերջին փորձը գնդակը սեփական դաշտում պահելու համար: «Լացիոյի» ու «Ինտերի» գործարքի օբյեկտը Վյերին էր: 

Լուիշ Ֆիգու (Պորտուգալիա)
Տրանսֆերը. հուլիսի 1, 2000թ. «Բարսելոնայից»` «Ռեալ» 60 մլն եվրո
Ռեկորդի տևողությունը. 1 տարի

Ֆիգուի սկանդալային տեղափոխությունը սկիզբ դրեց «Ռեալի» գերիշխանությանը տրանսֆերային շուկայում: 16 տարում մադրիդյան ակումբն ավելի քան 300 մլն եվրոյի դիմաց 4 ֆուտբոլիստ գնեց: Կատալոնական նոր «Հուդան»՝ Նեյմարը կարող է Ֆիգուի հետ մրցել տրանսֆերային սկանդալի հարցում:

Զինեդին Զիդան (Ֆրանսիա)
Տրանսֆերը. հուլիսի 1, 2001թ. «Յուվենտուսից»` «Ռեալ», 73.5 մլն եվրոյի դիմաց
Ռեկորդի տևողությունը. 8 տարի

21-րդ դարի ռեկորդակիրը տրանսֆերային տևողության ցուցակում: 16 տարի առաջ Պերեսը Զիդանին «Ռեալի» «մարդը» դարձրեց: Նրա ներդրումներն արդարացրին իրենց անգամ ֆրանսիացու կարիերայի ավարտից հետո: Պատմության ամենահանճարեղ ֆուտբոլիստներից մեկը շարունակում է մադրիդյան ակումբի համար տիտղոսներ նվաճել արդեն նոր՝ մարզչի կարգավիճակում:

Կրիշտիանու Ռոնալդու (Պորտուգալիա)
Տրանսֆերը. հուլիսի 1, 2009թ. «Մանչեսթեր Յունայթեդից»` «Ռեալ», 94 միլիոն եվրոյի
Ռեկորդի տևողությունը. 4 տարի

Զիդանը մարզում է ցուցակի հաջորդ 2 ռեկորդակիրներին: Առաջինը Ռոնալդուն է, ով 2009-ին Մադրիդ տեղափոխվեց ու սկիզբ դրեց նախագահի աթոռին վերադարձած Ֆլորենտինո Պերեսի նոր «Գալակտիկոսի» ձևավորմանը:

Գարեթ Բեյլ (Ուելս)
Տրանսֆերը. սեպտեմբերի 1, 2013թ. «Տոտենհեմից»` «Ռեալ», 101 մլն եվրո
Ռեկորդի տևողությունը. 3 տարի

Բեյլի տրանսֆերից հետո Ֆլորենտինո Պերեսը դեռ երկար ժամանակ Ռոնալդուին համոզում էր, թե ինքն է իրականում աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստը, իսկ ուելսցին իրականում ավելի էժան էր արժեցել: Ինչ-որ ժամանակ պորտուգալացուն հանգստացնել ստացվեց, բայց 100 միլիոնի շեմն անցած առաջին ֆուտբոլիստին այդքան հեշտ չես լռեցնի:

Պոլ Պոգբա (Ֆրանսիա)
Տրանսֆերը. օգոստոսի 9, 2016թ. «Յուվենտուսից»` «Մանչեսթեր Յունայթեդ» 105 մլն եվրո
Ռեկորդի տևողությունը. 1 տարի

Այս տրանսֆերն էլ կարող էր «Ռեալն» իրականացնել, սակայն Պերեսը չցանկացավ պայքարել, քանի որ Պոգբան իրականում գլխացավանք էր դառնալու մադրիդյան թիմի համար. նա Մոդրիչի, Կազեմիրոյի, Կրոսի պես մրցակիցներ կունենար: «Մանչեսթեր Յունայթեդը» կորցնելու ոչինչ չուներ: 1 տարի առաջ ո՞վ կարող էր մտածել, որ արդեն այս ամռանը 105 միլիոնը կգերազանցվի․․․

Նեյմար (Բրազիլիա)
Տրանսֆերը. օգոստոսի 3, 2017թ. «Բարսելոնայից»` «ՊՍԺ», 222 մլն եվրոյի դիմաց

Նեյմարին սիրտը թելադրեց հեռանալ «Բարսելոնայից» ու փողն այստեղ նշանակություն չուներ: Եթե լուրջ՝ բրազիլացու տրանսֆերն անվանում են ֆեյր-փլեյ, քանի որ բրազիլացին ինքն է վճարել կատալոնական թիմին: Ինչպես ամենուր՝ փողը լուծում է հարցերը: Մեծ փողերը բոլոր հարցերն են լուծում: Տեսնենք, թե Նեյմարին որքան կհաջողվի պարծենալ աշխարհի ամենաթանկ տրանսֆերի առիթով:

Աղբյուրը` soccer.ru

Հետևեք մեզ նաև Telegram-ում