Նիկշա Բավցևիչ․ Ցույց տվեցինք, որ այս թիմն ապագա ունի

Բասկետբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Նիկշա Բավցևիչն աշխարհի 2019 թվականի առաջնության նախընտրական փուլի՝ Բոսնիա և Հերցեգովինայի հետ վճռորոշ խաղում կրած պարտության վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել։

«Առաջին հերթին ուզում եմ շնորհակալություն հայտնել երկրպագուներին՝ ֆանտաստիկ աջակցության համար։ Շատ հաճելի է խաղալ նման մթնոլորտում։ Ափսոս, իմ տղաները պատրաստ չէին որսալ այդ հաճույքը։ Մենք տուգանայինից ներս լավ չպաշտպանվեցինք և շատ անհատական սխալներ թույլ տվեցիք։ Նաև բազմաթիվ հնարավորություններ բաց թողեցինք տուգանայինից դուրս։ Կարող ենք միայն շնորհավորել Բոսնիա և Հերցեգովինային։

Կարծում եմ՝ բոլորս տխուր ենք հիմա, քանի որ չկարողացանք կատարել վերջին քայլը։ Մյուս կողմից, կարողացանք վերափոխել բասկետբոլը Հայաստանում։ Ցույց տվեցինք, որ այս թիմն ապագա ունի։ Ցավոք, իմ տղաները միջազգային փորձ չունեին։ Նրանցից շատերն իրենց կարիերայի ամենամեծ խաղերն անցկացրին։ Նրանք չկարողացան լիովին արդարացնել մեր ակնկալիքները։ Մեր մի քանի խաղացողներ վնասվածքներ ունեին և ֆիզիկապես լավ վիճակում չէին։ Ի տարբերություն մեզ՝ բոսնիացիներն ունեին պահեստայինների մեծ նստարան։ Սակայն եկեք պատրվակներ չփնտրենք։ Մենք պարտվեցինք, քանի որ չկարողացանք օգտագործել շատ հնարավորություններ»,- Բավցևիչի խոսքը փոխանցում է ՀԱՕԿ լրատվականը։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը նախընտրական փուլի A խմբում զբաղեցրեց երրորդ տեղը և ելույթները կշարունակի աշխարհի առաջնության B դիվիզիոնում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում