Կարեն Բարսեղյան․ Չեմ հասկանում՝ ինչպե՞ս կարող է կենտրոնացվածության պակաս լինել

«Գանձասար-Կապանի» գլխավոր մարզիչ Կարեն Բարսեղյանը Բարձրագույն խմբի առաջնության երրորդ տուրում «Շիրակից» կրած պարտությունից (0:1) հետո պատասխանել է լրագրողների հարցերին։

– Ո՞րն է գլխավոր պատճառը, որ թիմը երեք անընդմեջ պարտություն է կրում։

– Երևի թե խնդիրը մեկը կամ երկուսը չէ, մի քանի խնդիր կա։ Թիմից հեռացել են առանցքային ու փորձառու ֆուտբոլիստներ, չենք կարողացել նրանց փոխարեն համարժեք ֆուտբոլիստների բերել։ Մարզչական փոփոխությունն էլ իր ազդեցությունն է թողել։ Ֆուտբոլիստները, երևի թե, դեռ չեն կարողանում ադապտացվել իմ պահանջներին։ Բայց ամենացավալին ինձ համար այն է, որ երրորդ խաղն անընդմեջ մենք գոլ ենք բաց թողնում և հետապնդողի դերում ենք լինում։ Հանձնվում ենք ու չենք կարողանում բեկել խաղը։ 

– Խաղային առումով ինչ-որ տեղ գերազանցում էիք «Շիրակին»։ Գրոհներ կան, բայց դրանք տրամաբանական ավարտին չեն հասնում։

– Նախորդ երկու խաղում հիմնականում մեր խաղը կառուցում էինք եզրերով, որովհետև այդ դիրքերում ունենք արագ, կրեատիվ ֆուտբոլիստներ։ Մի թիվ ասեմ, որը հնարավոր է զարմացնի ձեզ։ «Արարատի» հետ խաղում 33 անգամ փոխանցում ենք կատարել եզրից դեպի տուգանային հրապարակ, «Փյունիկի» հետ խաղում՝ 29-30 փոխանցում ու ընդամենը մեկական գոլ ենք խփել։ Սա ահազանգ է և մտածելու տեղիք է տալիս։ Ես ի՞նչ կարող եմ անել, եթե ինքներդ էլ տեսնում եք, որ խաղով չենք զիջում, առավելություն էլ ունեինք։ Ուղղակի ճիշտ հասկացեք՝ ինձ համար անբացատրելի է, թե ինչպես կարելի է նման իրավիճակում, նման գոլեր բաց թողնել։ Չեմ հասկանում, թե ինչպես կարող է կենտրոնացվածության պակաս լինել։ Չգիտեմ, պետք է վերլուծեմ, խաղը նայեմ։ Պետք է քայլ անենք, որ մրցակիցը հայտնվի խաղից դուրս իրավիճակում, բայց չենք կարողանում, մրցակիցն էլ առաջադիմում է և մոտակա անկյունն է գրավում։ Դժվար է ինձ համար պատասխանելը, թե ինչն է պատճառը։

– Գևորգ Նռանյանն այդքան էլ արդյունավետ չի գործում։

– Մեր ծրագրերի մեջ մինչև հիմա մտնում է հարձակվող և պաշտպան ձեռք բերելը։ Ցավոք սրտի, դեռ չենք կարողանում գտնել այն ֆուտբոլիստներին, որոնց ուզում ենք տեսնել մեր թիմում։ Ինչ վերաբերում է Գևորգ Նռանյանին՝ եթե ուշադրություն եք դարձրել, մենապայքարների մեծամասնությունում նա հաղթող է դուրս գալիս։ «Փյունիկի» հետ խաղում նա եզրից կատարված փոխանցումից հետո կարող էր գոլ խփել։ Մեր մյուս հարձակվողը՝ Գեղամ Հարությունյանը նույնպես։ Եզրից փոխանցումներից հետո նրանք շատ լավ են խաղում երկրորդ հարկում, դրա պատճառով էլ մենք եզրից շատ փոխանցումներ ենք կատարում։ Ուրիշ հարց է, որ մեզ մոտ այն դեռ չի ստացվում։ Եթե այս խաղին մենք գոլային քիչ հնարավորություններ ենք ունեցել, ապա նախորդ խաղերում բազմաթիվ պահեր ենք ունեցել։ Դեռ չի ստացվում։ 

– «Գանձասար-Կապանն» անցյալ տարի էլ անհաջող էր մեկնարկել․ 4 անընդմեջ պարտությունից հետո իրավիճակը շտկվեց։ Աշոտ Բարսեղյանի հետ այդ թեմայով զրուցե՞լ եք։

– Մենք իհարկե զրուցում են, շատ ենք խոսում այդ թեմանների շուրջ, բայց եկեք անցած տարին այս տարվա հետ չխառնենք։ Տարբեր տարիներ են, տարբեր մարզիչներ։ Այո, կարող եմ պատճառաբանել, որ նախորդ տարի էլ նման բան եղել է, բայց ինձ համար չէ դա։ Պետք է հասկանամ, թե ինչն է խնդիրը։ Ունենք խնդիրներ, որոնք պետք է լուծենք։ Գաղտնիք չէ, երեք խաղի ընթացքում երեք պահ է եղել մեր դարպասին, երեքը՝ գոլ։ Թիմեր կան 15 հարված են ունենում իրենց դարպասին, բայց կարողանում են ոչ-ոքի գրանցել, իսկ մեր մոտ երբ կես սխալ ենք թույլ տալիս միանգամից պատժվում ենք, դա էլ մեր ճակատագիրն է։

– Գրիգոր Մելիքսեթյանը վերադարձել է «Գանձասար-Կապան»։ Երկու հավասարազոր դարպասապահ ունեք, հնարավո՞ր է, որ փոխեփոխ խաղան, ինչպես «Ալաշկերտում» ժամանակին Բեգլարյանն ու Կասպարովն էին հանդես գալիս։

– Ես շատ ուրախ եմ, որ Մելիքսեթյանը վերադարձել է, քանի որ այդ դիրքում կլինի շատ լավ և ազնիվ մրցակցություն։ Ես կողմ եմ, որ դարպասապահների մեջ մրցակցություն լինի և հաղթի նա էլ խաղա։ Շատ ուրախ եմ, որ Գրիգորը վերադարձել է, երրորդ դարպասապահ Ֆիլիպ Իլիկը նույնպես բավականին որակյալ է։ Այդ դիրքում մենք մրցակցության խնդիր չունենք։ Ցավոք սրտի, մրցակցության խնդիր ունենք մյուս օղակներում, ու այդ դիրքերի մրցակցության պակասն այսօր երևում էր խաղադաշտում։ Շատ եմ ցավում, բայց իրավիճակն այսպիսինն է։

 

Աղբյուր՝ «Գանձասար-Կապանի» մամուլի ծառայություն

Հետևեք մեզ նաև Telegram-ում