Մբապեի տրանսֆերի տարբերակներն ու հետևանքները

«Մոնակոյի» հարձակվող Կիլիան Մբապեն շատ մոտ է «Պարի Սեն Ժերմեն» տեղափոխվելուն:

Երկու ակումբների միջև բանակցություններն ակտիվորեն շարունակվում են, իսկ փարիզցիները տարատեսակ տարբերակներ են առաջարկում: ՊՍԺ-ն վախենում է խախտել ֆինանսական «արդար խաղի» կանոնները, քանի որ արդեն 222 միլիոն եվրոյով ձեռք է բերել Նեյմարին, իսկ Մբապեի համար մոտ 180 միլիոն վճարելու դեպքում կարող է լուրջ պատժամիջոցների ենթարկվել:

«Sky Sports»-ին հայտնի է դարձել, որ այդ պատճառով մայրաքաղաքային ակումբը առաջակել է մեկ տարով վարձակալել Մբապեին` տրանսֆերը գնելու պարտավորությամբ: Գործարքում կարող է ներառվել նաև եզրային հարձակվող Լուկաս Մոուրան, որպեսզի «Մոնակոն» իր 18-ամյա վունդերկինդին փոխարինող գտնելու համար խնդիրներ չունենա: Վերջինս նոր թիմում ստանալու է 18 միլիոն եվրո (առանց հարկերի վճարման):

Մեկ այլ տարբերակ՝ վճարվի 140 միլիոն եվրո, ինչպես նաև «կարմրասպիտակներին» զիջեն նույն Մոուրայի ամբողջական տրանսֆերը: Այդ մասին գրում է «Sky Sport Italia»-ն:

Մբապեի տրանսֆերի շուրջ բանակցությունները ձգձվել են, քանի որ փարիզցիները ցանկանում են ձեռք բերել նաև «Մոնակոյի» հենակետային կիսապաշտպան Ֆաբինյոյին, ով հաջողությամբ գործում է նաև աջ պաշտպանի դիրքում: Ֆրանսիացու ու բրազիլացու տեղափոխության համար ՊՍԺ-ն պատրաստ է ընդհանուր 220 միլիոն եվրո ծախսել:

Կիլիան Մբապեի տրանսֆերը կտարածվի նաև այլ ակումբների վրա: «Մոնակոն» ստիպված է լինելու փոխարինող գտնել ֆրանսիացուն, այդ պատճառով արդեն ծրագիր է մշակել: Լիգա 1-ի չեմպիոնը մտադիր է ակտիվացնել «Տորինոյի» հարձակվող Անդրեա Բելոտիի հրաժարագինը, որն արտասահմանյան ակումբների համար կազմում է 100 միլիոն եվրո,- գրում է նույն «Sky Sport Italia»-ն:

Իտալացու ծառայություններով հետաքրքրված են նաև «Չելսին» ու «Միլանը», սակայն այդ ակումբներն Անդրային ցանկանում են հրավիրել մեկ տարի հետո:

RMC-ը գրում է, որ «Մոնակոն» տրանսֆերային հարցում է կատարել նաև Ալեքսիս Սանչեսի («Արսենալ»), Անտոնի Մարսիալի («Մանչեսթեր Յունայթեդ») և Դիեգո Կոստայի («Չելսի») տեղափոխության շուրջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում