Մբապեի տրանսֆերն առանց խախտման կլինի. ՊՍԺ-ն ու «Մոնակոն» գտել են միջոցը

«Մոնակոյի» հարձակվող Կիլիան Մբապեն կարիերան կշարունակի «Պարի Սեն ժերմենում»:

«L’Equipe»-ն գրում է, որ ֆինանսական «արդար խաղի» կանոնները չխախտելու համար փարիզցիները վարձակալելու են 18-ամյա ֆուտբոլիստին, իսկ մեկ տարի հետո պարտավորվելու են գնել ամբողջական տրանսֆերը: Գործարքը կկազմի 180 միլիոն եվրո, որի մեջ հաշվարկված են նաև հնարավոր պարգևավճարները:

Նեյմարի տրանսֆերը 222 միլիոն եվրոյով գնելուց հետո ՊՍԺ-ն որոշել է ռիսկի չդիմել ու տրանսֆերը չձևակերպել այս ամռանը:

Ֆրանսիացին արդեն համաձայնեցրել է անձնական պայմանագրի կետերը: Սպասվում է, որ այսօր նա բուժզննում կանցնի մայրաքաղաքային ակումբի համար:

Ավելի վաղ «Մոնակոն» ու ՊՍԺ-ն դիտարկում էին գործարքում փարիզցիների խաղացողներից մեկին ներառելը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում