Տրանսֆերային պատուհանի վերջին օրը

Արդեն նոր տեղափոխություններ չեն սպասվում, ուստի Sport.Times.am-ն ավարտում է տրանսֆերային դեդլայնի լուսաբանումը: Շնորհակալություն, որ մեզ հետ էիք:

Հիշեցնենք, որ դեռ մեկ օր բաց է լինելու Իսպանիայի տրանսֆերային պատուհանը: 

Տրանսֆերային վերջին օրվա գլխավոր իրադարձությունները.

1. «Պարի Սեն Ժերմենը» վարձակալեց Կիլիան Մբապեին: Մեկ տարուց փարիզցիները կգնեն ամբողջական տրանսֆերը: «Մոնակոն» կստանա 180 միլիոն եվրո:

2. Երկու սուպերտրանսֆեր խափանվեց «Արսենալի» մասնակցությամբ: «Զինագործները» համաձայնել էին Ալեքսիս Սանչեսին 65 միլիոն եվրոյով վաճառել «Մանչեսթեր Սիթիին»: Նրա փոխարեն պիտի գնեին «Մոնակոյի» վինգեր Տոմա Լեմարին, ում համար 100 միլիոն եվրո էին առաջրկում: Անսպասելիորեն «Արսենալն» արգելափակել երկու գործարքները, քանի որ վստահ չի եղել, որ կհասցնի պատրաստել փաստաթղթերը: 

3. «Բարսելոնան» չկարողացավ ձեռք բերել Ֆիլիպե Կոուիտինյոյին: Ճիշտ է՝ կատալոնացիները դրա համար ևս մեկ օր ունեն, սակայն «Լիվերպուլն» այլևս չի կարողանա փոխարինող գտնել բրազիլացուն, ինչը զգալիորեն նվազեցրեց տրանսֆերի շանսերը:

«Բլաուգրանան» մեկ այլ անհաջողության մատնվեց Անդրե Գոմեշին` «Տոտենհեմ» ուղարկելու գործում: Կողմերը մոտ էին գործարքին, բայց հետո ամեն ինչ խափանվեց: Կատալոնացիներին հաջողվեց միայն «Բենֆիկային» վարձավճարով զիջել աջ պաշտպան Դուգլասին:

4. «Լիվերպուլը» 38 միլիոն եվրոյով ձեռք բերեց «Արսենալի» կիսապաշտպան Ալեքս Օքսլեյդ Չեմբերլենին: Միաժամանակ, վարձավճարով «Վոլֆսբուրգ» է ուղարկվել հարձակվող Դիվոկ Օրիգին, իսկ 28 միլիոնով «Քրիսթալ Փելասին» վաճառվել Մամադու Սախոյի տրանսֆերը: 

5. «Տոտենհեմն» ամրապնդվեց երկու խաղացողներով: Լոնդոնցիները 25 միլիոն եվրոյով ձեռք բերեցին աջ պաշտպան Սերժ Օրյեին ու 13 միլիոնով` հարձակվող Ֆերնանդո Լյորենտեին:

6. «Չելսին» մտադիր էր երեք տրանսֆեր կատարել, սակայն միայն երկուսը ստացվեց: 25 միլիոն եվրոյով «Տորինոյից» հրավիրվեց լատերալ Դավիդե Ձակապոստան, իսկ «Լեսթերից» ձեռք բերվեց Դենի Դրինկուոթերը: Ռոս Բարկլին «Չելսիին» միանալուց հրաժարվել է բուժզննման ընթացքում, իսկ Օքսլեյդ Չեմբերլենն ընտրել է «Լիվերպուլը»: Լյորենտեն նույնպես տեսադաշտում էր, բայց… 

7. Իր չափանիշներով երկու խոշոր գործարք է կատարել «Բայերը»: Լևերկուզենցիները 22 միլիոն եվրոյով (ռեկորդ) «Օլիմպիակոսից» գնել են 19-ամյա պաշտպան Պատայոտիս Ռեցոսին ու 20 միլիոնով «Լեյպցիգին» վաճառել կիսապաշտպան Կևին Կամպլին:

8. «Բավարիայի» կիսապաշտպան Ռենատո Սանշեշը վարձակալությամբ կխաղա «Սուոնսիում»: Նրա թիմակիցը կդառնա Վիլֆրիդ Բոնին, ով Ուելս է վերադարձել «Մանչեսթեր Սիթիից»:

9. Տրանսֆերային լուրջ դեդլայն անցկացրեց «Տորինոն», որը Ձակապոստային վաճառելուց բացի, «Ուդինեզե» ուղարկեց Մաքսի Լոպեսին, ինչպես նաև ձեռք բերեց «Միլանի» հարձակվող Մբայե Նիյանգին, անվանի պաշտպաններ Կրիստիան Անսալդիին ու Նիկոլաս Բուրդիսոյին:

10. Լուիշ Նանին իր հանրահայտ խաբքերի հավաքածուն «Վալենսիայից» տարավ Հռոմ, որտեղ պայմանագիր կնքեց «Լացիոյի» հետ: Սկզբի համար` վարձավճար:

_____________________________________________________________________________

09:10. «Լիվերպուլն» ու «Քրիսթալ Փելասը» նույնպես հասցրել են գրանցել պաշտպան Մամադու Սախոյի տրանսֆերը: Ֆրանսիացին 28 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել է լոնդոնյան ակումբ:

08:00. «Չելսին», այնուամենայնիվ, հասցրել է գրանցել «Լեսթերի» կիսապաշտպան Դենի Դրինկուոթերի տրանսֆերը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ այն կազմելու է 39 միլիոն եվրո:

04:00. BBC Sport-ը հայտնում է` Վինսենտ Յանսենը հրաժարվել է տեղափոխվել «Բրայթոն» և կմնա «Տոտենհեմում»:

03:15. «Բրայթոնը» թույլտվություն է խնդրել լրացուցիչ ժամանակ ստանալ «Տոտենհեմի» հարձակվող Վինսենտ Յանսենին ձեռք բերելու համար, քանի որ ֆուտբոլիստը վերջին ժամերին մասնակցում էր Ֆրանսիա – Հոլանդիա խաղին:

02:46. Անդրե Գոմեշի` «Բարսելոնայից» «Տոտենհեմ» տեղափոխությունը խափանվել է:

02:40. «Բենֆիկայի» հարձակվող Կոստաս Միտրօղլուն ելույթները կշարունակի Մարսելի «Օլիմպիկում»: Ոչ պաշտոնական տվյալներով` տրանսֆերը կազմել է 15 միլիոն եվրո:

02:37. «Բրայթոնը» վարձակալել է «Նյուքասլի» դարպասապահ Տիմ Կրուլին: Հենց այն դարպասապահին, ում Վան Գալը ԱԱ-2014-ի ժամանակ 11-մետրանոց հարվածաշարից մեկ րոպե առաջ խաղադաշտ դուրս բերեց: 

02:30. «Մարսելի» կիսապաշտպան Ռեմի Կաբելան առաջիկա մեկ տարին կանցկացնի «Սենտ Էտիենում»: 

02:25. «Սուոնսիում» Լյորենտեին փոխարինելու «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Վիլֆրիդ Բոնին: «Կարապները» հաստատեցին լուրը: Տրանսֆերը` 13 միլիոն եվրո: Իվուարցին հենց ուելսյան թիմից էր տեղափոխվել Մանչեսթեր: 

02:16. Պաշտոնական. «Սուոնսիի» հարձակվող Ֆերնանդո Լյորենտեն դարձել է «Տոտենհեմի» ֆուտբոլիստ: «Կարապները» հրաժարվել են հայտնել տրանսֆերի գինը: 

02:12. Պաշտոնական. ոզրային պաշտպան Դավիդե Ձակապոստան տեղափոխվեց «Չելսի»: Տրանսֆերը գնահատվում է 25 միլիոն եվրո: 

02:05. Անսպասելի տրանսֆեր «Լեսթերի» կատարմամբ: «Աղվեսներն» իրենց խորամանկության շնորհիվ կարողացել են «Բայերից» վարձակալել կենտրոնական պաշտպան Ալեքսանդր Դրագովիչին, ով բավականին բարձր պահանջ ունի Եվրոպայում: Նման խաղացողի դժվար է վարձակալել: 

02:00: Վերջ: Անգլիայում, Ֆրանսիայում ու Իտալիայում նույնպես տրանսֆերային պատուհանները փակվեցին: Բայց նորությունները դեռ կարող են հայտնվել, քանի որ կարևորն այն է, որ ակումբները հասցրած լինեն գրանցել գործարքները, իսկ հայտարարել կարող են՝ երբ ցանկանան: Իսպանիայում տրանսֆերային պատուհանը բաց է ևս 24 ժամ: 

01:55. «Բետիսը» վարձակալել է «Արսենալի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Խոել Քեմբելին: Կոստառիկացին 2012-13 մրցաշրջանում արդեն խաղացել է սևիլյացիների կազմում:

01:50. «Նապոլին» 10 միլիոն եվրոյով գնել է «Կիևոյի» հարձակվող Ռոբերտո Ինգլեսեին ու անմիջապես նրան վարձավճարով տվել վերոնացիներին:

01:47. «Յուվենտուսի» ծագող աստղ համարվող 17-ամյա հարձակվող Մոյզե Կինն ընթացիկ մրցարջանը վարձակալությամբ կանցկացնի «Վերոնայում»:

01:45. Երկու նորություն «Ինտերից»: Հարձակվող Գաբրիել Բարբոսան վարձակալությամբ տեղափոխվեց «Բենֆիկա»: Գործարքում առկա է հետագայում 25 միլիոնով տրանսֆերը գնելու հնարավորություն:

«Ներաձուրիները» երկու տարով վարձակալել են ֆրանսիական «Կանի» հարձակվող Յան Կարամոյին: Միլանցիները պարտավորվել են 2019 թվականին գնել 19-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը: «Ինտերի» կազմում նա խաղալու է 17 համարի մարզաշապիկով:

01:40. «Լեսթերի» կիսապաշտպան Դենի Դրինկուոթերը ժամանել է «Չելսիի» մարզաբազա: Սպասվում է, որ շուտով կհայտարարվի տրանսֆերի մասին, որը կազմելու է 40 միլիոն եվրո: 

01:00. «Էվերթոնի» կիսապաշտպան Ռոս Բարկլին բուժզննում  է անցել «Չելսիի» համար, սակայն հանկարծ մտափոխվել է ու հրաժարվել տրանսֆերից: Լիվերպուլյան ու լոնդոնյան ակումբները 34 միլիոն եվրոյով համաձայնեցրել էին տեղափոխությունը:

00:16. Կրիստիան Անսալդին «Ինտերից» տեղափոխվել է «Տորինո»: Արգենտինացին դառնալու է Ձակապոստային փոխարինողը:

00:10. Դավիդե Ձակապոստան արդեն բուժզննում է անցնում «Չելսիի» համար:

00:01. Կարևոր տեղեկություն: Գերմանիայում տրանսֆերային պատուհանն արդեն փակվել է: Անգլիայում, Իտալիայում ու Ֆրանսիայում կփակվի 02:00-ին: Իսպանիայում` մեկ օր հետո` գիշերվա 02:00-ին, այսինքն 26 ժամից: Այնպես որ՝ «Բարսելոնան» դեռ մեկ օր ունի Կոուտինյոյի տրանսֆերի համար: Տրանսֆերներ կկարողան գնել միայն իսպանական թիմերը: 

23:58. «Sky Sports»-ը հայտնում է, որ Վիրջիլ վան Դեյկը մնալու է «Սաութհեմփթոնում» և չի տեղափոխվելու «Լիվերպուլ» կամ որևէ այլ ակումբ:  Երեք ամիս շարունակ թափված ջանքերն ապարդյուն էին:

23:40. «Սամպդորիան» 22 միլիոն եվրո է վճարել «Նապոլիի» ֆուտբոլիստներ Դուվան Սապատայի ու Իվան Ստրինչիչի համար:

22:35. «Բարսելոնան» մեկ տարով «Բենֆիկա» է ուղարկել աջ պաշտպան Դուգլասին:

22:22. Բոյան Կրիկիչը վերադարձավ Իսպանիա: Հարձակվողը խաղալու է «Ալավեսում»:

22:11. BBC Sport-ը հայտնում է, որ «Լիվերպուլը» համաձայնել է 28,3 միլիոն եվրոյով «Քրիսթալ Փելասին» վաճառել կենտրոնական պաշտպան Մամադու Սախոյի տրանսֆերը: Ֆրանսիացին արդեն բուժզննում է անցնում Լոնդոնում: 

22:08. «Արսենալի» հարձակվող Լուկաս Պերեսը վերդարձավ «Դեպորտիվո»: Վարձակալություն:

21:55. Ուշագրավ փաստ, որը ֆրանսիացի լրագրողներին է հաջողվել ճշտել: ՊՍԺ-ն կարող է միայն մեկ դեպքում ազատվել Մբապեի ամբողջական տրանսֆերը գնելու պարտավորությունից: Դա կլինի, եթե փարիզցիները… դուրս մնան Լիգա 1-ից:

21:33. Պաշտոնական. Մպաբեն տեղափոխվեց «Պարի Սեն Ժերմեն»:  Մանրամասները:

21:25. Յոան Մոլոն, ով երեկ խզել էր «Զենիթի» հետ պայմանագիրը, միացել է «Ֆուլհեմին»:

21:15. Ջակապոստան մեկնել է Լոնդոն, որպեսզի պայմանագիր կնքի «Չելսիի» հետ: Տրանսֆերը կկազմի 25 միլիոն եվրո:

20:47. Վերջապես նորություն Մադրիդի «Ռեալից»: «Սերուցքայինները» հենակետային կիսապաշտպան Մարկոս Լյորենտեի տեղափոխության շուրջ 20 ակումբներից առաջարկներ են ստացել: 

20:45. «Sky Sports»-ը հայտնում է, որ Լեմարը ցանկանում է միանալ «Լիվերպուլին», որպեսզի հանդես գա Չեմպիոնների լիգայում: Այդ տրանսֆերը անչափ ձեռնտու կլիներ «Բարսելոնային»:

20:40. Մաքսի Լոպեսը շարունակում է փոխել թիմերը: Այս անգամ արգենտինացին «Տորինոյից» միացել է «Ուդինեզեին»:

20:36. Պաշտոնական. «Միլանի» հարձակվող Մբայե Նիանգը տեղափոխվել է «Տորինո»: Վարձակալություն` ամբողջական տրանսֆերը գնելու պարտավորությամբ: 20 միլիոն եվրո:

20:30. «Բենֆիկան» վարձակալելու է «Ինտերի» հարձակվող Գաբրիել Բարբոսային: Լիսաբոնցիներն իրավունքն կունենան 25 միլիոն եվրոյով գնելու ամբողջական տրանսֆերը: Հետագա վերավաճառքի ժամանակ գումարի 25 տոկոսը կուղարկվի միլանցիներին:

20:19. Նոր մանրամասներ Անդրե Գոմեշի` «Տոտենհեմ» սպասվող տեղափոխությունից: Լոնդոնցիները մեկ տարով վարձակալելու են «Բարսելոնայի» ֆուտբոլիստին, ինչպես նաև պարտավորվելու են հաջորդ ամռանը 45 միլիոն եվրոյով գնել ամբողջական տրանսֆերը,- գրում է «Daily Mail»-ը:

20:15. Պորտուգալիայի հավաքականի ու «Վոլֆսբուրգի» կիսապաշտպան Վիերինյան տեղափոխվել է հունական ՊԱՕԿ:

20:09. «The Guardian»-ը գրում է, որ «Արսենալը» հետ է վերցրել Լեմարի համար ուղարկված 100-միլիոնանոց առաջարկը և որոշել է թիմում պահել Սանչեսին: Պատճառը` չեն հասցնի ձևակերպել փաստաթղթերը: 

19:53. Առաջիկայում սպասվող տրանսֆերներ:

19:43. Չիլիական մամուլը հայտնում է, որ Ալեքսիս Սանչեսն ազգային հավաքականի մարզման ժամանակ իր թիմակիցներին ասել է, որ տեղափոխվում է «Մանչեսթեր Սիթի»:

19:38. Դորտնումդի «Բորուսսիան» վարձակալել է «Մանչեսթեր Սիթիի» 17-ամյա կիսապաշտպան Ջեյդոն Սանչոյին և նրան Դեմբելեին նախկինում պատկանող «7» համարը տվել:

19:32. Լավ նորություն «Բարսելոնայի» երկրպագուներից շատերի համար․ Անդրե Գոմեշը մոտ է «Տոտենհեմ» տեղափոխվելուն:

19:19. «Sky Sports»-ի աղբյուրները հաստատում են․ «Արսենալն» իսկապես 100 միլիոն եվրո է առաջարկել «Մոնակոյին»` Տոմա Լեմարի տրանսֆերի համար: 

18:58. Պաշտոնական. Նանին դարձավ «Լացիոյի» ֆուտբոլիստ: Մեկ տարվա վարձակալություն: Պորտուգալացու տրանսֆերային իրավունքները պատկանում են «Վալենսիային»:

18:50. «Արսենալն» ընդունել է Ալեքսիս Սանչեսի տրանսֆերի շուրջ «Մանչեսթեր Սիթիի» 65 միլիոն եվրոյի առաջարկը: Գործարքը տեղի կունենա, եթե լոնդոնցիները համաձայնեցնեն չիլիացու փոխարինողի հարցը: Հիմնական թեկնածուն Տոմա Լեմարն է:

18:36. Մի քանի տարի առաջ լուրջ ակնկալիքներ կային կենտրոնական կիսապաշտպան Ջելեյն Իմբուլայից, սակայն նրա կարիերան անհաջող է ընթանում: Միգուցե, նրան օգնի «Սթոք Սիթիից» «Թուլուզ» վարձավճարով տեղափոխությունը:

18:33. «Ռոստովի» արդեն 5-րդ ֆուտբոլիստն այս ամռան ընթացքում տեղափոխվեց «Զենիթ»: Երոխինին, Նոբոային, Պոլոզին ու Տերենտևին հաջորդեց կենտրոնական պաշտպան Միխա Մեվլյան: Սլովենացու համար 4 միլիոն եվրո է վճարվելու: 

18:28. «Մոնակոն» շարունակում է հարձակվող Լասինա Տրաորեին վարձակալությունների համաշխարհային ուղևորության ուղարկել: Հերթական կայանատեղը ֆրանսիական «Ամյեն» ակումբն է:

18:10. Պաշտոնական. «Լիվերպուլի» հարձակվող Դիվոկ Օրիգին ընթացիկ մրցաշրջանը վարձավճարով կանցկացնի «Վոլֆսբուրգի» կազմում:

17:47. «Արսենալն» իր պատմության ամենախոշոր տրանսֆերի շեմին է: Լոնդոնցիները, ամենայն հավանականությամբ, «Մանչեսթեր Սիթիին» են վաճառելու Ալեքսիս Սանչեսին: Չիլիացուն փոխարինելու համար «զինագործները» 100 միլիոն եվրո են առաջարկել Տոմա Լեմարի («Մոնակո») համար,- վստահեցնում է «Daily Mail»-ը: «Արսենալն» այս ամռանը ռեկորդ էր սահմանել` 53 միլիոն եվրոյով (+ հնարավոր բոնուսներ) ձեռք բերելով Ալեքսանդր Լակազետին: 

17:41. «The Guardian»-ը հիշեցնում է, որ այս ամռանը «Չելսին» 8 ֆուտբոլիստ է վաճառել ու 5 նորեկ ունեցել: Լոնդոնցիներն «ընդամենը» 19,5 միլիոն եվրոյի ծախս են կատարել, ուստի իրենց տրանսֆերային բյուջեում դեռ լուրջ գումար ունեն:

17:37. Մահրեզի տրանսֆերի համար ֆավորիտ դարձավ «Չելսին»։ Լոնդոնցիները կարող են առաջիկա ժամերի ընթացքում հայտարարել տրանսֆերի մասին: Այդ տեղեկությունն ամրապնդվում է «Բարսելոնայի»` ալժիրցուն ձեռք բերելու մասին լուրը հերքելու պատճառով: 

17:28. «Զենիթի» կենտրոնական պաշտպան Լուիշ Նետուն վարձակալությամբ կխաղա «Ֆեներբախչեում»: 

17:22. Պարտվելով Օքսլեյդ Չեմբերլենի համար պայքարը` «Չելսին» ուշադրությունը բևեռել է «Տորինոյի» լատերալ Դավիդե Ջակապոստայի կողմը: Լոնդոնցիները համաձայն են իտալացու համար 25 միլիոն եվրո վճարել,- հայտնում է «Football Italia»-ն:

17:08. Պաշտոնական.  «Բավարիայի» կիսապաշտպան Ռենատու Սանշեշն առաջիկա մեկ տարին վարձակալությամբ կանցկացնի «Սուոնսիում»: Գործարքը` 5 միլիոն եվրո: Պորտուգալացին կխաղա Պոլ Կլեմենտի գլխավորությամբ, ում ծանոթ է «Բավարիայում» անցկացրած առաջին կես տարուց: Այդ մարզիչը Անչելոտիի օգնականն էր:

16:50. Սեսար Նավասը վերադարձավ «Ռուբին»: Կուրբան Բերդիևն առանց իր սիրելի պաշտպանի չի կարող:

16:37. «Բարսելոնայի» հարավկորեացի կիսապաշտպան Լի Սին Վու, ում մեծ ապագա էին խոստանում, մեկ տարվա տրանսֆերային արգելքից հետո չկարողացավ գտնել իր նախկին խաղը: Այսօր նա հեռացավ Կատալոնիայից և համալրեց Ա Սերիայի նորեկ «Վերոնիայի» շարքերը:

16:28. «Մանչեսթեր Սիթին» 70 միլիոն եվրո է առաջարկել Ալեքսիս Սանչեսի համար: «Արսենալը» մի քանի ժամ է խնդրել, որպեսզի կարողանա չիլիացու փոխարեն ձեռք բերել «Մոնակոյի վինգեր Տոմա Լեմարին,- հայտնում է «Sky Sports»-ի լրագրող Գիլյեմ Բալագեն:

16:15. Sport.es-ի լրագրող Սարա Մենաին հայտնում է, որ Ռիյադ Մարեզը Բարսելոնայի օդանավակայանում է: Կատալոնական ակումբ տեղափոխվելու նրա շանսերը կտրուկ մեծացան: 

15:55. Անգլիական մամուլը գրում է, որ տեղական ժամանակով 19:00-ին` Երևանի ժամանակով 22:00-ին, կհայտարարվի Կոուտինյոյի` «Բարսելոնա» տեղափոխության մասին:

15:50. «Չելսին» առաջարկ է ուղարկել «Բավարիային» եզրային պաշտպան Ռաֆինյայի տրանսֆերի շուրջ: Մյունխենցիները մերժել են:

15:40. «Լեսթերը» մերժել է Դեմորայ Գրեյին 27 միլիոն եվրոյով վաճառելու «Բորնմութի» առաջարկը: 

15:37. Պաշտոնական. Սերժ Օրյեն «Պարի Սեն Ժերմենից» տեղափոխվեց «Տոտենհեմ»:

15:26. «Սուոնսին» նույնպես զգալիորեն համալրվելու է: «Կարապները» մոտ են Ռենատու Սանշեշին («Բավարիա») և Վիլֆրիդ Բոնիին («Մանչեսթեր Սիթի») ձեռք բերելուն,- հայտնում է BBC-ին:

15:15. Պաշտոնական. Ալեքս Օքսլեյդ Չեմբերլենը` «Լիվերպուլի» ֆուտբոլիստ: Մանրամասները:

14:58. Կևին Կապմլը հերթական գերմանական թիմը փոխեց: «Բայերի» ֆուտբոլիստը 20 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել է «ՌԲ Լեյպցիգ»:

14:30. Լևերկուզենի «Բայերն» իր համար ռեկորդային` 22 միլիոն եվրոյով ձեռք է բերել «Օլիմպիակոսի» պաշտպան Պանայոտիս Ռեցոսին:

14:07. «Տոտենհեմը» հաղթող է դարձել «Սուոնսիի» հարձակվող Ֆերնանդո Լյորենտեի համար պայքարում: Իսպանացուն վաղուց ցանկանում էր գնել «Չելսին», սակայն ձախողվել է: «Տոտենհեմն» ու «Սուոնսին» արդեն համաձայնության են հասել: Լոնդոնցիներին մնում է պայմանավորվել 32-ամյա խաղացողի հետ:

13:56. Մեկ նորություն «հայկական» «Վարդարից»: Մակեդոնիայի չեմպիոնը պայմանագիր է կնքել լիտվական «Տրակայի» հարձակվող Մաքսիմ Մաքսիմովի հետ: Ռուս հարձակվողն այս ամռանն անուն հանեց Եվրոպա լիգայի որակավորման փուլի լավագույն ռմբարկու դառնալու շնորհիվ: Նա 5 խաղում 7 գոլ է հեղինակել:

13:27. Կոուտինյոյի տրանսֆերից առաջ «Բարսելոնան» ստուգում է այլընտրանքային տարբերակների հավանականությունները: Պարգևավճարների հետ միասին 160 միլիոն եվրո է առաջարկվել «Յուվենտուսին»` Պաուլո Դիբալայի համար: Թուրինցիները մերժել են: Նշանակում է՝ «բլաուգրանան» ավելի մեծ ուժեր կկենտրոնացնի Կոուիտինոյի վրա:

13:19. Ռիյադ Մարեզը հեռացել է Ալժիրի հավաքականի ճամբարից, որպեսզի պայմանագիր կնքի նոր ակումբի հետ: Հավանական թեկնածուներն են «Բարսելոնան», «Չելսին», «Մոնակոն»:

13:10. Մոսկվայի «Սպարտակը» վերջապես սկսեց ծախսել: Բրազիլական «Գրեմիոյից» 12 միլիոն եվրոյով ձեռք է բերվել եզրային հարձակվող Պեդրո Ռոշան:

13:02. Պորտուգալիայի հավաքականի ու «Վալենսիայի» կիսապաշտպան Նանին ժամանել է Հռոմ, որպեսզի պայմանագիր կնքի «Լացիոյի» հետ:

13:00. Ալեքս Օքսլեյդ Չեմբերլենին արդեն նկատել են «Լիվերպուլի» մարզաշապիկով: Պաշտոնական տեղափոխությանը քիչ մնաց:

_______________________________________________________________________________

Օրվա ամենասպասված տրանսֆերները

1. «Պարի Սեն Ժերմենը» պետք է այսօր վերջապես հայտարարի «Մոնակոյի» հարձակվող Կիլիան Մբապեի տեղափոխության մասին:

2. «Բարսելոնան» վերջին փորձը կկատարի «Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյին ձեռք բերելու համար: Այլընտրանքնային տարբերակներ են Տոմա Լեմարը («Մոնակո»), Անխել Դի Մարիան (ՊՍԺ) և Ռիյադ Մարեզը («Լեսթեր»):

3. Տևական ընդմիջումից հետո «Մանչեսթեր Սիթին» նոր հարձակում է սկսել «Արսենալի» առաջատար Ալքեսիս Սանչեսին հրավիրելու համար: «Քաղաքայինները» պատրաստ են մինչև 60-70 միլիոն եվրո վճարել:

4. Արդեն գրեթե կայացած է «Արսենալի» մեկ այլ ֆուտբոլիստի` Ալեքս Օքսլեյդ Չեմբերլենի` «Լիվերպուլ» տեղափոխությունը: Այսօր սպասում ենք պաշտոնական հայտարարությանը:

5. Սպասում է, որ «Չելսին» նույնպես մի քանի աղմկալի գործարքներ կկատարի: Թեկնածուների թվում են Դենի Դրինկուոթերը («Լեսթեր»), նույն Ռիյադ Մարեզը («Լեսթեր») և Ռոս Բարկլին («Էվերթոն»):

6. Այսօր վերջանակապես կլուծվի Դիեգո Կոստայի ճակատագիրը: Սկանդալային հարձակվողի համար կատարյալ սցենարը կայանում է նրանում, որ «Ատլետիկոն» գնի նրա տրանսֆերը և 4 ամսով վարձակալության ուղարկի այլ ակումբ:

_______________________________________________________________________________

Այսօր` օգոստոսի 31-ին տրանսֆերային պատուհանի վերջին օրն է: Sport.times.am-ը մինչև ուշ գիշեր հետևելու է տրանսֆերային զարգացումներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում