Իսպանիայում անհանգիստ էր․ կայացած ու տապալված տրանսֆերները

Եվրոպական թոփ-5 լիգաներից Իսպանիայում տրանսֆերային պատուհանն ամենաուշը փակվեց` սեպտեմբերի 1-ին: Պիրենեյան թերակզղում վերջին օրը կայացան ու խափանվեցին մի շարք տեղափոխություններ, որոնցից ամենահետաքրքիրները ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

«Բարսելոնա»

Կատալոնական ակումբը վերջին փորձը կատարեց «Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյին ձեռք բերելու համար, սակայն կրկին ապարդյուն: Մերսիսայդցիները նույնիսկ 160 միլիոնի (բոնուսներով) դիմաց հրաժարվեցին բաժանվել իրենց առաջատարից: Ավելին, անգլիացիները 200 միլիոն եվրո են պահանջել, ինչը «Բարսելոնան» աբսուրդ է համարել:

«Sky Sports»-ի վերլուծաբանները նշում են, որ «բլաուգրանայի» շանսերը կրճատվել էին օգոստոսի 31-ից հետո, երբ տրանսֆերի հնարավորությունը 50 տոկոս էր կազմում: Երկուշաբթի տրանսֆերի հավանականությունը մոտ էր 20 տոկոսին: Պատճառն այն է, որ «Լիվերպուլն» այլևս չէր կարողանա Կոուտինյոյին փոխարինող գտնել, քանի որ Անգլիայում տրանսֆերային պատուհանը փակվել էր:

Ավելի ուշ «կապտանռնագույները» փորձեր են ձեռնարկել ձեռք բերելու «Պարի Սեն Ժերմենի» կիսապաշտպան Անխել Դի Մարիային, սակայն 40 միլիոն եվրոյից ավելի պատրաստ չեն եղել վճարել (միայն բոնուսների տեսքով), ինչը ձեռնտու չի եղել փարիզցիներին: Վերջին հույսի առաջարկ է կատարվել «Նապոլիին»․ իտալացիները հրաժարվել են 100 միլիոն եվրոյով վաճառել վինգեր Լորենցո Ինսինյեին: «Աձուրիի» նախագահ Աուրելիո Դի Լաուրենտիսը հայտարարել էր, որ Ինսինյեն կվաճառվի միայն իր «դիակի վրայով»: Դրանից հետո «Բարսելոնան» որոշել է տրանսֆեր չկատարել:

Փոխարենը, կատալոնական ակումբից եղել է հեռացող: Հարձակվող Մունիր Էլ Հադադին մեկ տարվա վարձակալությամբ տեղափոխվել է «Ալավես»: Եգիպտական արմատներով իսպանացին նախորդ մրցաշրջանն անցկացրել է «Վալենսիայում», սակայն տպավորիչ արդյունքների չի հասել:

«Ռեալ»

Մադրիդի «Ռեալը» վերջին օրերին հեռու էր տրանսֆերային քաոսից: «Սերուցքայինները» վստահ են, որ թիմն ամբողջովին կազմավորված է և նոր խաղացողների կարիք չկա՝ չնայած երկրպագուներն նոր հարձակվող էին սպասում:

«Ատլետիկո»

Վերջին օրերի գլխավոր ինտրիգներից մեկը Դիեգո Կոստայի` «Ատլետիկո» վերադառնալու շուրջ բանակցություններն էին: Ճիշտ է` մայրաքաղաքային ակումբը տրանսֆերային արգելքի տակ է, սակայն իր նախկին հարձակվողի համար պայքարում գլխավոր ֆավորիտն էր: Անսպասելիորեն, «Չելսին» ու մադրիդցիները չկարողացան համաձայնության գալ, ինչը նշանակում է, որ բրազիլաիսպանացին առաջիկա կես տարին կանցկացնի Լոնդոնում: «Չելսին» արդեն ԱՊԼ-ում հայտավորել է Կոստային, ով չի հարգում գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեին:

Միաժամանակ «Marca»-ն հայտնում է, որ «հնդիկները» 15 միլիոն եվրոյով գնել են արգենտինական «Ռասինգի» հարձակվող Լաուտարո Մարտինեսին: Վերջինս մեկ տարվա վարձակալությամբ մնալու է «Ռասինգում»: 20-այմա ֆուտբոլիստի համար հարձակվողը լավ ցուցանիշներ ունի: Նախորդ Ապերտուրայի 23 խաղում նա 9 գոլ ու 1 գոլային փոխանցում է ձևակերպել:

«Վալենսիա»

Տրանսֆերային վերջին օրն ամենաակտիվը «Վալենսիան» էր: «Չղջիկները» մի քանի նորեկներ ու կորուստներ ունեցան: Սկզբի համար մերժում ստացան բրազիլացի հարձակվող Լուանից:

Գլխավոր ձեռքբերումը «Պարի Սեն Ժերմենի» ենթահարձակվող Գոնսալու Գեդեշին վարձակալելն էր: 20-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար փարիզցիները հունվարին 30 միլիոն եվրո էին վճարել «Բենֆիկային»: Պորտուգալացին Ֆրանսիայում խաղային պրակտիկա գրեթե չէր ստանում, ուստի նրան շատ կօգնի այս վարձակալությունը:

«Վալենսիան» մեկ տարով վարձակալել է նաև «Մանչեսթեր Յունայթեդի» աջ կիսապաշտպան Անդրեաս Պերեյրային, ով նախապատրաստական շրջանն անցկացրեց անգլիացիների հետ: Բրազիլացին նախորդ մրցաշրջանը վարձավճարով անցկացրել էր Լա լիգայում` «Գրանադայում»: Անդալուսիայում նրա ցուցանիշներն էին` 35 հանդիպում, 5 գոլ, 3 գոլային փոխանցում:

«Չղջիկները» խզել են հարձակվող Վինիսուս Արախույի պայմանագիրը: 3,5 տարի «Վալենսիայի» ֆուտբոլիստ համարվելու ընթացքում բրազիլացին ընդամենը 6 հանդիպման է մասնակցել: Մնացած ժամանակահատվածում նա մեկը մյուսի հետևից վարձակալությունների էր մեկնում: Ազատ գործակալ դառնալով` նա անմիջապես մշտական պայմանագիր է կնքել «Սարագոսայի» հետ, որը դեռ Սեգունդայում է:

Վարձավճարով «Վալենսիայից» հեռացել է կիսապաշտպան Ալվարո Մեդրանը: Մադրիդի «Ռեալի» սանը նախորդ մրցաշրջանը «չղջիկների» կազմում հիանալի էր սկսել, սակայն հետո վնասվածքները խանգարեցին: Այժմ նա մեկնել է «Ալավես», որտեղ չբացահայտված տաղանդների «զորահավաք» է հայտարարվել` Մեդրան, Մունիր, Ռոդրիգո Էլի, Բոյան Կրկիչ… Գումարած Էնցո Զիդանy, ով տարիքով (22) մոտ է առաջիններին, սակայն նոր է Պրիմերայում իրեն դրսևորելու շանս ստանում:

«Սևիլյա»

Վերջին օրվա համար անդալուսցիները հետաքրքիր տրանսֆեր էին պատրաստել: «Շալկեից» վարձակալվել է կիսապաշտպան Յոհանես Գայսը: Մեկ տարի հետ «Սևիլյան» կարող է «ընդամենը» 7 միլիոն եվրոյով գնել ամբողջական տրանսֆերը: «Մայնցում» Գայսին Գերմանիայի նոր սերնդի լավագույն կենտրոնական կիսապաշտպանն էին համարում, սակայն 2015 թվականին «Շալկեին» միանալուց հետո նրա աճը կանգնեց: Իսպանիայում Յոհանեսը նոր շանս կարող է ստանալ՝ չնայած Էդուարդո Բերիցոյի թիմում մեկնարկային կազմի համար մրցակցությունը շատ լուրջ է:

«Լաս Պալմաս»

Կանարյան կղզիների ակումբն անվճար ձեռք է բերել հարձակվող Լոիկ Ռեմիին: Ֆրանսիացին տեղափոխությունից ժամեր առաջ խզել է «Չելսիի» հետ պայմանագիրը և անվճար միացել իսպանացիներին:

30-ամյա Ռեմին արդեն երկու տարի է՝ նորմալ ֆուտբոլ չի խաղում, սակայն մենք հիշում ենք, թե մարզչի վստահությունը զգալու դեպքում նա ռմբարկուի ինչպիսի որակներ ու ցուցանիշներ կարող է գրանցել: Այնպես որ, այս տրանսֆերը հետագայում կարող է դառնալ լավագույներից մեկը:

Մյուս տեղափոխություններից հիշատակման արժանի են՝

  • Սերժի Դարդեր` «Լիոնից» – «Էսպանյլոլ», վարձավճար
  • Սերխիո Սանչես` «Ռուբինից» – «Էսպանյոլ», վարձավճար
  • Նորդին Ամրաբատ` Ուոթֆորդից – «Լեգանես», վարձավճար
  • Ռոման Զոզուլյա` «Բետիսից» – …, պայմանագրի խզում

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում