Այս ամռան առանցքային տեղափոխությունները

2017 թվականի ֆուտբոլային ամառը թեժ էր և ռեկորդային։ Տրանսֆերային պատուհանը պաշտոնապես փակված է և այժմ կարելի է առանձնացնել ամենակարևոր տեղափոխությունները։

Դանի Ալվես, «Յուվենտուսից» «Պարի Սեն Ժերմեն»

Չեմպիոնների լիգայի նախորդ խաղարկությունում «Յուվենտուսի» հերոսներից մեկն ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվեց «Պարի Սեն Ժերմեն»: Զարմացողներ հաստատ կլինեն իտալական ակումբի՝ 34-ամյա բրազիլացուց այդքան հեշտ բաժանվելու կապակցությամբ: Շշուկներ էին պտտվում «Յուվենտուսի» հանդերձարանում Ալվեսի ունեցած խնդիրների մասին: Ալվեսը Թուրինից հեռանալուց հետո այդ լուրերն իր մեկնաբանությամբ ավելի թեժացրեց։ «Չեմ կարծում, որ նրանք ըմբռնել էին իմ ոճը։ Հենց դրա համար դժգոհ էի ու որոշեցի փոխել ակումբս»,- տեղափոխությունն այսպես է մեկնաբանել բրազիլացին:

Ուեյն Ռունի , «Մանչեսթեր Յունայթեդից» «Էվերթոն»

«Կարմիր սատանաների» լեգենդը տեղափոխվեց այնտեղ, որտեղից 10 տարի առաջ հեռացել էր պրոֆեսիանալ կարիերան զարգացնելու համար: Չնայած Չինաստանից ստացած շռայլ առաջարկներին՝ 31-ամյա հարձակվողն անվճար տեղափոխվեց նախկին ակումբ: Խորհրդանշական է, որ ԱՊԼ-ի առաջին խաղում հենց Ռունի գոլը «Էվերթոնին» հաղթանակ պարգևեց («Սթոք Սիթիի» դեմ խաղում): Երկրորդ տուրում էլ Ուեյնն աչքի ընկավ «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում։

Պաուլինյո, «Գուանչժոու Էվերգրանդից» «Բարսելոնա»

Չինական ակումբը ֆուտբոլիստի Եվրոպա տեղափոխությունից 26 մլն եվրո աշխատեց: Բրազիլացի կիսապաշտպանը «Գուանչժոու Էվերգրանդին» հրաժեշտ տվեց, որպեսզի իրականացնի երազանքը՝ խաղա «Բարսելոնայում»: Հասկանալի է, որ 29-ամյա Պաուլինյոյի վերջին հնարավորությունն էր թոփ-ակումբ տեղափոխվելու համար: Կարո՞ղ էր Պաուլինյոն 10 տարի առաջ պատկերացնել, թե զարմանալի ինչ փոփոխություններ տեղի կունենային նրա կյանքում, երբ դեռ Լիտվայի առաջնությունում էր խաղում:

Լեոնարդո Բոնուչի, «Յուվենտուսից» «Միլան»

Բոնուչին ևս «Յուվենտուսի» կարևոր դեմքերից էր, բայց որոշեց Թուրինը փոխել Միլանով։ Շատ էին լուրերը Մասսիմո Ալլեգրիի հետ խնդիրների մասին: Բոնուչին իր ճշմարտությոնն ունի. «Մարզչի հետ բանավեճերը նորմալ են, քանի որ միշտ ասում եմ այն, ինչ մտածում եմ: Շատերի կարծիքով մեր հարաբերությունները վատացան «Պալերմոյի» դեմ խաղից հետո: Իրականում դա վերջին կաթիլն էր»:

Լեոնարդոն 42 մլն եվրոյի դիմաց տեղափոխվեց «Միլան»:

Խամես Ռոդրիգես, «Ռեալից» «Բավարիա»

3 տարի առաջ «Ռեալը» 75 մլն եվրոյի դիմաց «Մոնակոյից» գնեց կոլումբիացի կիսապաշտպանին: Խամեսը փորձում էր «Ռեալի» աստղը դառնալ, բայց չստացվեց: Հասկանալի էր, որ «Ռեալից» հեռանալը պարզապես ժամանակի հարց է: «Transfermarket»-ի տեղեկությունների համաձայն, իսպանական ակումբը 2 տարով 13 մլն եվրո վարձավճարի դիմաց է իր ֆուտբոլիստին «Բավարիա» ուղարկել: Գերմանիայի չեմպիոնը Խամեսին գնելու իրավունք կունենա 40 մլն եվրո ավելացնելու դեպքում:

Ալեքսանդր Լյակազետ, «Լիոնից» «Արսենալ»

Ֆրանսիացի գոլահարն Անգլիա տեղափոխվեց, որպեսզի խաղա ֆրանսիացի մարզիչ Արսեն Վենգերի ղեկավարությամբ: «Լիոնը» տրանսֆերից 53 մլն եվրո աշխատեց: «Մանկուց երազել եմ այս թիմում խաղալ, ինչի համար շնորհակալ եմ Անրիին ու ֆրանսիացի մյուս ֆուտբոլիստներին: Այսօր իմ երազանքն իրականացել է»,- նորամուտի ժամանակ ասաց Ալեքսանդրը։

Բենջամեն Մենդի, «Մոնակոյից» «Մանչեսթեր Սիթի»

«Մոնակոն» 2016-17թթ. հիանալի խաղաց Չեմպիոնների լիգայում, իսկ նրա եզրային պաշտպանները հիացրին մասնագետներին ու մրցակիցներին: Զարմանալի ոչինչ չկա, որ ձախ եզրային Մենդին արդյունքում «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվեց: Անգլիական ակումբը 57.7 մլն եվրո վճարեց ու նրան դարձրեց աշխարհի ամենաթանկ պաշտպանը: Մենդին գերազանցեց Կայլ Ուոլքերի ռեկորդը, ով գրեթե նույն գումարի դիմաց «Տոտենհեմից» «Սիթի» էր տեղափոխվել:

Ալվարո Մորատա, «Ռեալից» «Չելսի»

«Ռեալի» սանն ամեն դեպքում չդարձավ թիմի հարձակման գծի այն ֆուտբոլիստը, որը հենց ինքն էր ցանկանում: «Յուվենտուսում» ունեցած վառ ելույթներից հետո մադրիդյան ակումբը 30 մլն եվրոյի դիմաց վերադարձրեց Մորատային։ Այս ամռանն էլ Ալվարոն մեծ եկամուտ բերեց «Ռեալին»՝ 65 մլն եվրոյի դիմաց տեղափոխվելով «Չելսի»: Մորատայի կարիերան «կապույտների» կազմում հաջող է մեկնարկել:

Ռոմելու Լուկակու, «Էվերթոնից» «Մանչեսթեր Յունայթեդ»

«Ինձ համար Լուկակուն և Մորատան միևնույն մակարդակի ֆուտբոլիստներ են»,– ասել է Անտոնիո Կոնտեն: Գաղտնիք չէ, որ իտալացի մասնագետը ցանկանում էր ձեռք բերել բելգիացի ֆուտբոլիստին, սակայն վերջինս ընտրեց «Մանչեսթեր Յունայթեդը»: «Կարմիր սատանաները» գրեթե 85 մլն եվրո ծախսեցին: Լուկակուն դեռևս արդարացնում է նման արժեքը, նա հիանալի է մեկնարկել նոր ակումբում։

Ուսման Դեմբելե, «Բորուսսիայից» (Դորտմունդ) «Բարսելոնա»

Մեկ տարի առաջ Դեմբելեն չէր շտապում ընդունել կատալոնական ակումբի հրավերը, քանի որ ցանկաում էր ամեն շաբաթ խաղալ ու աճել: «Ես վաղ թե ուշ պետք է խաղամ «Բարսելոնայում»»,- կիսապաշտպանը կասկած չուներ: Դորտմունդում ունեցած հիանալի մրցաշրջանից հետո նրա երազանքն իրականացավ: Բարդ բանակցություններն ավարտվեցին 105 մլն եվրո + 40 մլն եվրո բոնուսների վրա:

Կիլիան Մբապե, «Մոնակոյից» «Պարի Սեն Ժերմեն»

«Պարի Սեն Ժերմենը» տրանսֆերային պատուհանի նոր արքան է: Ամենատպավորիչ տրանսֆերներն այս ակումբի հետ են կապված: Ամռան վերջին օրն էլ դեռ պարզ չէր, թե Մբապեն ի՞նչ պայմաններով էր տեղափոխվելու Փարիզ կամ արդյո՞ք տեղափոխվելու էր: Օգոստոսի 31-ի երեկոյան պաշտոնական հայտարարություն արվեց: 18-ամյա հարձակվողը տեղափոխվեց Փարիզ, ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ 180 մլն եվրոյի դիմաց: Մբապեից թանկարժեք մեկ ֆուտբոլիստ կա՝ նրա թիմակիցը․․․

Նեյմար, «Բարսելոնայից» «Պարի Սեն Ժերմեն»

222 մլն եվրո: Այս թիվը դեռ երկար կերևա կատալոնական ակումբի երկրպագուների սարսափ երազներում: «Բարսելոնայից» «Պարի Սեն Ժերմեն» տեղափոխվելով՝ Նեյմարը ոչ միայն ռեկորդ սահմանեց, այլև փոխեց պատկերացումները տրանսֆերային շուկայի մասին:

«Ինձ համար տհաճ է, երբ մարդիկ մտածում են, թե փողի համար եմ տեղափոխվել»,- ասաց բրազիլացին: Նեյմարի նպատակն աշխարհում լավագույնը լինելն է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում