Մարեյը ևս հայտարարեց մրցաշրջանը վաղաժամ ավարտելու մասին

Բրիտանացի թենիսիստ Էնդի Մարեյը, ով ազդրի վնասվածքի պատճառով հրաժարվել է մասնակցել ԱՄՆ-ի բաց առաջնությանը, ընթացիկ մրցաշրջանում այլևս կորտ դուրս չգա։

-Ցավոք, չեմ կարող մասնակցել Պեկինի և Շանհայի առաջիկա մրցաշարերին և, ամենայն հավանականությամբ, Վիենայի և Փարիզի ամփոփիչ մրցաշարերին։ Պատճառն ազդրիս վնասվածքն է, որ արդեն մի քանի ամիս է՝ անհանգստացնում է ինձ։ Խորհրդակցելով բարձրակարգ մասնագետների հետ՝ ես և թիմիս ներկայացուցիչները որոշեցինք, որ ամենաճիշտ որոշումը երկարատև դադարն է։

Տարին անհաջող էր մի շարք պատճառներով, բայց ես համոզված եմ՝ երկարատև հանգիստը և վերականգնումը կօգնեն նոր մակարդակի հասնել և նոր մրցաշրջանում պայքարել «Մեծ Սաղավարտի» տիտղոսների համար։ 2018 թվականը կսկսեմ Բրիսբենի մրցաշարից և կպատրաստվեմ Ավստրալիայի բաց առաջնությանը։ Բացի այդ, անհամբերությամբ եմ սպասում Գլազգոյում Ռոջեր Ֆեդերերի հետ ցուցադրական խաղին։ Շատ եմ գնահատում այս շրջանում թիմիս և երկրպագուներիս աջակցությունը,- «Facebook»-ի իր պաշտոնական էջում գրել է Մարեյը։

Էնդի Մարեյը ATP վարկանիշային աղյուսակի լավագույն տասնյակի արդեն չորրորդ ներկայացուցիչն է, ով ժամանակից շուտ ավարտում է մրցաշրջանը։  Ավելի վաղ Նովակ Ջոկովիչը ժամանակավոր դադար է վերցրել արմունկի վնասվածքը բուժելու համար, Կեի Նիսիկորին՝ ջլի, իսկ շվեյցարացի Ստեն Վավրինկան՝ ծնկի վիրահատության ենթարկվելու։

Հետևեք մեզ նաև Telegram-ում