Հանրահայտ կիսապաշտպանն ավարտեց կարիերան (տեսանյութ)

Արգենտինայի հավաքականի նախկին կիսապաշտպան Էստեբան Կամբյասոն հայտարարել է կարիերան ավարտելու մասին: Այդ մասին գրում է «La Nacion»-ը:

37-ամյա խաղացողն իր կարիերայի ընթացքում հանդես է եկել «Ռիվեր Փլեյթի», Մադրիդի «Ռեալի», «Ինտերի» և «Լեսթերի» պես ակումբներում: Հատկապես հաջողված են եղել նրա ելույթները միլանցիների կազմում: «Ներաձուրիի» մարզաշապիկով Էստեբանը մասնակցել է 431 հանդիպման ու 51 գոլ խփել: «Ինտերի» հետ արգենտինացին 14 տիտղոս է նվաճել, այդ թվում` 5 անգամ հաղթանակել Ա Սերիայում ու մեկ անգամ Չեմպիոնների լիգայում:

«Դժվար է համապատասխան թիմ գտնել, երբ 37 տարեկան ես: 18 տարեկանում ընտանիքի հարմարավետության մասին մտածելու կարիք դեռ չկա և կարող ես ցանկացած ակումբ տեղափոխվել»,- ասել է արգենտինացին:

Կամբյասոն վերջին երկու տարին անցկացրել է հունական «Օլիմպիակոսում»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում