Մբապե-Նեյմար-Կավանի եռյակի առաջին «զոհը» (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության 5-րդ տուրը մեկնարկեց «Մեց» – «Պարի Սեն Ժերմեն» մրցավեճով:

Չնայած փարիզցիները տիրում էին նախաձեռնությանը` տանտերերն առաջին կեսում բավականին համարձակ գրոհներ էին ձեռնարկում: Մինչև ընդմիջում թիմերը մեկական գնդակ փոխանակեցին: Նեյմարի տպավորիչ փոխանցումից հետո աչքի ընկավ Էդինսոն Կավանին, իսկ քիչ հետո Մատյե Դոսևիի համարձակ անցումից հետո դարպասը գրավեց Էմանուել Ռիվերը:

Երկրորդ կեսի սկզբնամասում տեղի ունեցավ միջադեպ, որը որոշիչ ազդեցություն ունեցավ խաղի ելքի վրա: «Տոտենհեմի» նախկին պաշտպան Բենուա Ասու 1կոտոն կոպիտ սահանկում կատարեց ՊՍԺ-ի կազմում նորամուտը նշող Կիլիան Մբապեի նկատմամբ, ինչի համար հեռացվեց խաղադաշտից: Դրանից հետո 10 ֆուտբոլիստով մնացած «Մեցն» անկարող էր դիմակայել զորեղ մրցակցին:

Երկրորդ գոլը խփեց Մբապեն, ապա աչքի ընկավ մայրաքաղաքային ակումբի հարձակման եռյակի մյուս խաղացողը` Նեյմարը: Բրազիլացու գոլին հաջորդեց Կավանիի ևս մեկ գնդակը ու փոխարինման մտած Լուկաս Մոուրայի զավեշտալի գոլը:

ՊՍԺ-ն հաղթեց 5:1 հաշվով ու 15 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Ունաի Էմերիի թիմին կարող է հավասարվել չեմպիոն «Մոնակոն», որը վաղը հյուրընկալվելու է «Նիցային»: «Մեցը» 0 միավորով վերջին տեղում է:

Լիգա 1, հինգերորդ տուր

«Մեց» – ՊՍԺ` 1:5
Գոլերը՝ Ռիվեր (37) – Կավանի (31, 75), Մբապե (59), Նեյմար (69), Լուկաս (87)
Հեռացում՝ Ասու Էկոտո (56)

Հետևեք մեզ նաև Telegram-ում