«Ռեալը»՝ աշխարհում ամենաթանկ կազմ ունեցող ակումբ

Մադրիդի «Ռեալն» աշխարհում ամենաթանկ կազմն ունեցող ֆուտբոլային ակումբն է։ Այս մասին հաղորդում է «Marca» պարբերականը՝ հղում կատարելով մասնագիտացված «Transfermarkt.de» կայքի տվյալներին։

«Ռեալի» ընդհանուր կազմի արժեքը գնահատվում է 774 միլիոն եվրո, ինչը 37 միլիոն եվրոյով ավելի է «Բարսելոնայի» կազմի արժեքից և 130 միլիոն եվրոյով ավելի լավագույն եռյակը եզրափակող «Չելսիի» կազմի արժեքից։

«Մանչեսթեր Սիթիի» կազմը գնահատվում է 588,75 միլիոն եվրո։ Լավագույն հնգյակում է «Բավարիան» (581.4 միլիոն եվրո)։ Ուշագրավ է, որ տրանսֆերային շուկայի ամենաակտիվ ակումբներից մեկը՝ «Մանչեսթեր Յունայթեդը» ունի ընդհանուր 567․75 միլիոն եվրո արժողությամբ կազմ։ Լավագույն տասնյակում կա նաև Ա Սերիայի ներկայացուցիչ՝ «Յուվենտուսը» (538.6 միլիոն եվրո), իսկ ահա տրանսֆերային շուկայում իսկական իրարանցում առաջացրած «Պարի Սեն Ժերմենը» 8-րդ հորիզոնականում է՝ 521․15 միլիոն եվրո։ Փարիզյան թիմին հաջորդում է «Ատլետիկոն» (511 միլիոն եվրո), իսկ տասնյակը եզրափակում է «Տոտենհեմը» (505.25 միլիոն եվրո)։

Կրիշտիանու Ռոնալդուն շարունակում է մնալ «Ռեալի» գլխավոր աստղը։ Նրա տրանսֆերը գնահատվում է 100 միլիոն եվրո։ Պորտուգալացուն հաջորդում է Գարեթ Բեյլը՝ 80 միլիոն եվրո (նախորդ մրցաշրջանի համեմատ ուելսեցու տրանսֆերային արժեքը նվազել է 10 միլիոն եվրոյով), իսկ եռյակը եզրափակող կիսապաշտպան Թոնի Կրոսի տրանսֆերը գնահատվում է 70 միլիոն եվրո։

Վերոնշյալ աղբյուրը գրում է, որ մադրիդյան թիմի 23 ֆուտբոլիստներից միայն երկուսի տրանսֆերային արժեքն է նվազել նախորդ մրցաշրջանի համեմատ՝ Գարեթ Բեյլ և Լուկա Մոդրիչ։ Միևնույն ժամանակ 11 ֆուտբոլիստի տրանսֆերային արժեք բարձրացել է։ «Սերուցքայինների» մեկ ֆուտբոլիստի միջին արժեքը 32․34 միլիոն եվրո է, իսկ 9 ֆուտբոլիստի տրանսֆերային արժեք գերազանցում է այս թիվը։

Ուշագրավ է նաև, որ «Ռեալի» կազմի միջին տարիքը 25․3 է։ Մադրիդյան ակումբում շարունակում են ուշադրություն դարձնել երիտասարդ կադրերին, ինչի վկայությունն են ամռանը թիմին միացած Սեբալյոսը, Թեոն, ինչպես նաև վարձավճարից վերադարձած Լյորենտեն, Վալյեխոն, Մայորալը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում