«Մանչեսթեր Սիթի» – «Լիվերպուլ». դուբլեր, նոկաուտ և ռեկորդ

Անգլիայի Պրեմիեր լիգայի չորրորդ տուրի մեկնարկային խաղում «Մանչեսթեր Սիթին» ջախջախեց «Լիվերպուլին»՝ 5։0: Sport Times.am-ը առանձնացրել է խաղի կարևորագույն իրադարձությունները:

Մեկնարկային կազմեր

«Մանչեսթեր Սիթիի» դեպքում ամեն ինչ պարզ էր՝ ուժեղագույնները մեկնարկային կազմում էին, իսկ Ռահիմ Սթեռլինգը՝ որակազրկված: Գվարդիոլան ընտրել էր 3 պաշտպանով խաղային սխեման, որը կարելի է անվանել գերհարձակվողական: 

«Լիվերպուլի» դեպքում բացի հարձակման գծից, ամենուրեք խնդիրներ են: Դասական 4-3-3 սխեմայում աչքի է ընկնում հարձակման եռյակը, իսկ մնացած խաղային դիրքերում՝ հատկապես պաշտպանության գծում, իրավիճակը հուսադրող չէ: Կլավան-Մատիպ-Առնոլդ եռյակն այս խաղը, մեղմ ասած, տապալեցին:

Առաջին խաղակեսը

Առաջին խաղակեսի մեկնարկում բավականին ակտիվ էր «Լիվերպուլը»: Մրցակցին զիջելով տարածքային առավելությունը՝ Կլոպի թիմը արագ գրոհների շնորհիվ փորձում էր հաջողության հասնել: Սալահն աջ եզրով անընդհատ միանում էր գրոհներին և սրում խաղը: Ըստ դիրքի՝ Սալահին պետք է դիմավորեր Բենժամին Մենդին, սակայն ֆրանսիացին չէր նահանջում, իսկ ձախ կենտրոնական պաշտպան Օտամենդին պարզապես պարտվում էր Սալահի հետ պայքարում:

Մեկնարկային 15 րոպեների ընթացքում «Լիվերպուլի» ֆուտբոլիստները գնդակին ամենաշատը հպվել են աջ եզրում։ Բացի այդ, Գվարդիոլայի ֆուտբոլիստների մոտ մեծ էր փոխանցումների խոտանը: Այնուամենայնիվ, «քաղաքայինները» ևս գրոհում էին: Գրոհներից մեկի ժամանակ էլ Ագուերոն, օգտվելով Ռագնար Կլավանի սխալից, բացեց հաշիվը:

Սա Ագուերոյի 124-րդ գոլն էր. նա դարձավ Պրեմիեր լիգայի պատմության ոչ եվրոպացի լավագույն ռմբարկուն՝ շրջանցելով Դուայթ Յորքին:

Փորձելով շտկել իրավիճակը «Լիվերպուլը» նետվեց առաջ: Հիանալի պահ ունեցավ Սալահը, երբ մեն-մենակ էր դուրս եկել Էդերսոնի դեմ, սակայն վերջինս կարողացավ փրկել իրավիճակը: Այնուհետև ամեն ինչ փչացրեց Սադյո Մանեն: Խորքից կատարված գեղեցիկ փոխանցմանն արձագանքելու պահին Մանեն գնդակի փոխարեն հարվածեց Էդերսոնի դեմքին:

Արդյունքում՝ կարմիր քարտ, և Մանեն դժվարին իրավիճակում 10 հոգով է թողնում «Լիվերպուլին»: Էդերսոնին երկար ժամանակ օգնություն ցուցաբերելուց հետո պատգարակով դուրս բերեցին խաղադաշտից: Բարեբախտաբար, նա հանդիպման վերջնամասում արդեն ոտքի վրա էր և մրցակցի ջախջախմանը հետևում էր տրիբունայից։

«Լիվերպուլի» խուճապահար վիճակից օգտվեց Գաբրիել Ժեզուսը: Նրա առաջին գոլը չարձանագրվեց խաղից դուրս իրավիճակի պատճառով, բայց համառ բրազիլացին առաջին կեսի վերջնամասում կարողացավ կրկնապատկել իր թիմի առավելությունը՝ գլխի գեղեցիկ հարվածով գնդակն ուղարկելով Մինյոլեի պաշտպանած դարպասը:

Երկրորդ խաղակեսը

Հանդիպման երկրորդ կեսում «Մանչեսթեր Սիթին» պարզապես կոտրեց 10 հոգով մնացած «Լիվերպուլին»: Եվս մեկ գոլի հեղինակ դարձավ Գաբրիել Ժեզուսը: Վերջինս փոխարինեց Լերոյ Սանեն, ով ևս դարձավ դուբլի հեղինակ: Արդյունքում՝ 5:0 հաշվով ջախջախիչ հաղթանակ «Մանչեսթեր Սիթիի» կողմից:

Միհրան Ալեքսանյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում