Դանիել Ստոյկովիչը վերսկսել է մարզումները

Դանիել Ստոյկովիչը վերսկսել է մարզումները

«Ալաշկերտի» սերբ պաշտպան Դանիել Ստոյկովիչը, ով ծնկի վնասվածք էր ստացել Հայաստանի առաջնության մեկնարկային տուրի` «Շիրակի» դեմ խաղում, երկշաբաթյա վերականգնողական փուլ է անցել Սերբիայում:

27-ամյա ֆուտբոլիստն արդեն վերադարձել է «Ալաշկերտ» և վերսկսել մարզումներն անհատական ծրագրով:

«Երկշաբաթյա վերականգնողական փուլ անցա Սերբիայում: Օրական երկու անգամ թերապևտիկ կուրս էի ունենում` էլեկտրական, մագնիսային, լազերային: Ստեղծված էին բոլոր անհրաժեշտ պայմանները: Կարող եմ ասել, որ վերականգնողական փուլը լավ անցավ: Արդեն վերսկսել եմ մարզումներն անհատական ծրագրով: Հույս ունեմ, որ հաջորդ շաբաթ կսկսեմ մարզվել ընդհանուր խմբում»,- երևանցիների պաշտոնական կայքի հետ զրույցում ասել է Ստոյկովիչը:

Սերբ պաշտպանի վերականգնողական ընթացքի մասին խոսել է նաև «Ալաշկերտի» ֆիզպատրաստության մարզիչ Արմեն Տոնոյանը, ում հսկողության տակ շարունակվում է Ստոյկովիչի վերականգնողական վերջին փուլը:

«Ստոյկովիչը նախ պետք է ավարտին հասցնի վերականգնողական գործընթացը: Այնուհետև նա կսկսի աշխատել մեծ ծանրաբեռնվածությամբ: Պետք է կարողանանք կարճ ժամանակահատվածում նրան հասցնել լավ մարզավիճակի»,- իր հերթին ընդգծեց մարզիչը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում