Սոնա Ասատրյանը՝ Եվրոպայի Մ-18 առաջնության չեմպիոնուհի

Սոնա Ասատրյանը՝ Եվրոպայի Մ-18 առաջնության չեմպիոնուհի

Ռումինիայի Մամայա քաղաքում ավարտվեց շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունը, որն անցկացվում էր Մ-8, Մ-10, Մ-12, Մ-14, Մ-16 և Մ-18 տարիքային խմբերով: Պատանիների և աղջիկների մրցաշարերն անցկացվում էին առանձին:

Մինչև 18 տարեկան աղջիկների պայքարում հիանալի հանդես եկավ Սոնա Ասատրյանը: Մեր շախմատիստուհին 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և հռչակվեց Եվրոպայի մինչև 18 տարեկան աղջիկների չեմպիոնուհի: Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Ասատրյանը նաև 128 կետով բարձրացրել է անհատական վարկանիշը:

Մինչև 16 տարեկան աղջիկների առաջնությունում հանդես եկող Աննա Սարգսյանը 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և կիսեց 2-4-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո Սարգսյանը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը:

Մինչև 10 տարեկան տղաների առաջնությունում հանդես եկող Ռոբերտ Փիլիպոսյանը 7 միավորով կիսեց 3-7-րդ հորիզոնականները, սակայն լրացուցիչ ցուցանիշներով հայտնվեց 6-րդ հորիզոնականում:

Մեդալ նվաճելու լավ հնարավորություն ունեին մինչև 18 տարեկան տղաների պայքարում հանդես եկող Հայկ Մարտիրոսյանը և մինչև 16 տարեկան տղաների պայքարում հանդես եկող Շանթ Սարգսյանը: Երկուսն էլ վերջին տուրից առաջ իրենց ենթախմբերում կիսում էին առաջին հորիզոնականը, սակայն որոշիչ պարտիայում երկուսն էլ պարտություն կրեցին և զիջեցին իրենց դիրքերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում