Ինքնագոլերը որոշել են ՊՍԺ – «Լիոն» խաղի ելքը (տեսանյութ)

Ինքնագոլերը որոշել են ՊՍԺ – «Լիոն» խաղի ելքը (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության 6-րդ տուրի կենտրոնական խաղում «Պարի Սեն Ժերմենն» ընդունել է «Լիոնին»: Հանդիպումն ավարտվել է փարիզցիների հաղթանակով` 2:0 հաշվով:

Հանդիպման ընթացքում Ունաի Էմերիի թիմն առավելություն է ունցել, սակայն միայն մրցակցի ինքագոլերի շնորհիվ է կարողացել առաջ անցնել: 75-րդ րոպեին փոխարինման մտած Ջովանի Լո Սելսոյի ստեղծագործ խաղի շնորհիվ սեփական դարպասն է գրավել հյուրերի պաշտպան Մարսելոն: 11 րոպե անց Կիլիան Մբապեի հարվածից հետո դարպասապահ Անտոնի Լոպեշը հետ է մղել գնդակը, սակայն այն անդրադարձել է Ժերեմի Մորելից և հայտնվել ցանցում:

Չնայած բաց թողած երկու գոլին, դարպասապահ Լոպեշը դարձել է խաղի հերոսներից մեկը: Նա մի քանի անգամ իր թիմին փրկել է վերահաս գոլից, իսկ 80-րդ րոպեին սեյվ է կատարել Էդինսոն Կավանիի իրացրած 11-մետրանոց հարվածի ժամանակ:

Հյուրերի բախտը չի բերել նաև 0:0 հաշվի ժամանակ, երբ Տանգու Նդոմբելեի թնդանոթային հարվածից հետո գնդակը դիպչել է տանտերերի հորիզոնական դարպասաձողին:

Այդ հաղթանակից հետո ՊՍԺ-ն վաստակել է 18 միավոր և միանձնյա առաջատարն է: «Լիոնը» 11 միավորով 5-րդն է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում