Ֆեդերերը և Նադալը թիմակիցների կարգավիճակով կմասնակցեն ցուցադրական մրցաշարի

Սեպտեմբերի 22-24-ը, Պրահայում կայանալու է Լեյվերի գավաթի ցուցադրական խաղարկությունը։ Մրցաշարին թիմակիցների կարգավիճակով մասնակցելու են Ռոջեր Ֆեդերերը և Ռաֆայել Նադալը։

Ֆեդերերը և Նադալը լինելու են Եվրոպայի թիմում, որում հանդես են գալու նաև ավստրացի Դոմինիկ Տիմը, չեխ Թոմաշ Բերդիխը, Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերևը, խորվաթ Մարին Չիլիչը։ Մյուս թիմը ներկայացնելու են ամերիկացիներ Ջեկ Սոկը, Ջոն Իսները, Սեմ Կուերին և Ֆրենսիս Տիաֆոն, ավստրալացի Նիկ Կիրյոսը և կանադացի Դենիս Շապովալովը։

Ֆեդերերն արդեն նշել է, որ անհամբերությամբ է սպասում Նադալի հետ զուգախաղին։

-Շատ եմ ցանկանում Նադալի հետ հանդես գալ զուգախաղում և տեսնել, թե ինչպես է նա դժվարություններ ստեղծում մրցակիցների համար։ Համոզված եմ՝ բոլորը հետաքրքրությամբ կհետևեն նման խաղի,- Ֆեդերերի խոսքը մեջբերված է «Herald Sun»-ից։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում