Գեղեցիկ գոլեր ու կարմիր քարտեր. Լա լիգայի ամենահետաքրքիր խաղերից մեկը (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 6-րդ տուրի կենտրոնական խաղերից մեկը կայացել է Սան Սեբաստիանում, որտեղ «Ռեալ Սոսյեդադն» ընդունել է «Վալենսիային»:

Հանդիպման ընթացքում «Վալենսիան» երկու անգամ հաշվի մեջ առաջ է անցել, սակայն տանտերերը երկու անգամ էլ հավասարեցրել են հաշիվը: Միայն խաղավերջում «չղջիկների» երրորդ գոլին «Ռեալ Սոսյեդադը» ոչնչով չի կարողացել պատասխանել: Գրանցվել է 2:3 հաշիվը:

Հյուրերի կազմում հիանալի խաղ են ցուցադրել թիմի սան Կարլոս Սոլերն ու ՊՍԺ-ից վարձակալված հարձակվող Գոնսալո Գեդեշը: Վերջինս երկու գոլային փոխանցում է կատարել, իսկ Սոլերն աչքի է ընկել մեկ գոլային փոխանցմամբ: Բասկերի դարպասը գրավել են Ռոդրիգո Մորենոն, Նաչո Վիդալն ու Սիմոնե Ձաձան: Իտալացին խփած 5 գոլով առաջնության երկրորդ ռմբարկուն է: Նա զիջում է միայն «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսիին (9 գոլ):

Էուսեբիո Սակրիստանի թիմում առանձնացել է Միկել Օյարսաբալը: Առաջին կեսում նրա իրացրած անկյունայինից հետո աչքի է ընկել Արից Էլուստոնդոն, իսկ երկրորդ կեսում Օյարսաբալն անկասելի հարվածով գոլ է խփել:

Թիմերը խաղն ավարտել է 10-ական ֆուտբոլիստով: Տանտերերի կազմում երկու զգուշացման համար կարմիր քարտ է ստացել Իգոր Սուբելդիան, իսկ հյուրերից` Ժոֆրե Կոնդոգբիան:

Այդ հաղթանակի շնորհիվ «Վալենսիան» բարձրացել է 4-րդ հորիզոնական: Մարսելինյոյի թիմն առայժմ անպարտելի է և ունի 12 միավոր: «Ռեալ Սոսյեդադը» 3 հաղթանակով մեկնարկից հետո երրորդ անընդմեջ պարտությունը կրեց: Բասկերը 9 միավորով 8-րդ տեղում են:

Պրիմերա, 6-րդ տուր
«Ռեալ Սոսյեդադ» – «Վալենսիա»` 2:3
Գոլերը՝ Էլուստոնդո (33), Օյարսաբալ (59) – Ռոդրիգո (26), Ն. Վիդալ (55), Ձաձա (85)
Հեռացումներ՝ Սուբելդիա (68) – Կոնդոգբիա (79)

ՏԵՍԱՆՅՈւԹ

Հետևեք մեզ նաև Telegram-ում