Կավանին հրաժարվել է «վաճառել» 11-մետրանոցի իրավունքը

«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Էդինսոն Կավանին մերժել է ակումբի նախագահ Նասեր Ալ Խելայիֆիի առաջարկը, ըստ որի ուրուգվայցին 1 միլիոն եվրո կստանա, եթե 11-մետրանոց հարվածների իրավունքը զիջի Նեյմարին: Այդ մասին գրում է «El Pais»-ը:

Փարիզցիների հետ ուրուգվայցու պայմանագրում հատուկ կետ կա, համաձայն որի նա 1 միլիոն եվրոյի պարգևավճար է ստանալու Լիգա 1-ի լավագույն ռմբարկու դառնալու դեպքում: Էլ Խելայիֆին 30-ամյա ֆուտբոլիստին առաջարկել է այդ մեկ միլիոնի բոնուսը վճարել առանց ռմբարկու դառնալու պայմանի, եթե Կավանին Նեյմարին զիջի 11-մետրանոցներն իրացնելու իրավունքը: Հարձակվողը պատասխանել է մերժմամբ:

Միայն դրանից հետո ՊՍԺ-ի նախագահն իր ներկայացուցիչներին ուղարկել է բրազիլացու մոտ, որպեսզի վերջինիս համոզեն զիջել ուրուգվայցուն: Նեյմարը նույնպես հրաժարվել է այդ քայլին գնալ: Ի վերջո ակումբը որոշել է նշակետից հարվածողների նախկին հերթականությունը թողնել՝ առաջին իրացնող ` Կավանի, երկրորդ` Նեյմար:

Հիշեցնենք, որ ֆրանսիական թիմի հարձակվողների միջև կոնֆլիկտը սկսվել է «Լիոնի» հետ խաղում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում