Կական հաստատել է, որ մոտ է եղել ռեկորդային տրանսֆերին

«Օրլանդո Սիթիի» կիսապաշտպան Կական պատմել է, որ 2009 թվականի հունվարին նրան մեկ քայլ է բաժանել «Միլանից» «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելուց: «Քաղաքայինները» համաձայնել են բրազիլացու տրանսֆերի դիմաց 120 միլիոն եվրո վճարել, ինչը կդառնար ռեկորդային, սակայն ֆուտբոլիստը վերջին պահին հրաժարվել է տեղափոխությունից:

«Բանակցությունները շատ հեռուն էին հասել: Արդեն քննարկվում էին գործարքի բոլոր նրբությունները: «Մանչեսթեր Սիթիի» տեղափովելուց բաժանում էր միայն իմ խոսքը: Ինձ առաջարկվում էր աշխատավարձ, որը զգալիորեն բարձր էր «Միլանում» ստացած գումարից: Ինքս ինձ հարցնում է՝ ինչպիսի՞ն կլինի կյանքն Անգլիայում, ինչպե՞ս կհարմարվեմ նոր թիմին, արդյո՞ք կնոջս ու երեխաներիս դժվար կլինի փոխել միջավայրը: Մի քանի օր շարունակ այդ մտքերով էի:

Արդյունքում, եկա այն եզրակացությանը, որ ժամանակը չէ տեղափոխվել «Սիթի»: Հիմնական պատճառն այն էր, որ վստահ չէի կառուցվող թիմի ապագայում: Անհասկանալի էր, թե ինչպես է ընթանալու ակումբի վերակառուցումը և արդյոք այն արդյունավետ կլինի: Ինձ առաջարկում էին Եվրոպայի ամենահաջողակ թիմերից մեկը փոխել նոր ճանապարհ սկսող ակումբի հետ: Նախընտրեցի ռիսկի չդիմել»,- կիսապաշտպանի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:

Հատկանշական է, որ ընդամենը կես տարի հետո` 2009 թվականի ամռանը Կական 67 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում