Մեսսիի հանճարեղ խաղի շնորհիվ Արգենտինան Մունդիալում է, Չիլին դուրս մնաց պայքարից (տեսանյութ)

Մեսսիի հանճարեղ խաղի շնորհիվ Արգենտինան Մունդիալում է, Չիլին դուրս մնաց պայքարից (տեսանյութ)

Ավարտվեց Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի հարավամերիկյան գոտու խմբային մրցաշարը: 

Վերջին` 18-րդ տուրում Արգենտինային արտագնա հաղթանակ էր հարկավոր Էկվադորի նկատմամբ, որպեսզի եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճեր կամ նվազագույնն անցումային խաղերի մասնակցեր: «Ալբիսելեստեն» կամային հաղթանակ տարավ 3:1 հաշվով: Հեթ-տրիկի հեղինակ դարձավ թիմի առաջատար Լիոնել Մեսսին (12, 20 և 62 րոպեներ): «Բարսելոնայի» հարձակվողի առաջին գոլն Անխել Դի Մարիայի հետ «պատ» խաղարկելուց հետո է գրանցվել, երկրորդը` գնդակը դարպասի վերին անկյունը մխրճելով, իսկ երրորդը` օդապարիկային հարվածով: Տանտերերի կազմում առաջին րոպեին աչքի է ընկել Ռոմարիո Իբորան:

Արգենտինան վաստակեց 28 միավոր, գրավեց 3-րդ տեղը և նվաճեց Մունդիալի ուղեգիր:

Խաղի տեսաամփոփումը ներկայացված է այս հղմամբ։

Ռուսաստանում կայանալիք առաջնությանը չի մասնակցելու Կոպա Ամերիկայի վերջին երկու խաղարկությունների չեմպիոն, Կոնֆեդերացիաների գավաթի եզրափակչի մասնակից Չիլին: Խուան Անտոնիո Պիցիի թիմը հյուրընկալվելիս 0:3 հաշվով զիջել է ընդգծված առաջատար Բրազիլիային: «Սելեսաոյի» կազմում հաշիվը բացել է Պաուլինյոն (55), այնուհետև Գաբրիել Ժեզուսը երկու անգամ գրավել է անպաշտպան դարպասը (57, 90+3): Չիլին 26 միավորով նահանջել է 6-րդ տեղ ու դուրս մնացել հետագա պայքարից:

Տեսանյութ

Տուրի մեկ այլ որոշիչ խաղում մրցել են Պերուն և Կոլումբիան: Չիլիի պարտության պարագայում այդ թիմերին ձեռնտու է եղել ոչ-ոքի արդյունքը, որը գրանցվել է` 1:1: Խամես Ռոդրիգեսի գնդակին (56) պատասխանել է Պաոլո Գերեյրոն (76): Այսպիսով, Կոլումբիան (27 միավոր) զբաղեցրեց 4-րդ տեղը և մեկնում է Ռուսաստան, իսկ հինգերորդ հորիզոնականում հայտնված Պերուն (26) Նոր Զելանդիայի հետ կմասնակցի անցումային հանդիպումների:

Աշխարհի առաջնության ուղեգրին կարող էր արժանանալ նաև Պարագվայը (24 միավոր), եթե սեփական հարկի տակ հաղթեր Վենեսուելային, սակայն դա նրանց չի հաջողվել: Հյուրերն առավելության են հասել 1:0 հաշվով: Միակ գնդակը 84-րդ րոպեին հեղինակել է Յանգել էրերան: Երկու թիմերը հանդիպումն ավարտել են 10-ական ֆուտբոլիստով (կարմիր քարտեր):

Վերջին խաղում երկրորդ տեղում ընթացող Ուրուգվայը 4:2 հաշվով պարտության է մատել Բոլիվիային: Մարտին Կասերեսի (39), Էդինսոն Կավանիի գոլերին ու Լուիս Սուարեսի դուբլին (60, 76) հյուրերը պատասխանել են «սելեստեի» երկու ինքնագոլերով: Ուրուգվայցիներից սեփական դարպասն են գրավել Գաստոն Սիլվան (24) և Դիեգո Գոդինը (79):

Տեսանյութ

Հարավամերիկյան գոտու թիմերի վերջնական միավորները.

1. Բրազիլիա` 41

2. Ուրուգվայ` 31

3. Արգենտինա` 28

4. Կոլումբիա` 27

5. Պերու` 26, գոլերը` 27:26

6. Չիլի` 26 գոլերը` 26:27

7. Պարագվայ` 24

8. Էկվադոր` 20

9. Բոլիվիա` 14

10. Վենեսուելա` 12

Հետևեք մեզ նաև Telegram-ում