Ֆիլիպե Լուիս. Մեսսիին հնարավոր չէ կանգնեցնել առանց խախտումի

Ֆիլիպե Լուիս. Մեսսիին հնարավոր չէ կանգնեցնել առանց խախտումի

Մադրիդի «Ատլետիկոյի» պաշտպան Ֆիլիպե Լուիսը Լա լիգայի 8-րդ տուրի՝ «Բարսելոնայի» դեմ հանդիպումից առաջ կարծիք է հայտնել կատալոնացիների հարձակվող Լիոնել Մեսսիի մասին:

«Մեսսին այնքան լավ ֆուտբոլիստ է, որ կարող է Պրիմերան հաղթել նույնիսկ միջակ թիմի հետ: Վերջին տարիներին «Բարսելոնայի» հաջողությունները հենց նրա շնորհիվ են, այն դեպքում, որ այդ ակումբում միշտ սկանդալներ են լինում: Կարծես, դա նրանց դուր է գալիս: Բայց Մեսսին այնքան ուժեղ է, որ անկախ այդ ամենից, «Բարսելոնան» միևնույն է հաղթում է:

Երբ Մեսսին ու Ռոնալդուն մրցաշրջանի ընթացքում 50 գոլ են խփում, մարդիկ մեղադրում  են պաշտպաններին, սակայն չէ՞ որ մյուսները այդքան գոլ չեն հեղինակում, իսկ պաշտպանները նույնն են: Մյուսների համար գոլ խփելը դժվար է, իսկ այդ երկուսի համար` հեշտ: Լեոն ու Կրիշտիանուն բացարձակապես այլ մակարդակի ֆուտբոլիստներ են:

Մեսսիին անհնար է կանգնեցնել առանց խախտումի: Երբ նա փորձում է մեկը մեկի դեմ խաբքի դիմել, ես կարող եմ գնդակը «մաքուր» խլել քսանից մեկ դեպքում: Նրա դեմ այլ միջոցներ են հարկավոր»,- բրազիլացու խոսքերն է մեջբերում sport.es-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում