Կոնֆլիկտ Գվարդիոլայի ու Պոչետինոյի միջև

Կոնֆլիկտ Գվարդիոլայի ու Պոչետինոյի միջև

«Մանչեսթեր Սիթիի» ու «Տոտենհեմի» մարզիչներ Խոսեպ Գվարդիոլան ու Մաուրիսիո Պոչետինոն վիճաբանել են:

Կոնֆլիկտի պատճառ է դարձել կատալոնացու հայտարարությանը․ Գվարդիոլան լոնդոնցիներին անվանել է «Հարի Քեյնի թիմ»: Արգենտինացի մասնագետը խիստ դժգոհ է գործընկերոջ խոսքերից.

«Ես գիտեմ Պեպին: Վառ հաղթանակներից հետո նա չի կարողանում զսպել զգացմունքները և ջենթելմեն մնալ: Այդ խոսքերը շատերի համար անհարգալից թվացին: Նա մարզել է «Բարսելոնան», սակայն երբեք ինձ թույլ չեմ տվել այն «Մեսսիի թիմ» անվանել:

Մեր ֆուտբոլիստները ծիծաղում են նրա վրա: Դա հիասթափեցնող մեկնաբանություն էր: Եթե դուք մարզիչ եք, պետք է ավելի հարգալից լինեք»,- Պոչետինոյի խոսքերն է մեջբերել «Mirror»-ը:

Որոշ ժամանակ անց Գվարդիոլան բացատրել է, որ չի ցանկացել որևէ մեկին մեղադրել, սակայն հիասթափված է, որ Մաուրիսիոն անձնական վիրավորանքների է դիմել:

«Միգուցե, պետք է «Քեյնի թիմի» փոխարեն ասեի «Պոչետինոյի թիմը», բայց ես այդպես ասացի՝ վերջին հանդիպումները նկատի ունենալով, որոնցում Քեյնը 2-ական գոլ էր խփել «Հադերսֆիլդի» դարպասը, իսկ հետո նաև Անգլիայի ընտրանու կազմում: Կարծում եմ` Մաուրիսիոն սխալվել է ինձ գնահատական տալիս:

Հիանալի հասկանում եմ, որ «Տոտենհեմը» միայն Հարի Քեյնը չէ: Նախորդ մրցաշրջանում ես այն մարդկանցից մեկն էի, ով բոլորից շատ էր գովում «Տոտենհեմի» խաղը: Իսկապես տխրել եմ Պոչետինոյի խոսքերից: Երբեք անհարգալից չեմ վերաբերվել իմ գործընկերներին»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում «The Telegraph»-ը:

Հավելենք, որ «Մանչեսթեր Սիթին» ու «Տոտենհեմն» ԱՊԼ-ում հանդիպելու են դեկտեմբերի 16-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում