Վալվերդե. Կպատրաստվենք «Ատլետիկոյի» առաջարկած մենյուին

Վալվերդե. Կպատրաստվենք «Ատլետիկոյի» առաջարկած մենյուին

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էրնեստո Վալվերդեն խոսել է Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ այսօր կայանալիք արտագնա խաղի մասին: Մասնավորապես 53-ամյա մասնագետին հարցրել են, թե ինչպես են իրենց զգալու տվյալ խոտածածկի վրա, որը տանտերերի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի խոսքով հարմարեցված է լինելու «Ատլետիկոյին»: 

«Ես այգեպան չեմ, այլ ֆուտբոլային մարզիչ: Իմ գործը թիմին նախապատրաստելն է: Երբ ինձ հյուր եք հրավիրում, ինքներդ եք տրամադրում սփռոցը, ափսեները և բաժակները, իսկ ես հարմարվում եմ դրանց: Կպատրաստվենք այն մենյուին, որը մեզ կառաջարկի «Ատլետիկոն»: Հասկանում ենք, որ հիանալի մթնոլորտով մարզադաշտում ենք լինելու՝ չնայած երբեք չենք խաղացել այնտեղ»,- Վալվերդեի խոսքը փոխանցում է Goal.com-ը։

Վալվերդեի գլխավորած թիմերը նախկինում երբեք չեն հաղթել Սիմեոնեի ակումբներին։ Այս կապակցությամբ կատալոնացիների մարզիչն ասել է հետևյալը․

«Բացատրություն չունեմ, թե ինչու նախկինում չեմ հաղթել Սիմեոնեին: Հավանաբար նրա թիմերն ավելի ուժեղ են եղել: Հիմա արդեն այդպես չէ: Տեսնենք, թե այս խաղում ինչ կստացվի»,- ասել է «մրջյուն» մականունով մարզիչը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում