Շարապովան վերադարձից հետո առաջին տիտղոսն է նվաճել

Շարապովան վերադարձից հետո առաջին տիտղոսն է նվաճել

Տյանցզինի «WTA International» մրցաշարի եզրափակչում ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան 7:5, 7:6 (10:8) հաշվով դժվարին հաղթանակ է տոնել Բելառուսի ներկայացուցիչ Արինա Սոբոլենկոյի նկատմամբ։

2 ժամ 6 րոպե տևած հանդիպման ընթացքում Շարապովայի ակտիվում գրանցվել է 7 էյս, 3 կրկնակի սխալ, 6 բրեյք-փոյնթ՝ 16 հնարավորից, իսկ Սոբոլենկոյի ակտիվում՝ 1 էյս, 5 կրկնակի, 5 բրեյք-փոյնթ՝ 10 հնարավորից։

Այսպիսով, դոպինգ օգտագործելու համար որակազրկումից հետո Շարապովան նվաճեց իր առաջին տիտղոսը։ Սոբոլենկոյի համար սա WTA մրցաշարերի առաջին եզրափակիչն էր, իսկ Շարապովան Հռոմի 2015 թվականի մրցաշարի եզրափակչից հետո առաջին անգամ էր մասնակցում տիտղոսային խաղի։

Կարիերայի ընթացքում Մարիա Շարապովան նվաճել է 36 տիտղոս, այդ թվում 5՝ «Մեծ Սաղավարտի» մրցաշարերի։ Հանդիպումից հետո թենիսիստուհին «Twitter»-ում գրել է, որ երբեք չի մոռանա այս մրցանակը։

«№36, ես միշտ կհիշեմ քեզ»,- գրել է Շարապովան։

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում