Ակումբ, որտեղ 50 տարի է` արտակարգ հարձակվողներ են խաղում

Թվարկենք այն հարձակվողներին, որոնք «Ատլետիկոյին» հպարտության առիթ են տալիս: 

Լուիս Արագոնես (Իսպանիա, 1964-1974) – 368 խաղ, 172 գոլ

Մեր ցուցակը բացում է «Ատլետիկոյի» այն հարձակվողը, ում մեզանից շատերն այլ դերով են հիշում. Լուիս Արագոնեսը 2008 թվականի Եվրոպայի առաջնությունում Իսպանիային առաջնորդեց դեպի չեմպիոնություն: Նախքան տիտղոսակիր մարզիչ դառնալն Արագոնեսը հաջողակ ֆուտբոլիստ էր, ում կարիերայի ոսկե տարիներից տասն «Ատլետիկոյում» են անցել: Նա «Ատլետիկոյի» հետ Իսպանիայի եռակի չեմպիոն դարձավ, հասավ Չեմպիոնների գավաթի եզրափակիչ: Արագոնեսն ակումբի լավագույն ռմբարկուների ցուցակում է. նա ստվեր է գցել Պակո Կամպոսի, Ադրիան Էսկուդերոյի, Ժոզե Ջանկոսի պես ֆուտբոլիստների հաջողությունների վրա:

Ուգո Սանչես (Մեքսիկա, 1981-1985) – 162 խաղ, 82 գոլ

Մեքսիկացի հանճարեղ ֆուտբոլիստը հիմա որպես «Ռեալի» հարձակվող է հիշվում, որի կազմում ավելի քան 200 գնդակ է խփել: Ուգոն հանրաճանաչ դարձավ Իսպանիայում, երբ «Ատլետիկոյի» կազմում էր: Նա Իսպանիայի առաջնության բոլոր ժամանակների լավագույն հարձակվողներից է (հիմա 4-րդն է ցուցակում, զիջում է Մեսսիին, Ռոնալդուին ու Տելմո Սարային):

Խուլիո Սալինաս (Իսպանիա, 1986-1988) – 89 խաղ, 36 գոլ

90-ականների առաջին կեսի գլխավոր հարձակվողը ծնվել է Բիլբաոյում ու առաջին քայլերն արել տեղի «Ատլետիկում», ապա տեղափոխվել մայրաքաղաք ու հիանալի արդյունքի հասել «հնդկացիների» կազմում: Կարելի է ասել, որ «Ատլետիկոյի» կազմում անցկացրած 2 մրցաշրջանները նրա համար առանցքային էին, քանի որ դրանից հետո նա տեղափոխվել է «Բարսելոնա» ու 100 գոլ խփել այդ թիմի կազմում: 

Լյուբոսլավ Պենյով (Բուլղարիա, 1995-1996) – 43 խաղ, 25 գոլ

Պենյովը Լա լիգայի աստղ դարձել է «Վալենսիայի» կազմում, 100-ից ավելի գոլ խփել: «Ատլետիկոյում» ընդամենը մեկ մրցաշրջան է խաղացել, բայց այն արժե հիշատակման, չէ՞ որ թիմը երկրի չեմպիոն է դարձել, Արքայական գավաթին արժանացել, իսկ բուլղարացին դարձել է այդ երկու մրցաշարի լավագույն ռմբարկուն:

Կրիստիան Վյերի (Իտալիա, 1997-1998) – 32 խաղ, 29 գնդակ

Բոբոն գրեթե 18 մլն եվրոյի դիմաց է տեղափոխվել «Ատլետիկո», բայց Իսպանիայում 1 տարի խաղալուց հետո «Լացիոն» 1.5 անգամ ավելացրել է գումարը, որպեսզի ֆուտբոլիստին վերադարձնի Ա Սերիա: Մեծ թվով ակումբներում հանդես եկած ֆուտբոլիստը թեև կարճ, բայց տպավորիչ ելույթ է ունեցել Իսպանիայում:

Ջիմի Ֆլոյդ Հասելբայնկ (Նիդեռլանդներ, 1999-2000) – 43 խաղ, 33 գոլ

Ֆլոյդին լավ են ճանաչում հատկապես «Չելսիի» երկրպագուները, որտեղ նա 4 հիանալի մրցաշրջան է անցկացրել: Լա լիգայում էլ հոլանդացին իրեն լավագույնս է դրսևորել: Նա էլ Վյերիի պես ընդամենը 1 մրցաշրջան է «Ատլետիկոյի» կազմում խաղացել, բայց թիմին օգուտ է բերել ոչ միայն իր խփած գոլերով, այլև ֆինանսական մասով․ իսպանացիները նրա վաճառքից մեծ շահույթ են ստացել:

Ֆերնանդո Տորրես (Իսպանիա, 2001-2007, 2015-ից մինչև այսօր) – 359 խաղ, 119 գոլ

Ակումբի սանը դարձել է թիմի պատմության ամենաերիտասարդ ավագը. Ֆերնանդոն 19 տարեկանում ստացել է պատվավոր թևկապը: Տորրեսը Սեգունդայում է սկսել ելույթներն «Ատլետիկոյի» կազմում, թիմին օգնել է վերադառնալ Պրիմերա: «Լիվերպուլից» ստացված 38 մլն եվրո արժեցող առաջարկը Տորրեսին բաժանեց մադրիդյան թիմից, սակայն կարիերայի անհաջող շրջանից հետո հարազատ ակումբը կրկին գրկաբաց ընդունեց նրան։

Սերխիո Ագուերո (Արգենտինա, 2006-2011), 234 խաղ, 101 գոլ

Տորրեսից հետո փայլում էր Ագուերոն, ով լիովին արդարացրեց իր համար վճարված 22 մլն եվրոն ու մարզչական անձնակազմի սպասելիքները: 100 գոլն ու 2 անգամ ավելի գումարի դիմաց «Մանչեսթեր Սիթի» տեղափոխությունը դրա ապացույցն են: 

Դիեգո Ֆորլան (Ուրուգվայ, 2007-2011) – 198 խաղ, 96 գոլ

Ի տարբերություն Ագուերոյի, Ֆորլանը հասուն տարիքում է համալրել իսպանական թիմի կազմը, բայց դա նրան չի խանգարել հնչեղ կարիերա կերտել «Վիսենտե Կալդերոնում»: Նրա հետ թիմը 2010-ին հաղթել է Եվրոպա լիգայում:

Դիեգո Կոստա (Բրազիլիա/Իսպանիա, 2007-2009, 2010-2014 և մինչև 2018) – 135 խաղ, 64 գոլ

Դիեգո Կոստան առաջին անգամ «Ատլետիկոյի» հետ պայմանագիր 10 տարի առաջ է կնքել: Կոստան ձևավորվել է Ֆալկաոյի կողքին խաղալով, իսկ վերջինիս հեռանալուց հետո դարձել թիմի գլխավոր հարձակվողն ու հրավեր ստացել «Չելսիից»: Տևական բացակայությունից հետո հունվարից Կոստային կրկին կտեսնենք «Ատլետիկոյում»։ 

Ռադամել Ֆալկաո (Կոլումբիա, 2011-2013) – 91 խաղ, 70 գոլ

Մինչև ծանր վնասվածքը Ֆալկաոն երկրագնդի երեք լավագույն հարձակվողների շարքում էր: Կոլումբիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն մեծաքանակ գոլեր է խփել Մադրիդում, իսկ 2 գլխավորները խփել է «Ատլետիկի» դեմ Եվրոպա լիգայի եզրափակչում:

Դավիդ Վիլյա (Իսպանիա, 2013-2014) – 47 խաղ, 15 գոլ

Իսպանիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն օվկիանոսից այն կողմ տեղափոխվելուց առաջ «Ատլետիկոյի» կազմում էր խաղում: Վիլյայի «հերթափոխության» ժամանակ «Ատլետիկոն» Իսպանիայի չեմպիոն է դարձել, թեև թվում էր՝ «Ռեալի» ու «Բարսելոնայի» հետ պայքարն անիմաստ էր:

Մարիո Մանջուկիչ (Խորվաթիա, 2014-2015), 43 խաղ, 20 գոլ

Թվում էր, թե Սիմեոնեի համար իդեալական էր Մարիոյի ոճը, բայց նա չկարողացավ հարմարվել: Ամեն դեպքում, խորվաթն անպետք չէր թիմի համար, ինչի ապացույցը 20 գոլն է:

Անտուան Գրիզման (Ֆրանսիա, 2014-ից մինչև այսօր) – 160 խաղ, 83 գոլ

Գրիզմանն առհասարակ ժամանակակից տաղանդավոր հարձակվողների նեղ շրջանակում է: Նա «Ոսկե գնդակի» գլխավոր հավակնորդներից կդառնա, երբ Կրիշտիանուն ու Լեոն դադարեն իրենց շուրջ պտտեցնել ֆուտբոլային աշխարհը: Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ Գրիզմանը կարող էր կարիերայի շարունակության համար նոր՝ գուցե ավելի հեռանկարային տարբերակներ դիտարկել, սակայն ակումբի համար դժվարին ժամանակահատվածում որոշեց չհեռանալ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում