«Երեխայի երազանք»․ Ռոնալդուի կյանքի երկու առանցքային պահերը

«Երեխայի երազանք»․ Ռոնալդուի կյանքի երկու առանցքային պահերը

Պորտուգալիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն իր պատմությունը ներկայացրել է «The Players Tribune»-ի էջերում։ Հրապարակման թարգմանությունը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։

***

Հիշողությանս մեջ 7 տարեկանս է պահպանվել: Այն այնքան վառ է, որ հիմա էլ աչքիս առաջ է, ջերմությամբ է ինձ լցնում: Այն ընտանիքիս մասին է:

Նոր էի սկսել լրջորեն զբաղվել ֆուտբոլով: Մինչև այդ Մադեյրայի փողոցներում ընկերներիս հետ էի խաղում: Երբ «փողոց» եմ ասում, ես դատարկ ճանապարհ նկատի չունեմ, այլ իսկական «փողոց»: Մենք դարպասներ չունեինք, ամեն անգամ ստիպված էինք կանգնել ու ճանապարհ տալ մեքենաներին: Բացարձակ երջանիկ էի այդպես ամեն օր խաղալով: «Անդորինյա» ակումբում աշխատող հայրս ինձ տարավ մանկական թիմում խաղալու: Գիտեի, որ իսկապես կհպարտանար դրանով ու գնացի:

Առաջին օրը լցված էր ինձ համար անհասկանալի կանոններով, բայց ինձ դուր եկավ։ Տարվեցի խաղի կառուցվածքով ու զգացողությամբ, որ տալիս էին հաղթանակները: Հայրս իր տպավորիչ մորուքով ու աշխատանքային հագուստով ամեն խաղի ժամանակ դաշտի մոտ էր կանգնում: Նա սիրում էր խաղը, բայց մայրս ու քույրերս հետաքրքրված չէին ֆուտբոլով: Յուրաքանչյուր երեկո հայրս ընթրիքը փորձում էր փոխարինել ֆուտբոլով, գալիս էր ինձ դիտելու: Նա ասես իմ առաջին գործակալը լիներ:

Հիշում եմ՝ երբ խաղից տուն էինք գնում, հայրս ասում էր. «Կրիշտիանուն գոլ է խփել»: Նրանք պատասխանում էին. «Դե, լավ է»: Նրանց իրականում դա չէր հետաքրքում, հասկանո՞ւմ եք: Հետո հայրս գալիս էր ու ասում. «Կրիշտիանուն երկու գոլ է խփել»: Նորից ոչ մի հիացմունք: Նրանք ուղղակի ասում էին. «Օ՜, դա իսկապես հիանալի է, Կրիշ»: Ի՞նչ էր մնում անել: Պարզապես շարունակում էի խփել: Մի անգամ հայրս տուն եկավ ու ասաց. «Կրիշտիանուն երեք գոլ է խփել: Նա հիասքանչ էր: Դուք պարտավոր եք գնալ նրան դիտելու»: Ես շարունակում էի միայն հորս մենակ տեսնել դաշտի կողքին: 

Երբեք չեմ մոռանա, թե ինչպես մի անգամ դաշտ մտնելուց առաջ պտտվեցի ու մորս տեսա քույրերիս հետ. նրանք տրիբունայում էին: Նրանք չէին ծափահարում ու չէին բղավում, պարզապես ձեռքով ողջունում էին ինձ, ասես շքերթի էի մասնակցում կամ նման մի բան: Թեև նրանք այնպիսի տեսք ունեին, ասես երբեք ֆուտբոլ չէին դիտել, բայց տրիբունայում էին ու դա անհանգստացնում էր ինձ: 

Այնքան հաճելի էր: Դա մեծ նշանակություն ուներ ինձ համար: Իմ մեջ ասես ինչ-որ բան էր շուռ եկել: Մենք այդ ժամանակ շատ փող չունեինք, Մադեյրայում կյանքը դժվար էր: Հին խաղակոշիկներով էի խաղում, որ զարմիկներիցս մեկն էր տվել: Երեխային փողը չի անհանգստացնում, կարևորը նրա ապրումներն են: Ինձ համար այդ օրը շատ էմոցիոնալ էր: Ինձ ապահով էի զգում, սիրված: Պորտուգալերենում այսպիսի արտահայտություն կա. «Ընտանիքի սիրելի երեխա»:

Այդ ժամանակահատվածը նոստալգիա է առաջացնում, քանի որ շատ կարճ է տևել: Ֆուտբոլն ինձ ամեն ինչ է տվել, բայց ստիպել է հեռանալ տանից, երբ դեռ պատրաստ չէի դրան: 11 տարեկանում կղզուց լիսաբոնյան «Սպորտինգի» ակադեմիա տեղափոխվեցի ու ապրեցի կյանքիս ամենաբարդ ժամանակաշրջանը:

Ինձ հիմա բարդ է վերհիշել այդ ամենը: Որդիս 7 տարեկան է ու մտածում եմ՝ ի՞նչ կզգայի, եթե 4 տարի անց հավաքեի նրա իրերն ու Լոնդոն կամ Փարիզ ճանապարհեի: Անհնար է թվում: Վստահ եմ, որ ծնողներիս համար ևս այդպես էր: Ինձ համար դա երազանքիս հասնելու հնարավորություն էր, և նրանք թողեցին, որ գնամ «Սպորտինգ»:

Նախկինի պես Պորտուգալիայում էի ապրում, բայց թվում էր, թե այլ երկրում էի: Լեզվի արտասանությունը տարբեր էր ու օտար էր թվում: Մշակույթն էր ուրիշ: Որևէ մեկին չէի ճանաչում ու միայնակ էի: Ընտանիքս կարող էի այցելել 4 ամիսը մեկ անգամ: Նրանց կարիքը շատ էի զգում, ու ամեն օրը շատ ավելի ցավոտ էր:

Ֆուտբոլն օգնում էր ինձ: Ես գիտեի, որ կարող էի դաշտում անել այն, ինչ «Սպորտինգի» ակադեմիայի մյուս սաները չէին կարող: Հիշում եմ, թե ինչպես մի անգամ տղաներից մեկը մյուսին ասում էր. «Տեսե՞լ ես, թե նա ինչ է անում: Այդ տղան ուղղակի գազան է»: Հետո անընդհատ լսում էի նման արտահայտություններ, մարզիչներն էլ էին նկատում, բայց ինչ-որ մեկը մի անգամ ավելացրել էր, որ շատ փոքրիկ եմ:

Այդպես էլ կար: Նիհարիկ էի ու առանց մկանների: 11 տարեկանում որոշում էի ընդունել: Գիտեի՝ շատ տաղանդավոր էի, բայց որոշել էի, որ բոլորից շատ ու ջանասիրաբար պետք է աշխատեի, դադարեի երեխայի պես խաղալ ու պահել ինձ: Որոշել էի այնպես մարզվել, ասես կարող էի լավագույնը դառնալ աշխարհում: Չգիտեմ, թե որտեղից էր ծնվել այդ զգացողությունը, բայց ներսից էր գալիս: Սովի չդադարող ցանկության պես է. պարտվելու դեպքում սովի սուր զգացողություն ես ունենում, իսկ երբ հաղթում ես՝ էլի սոված ես, թեև մի քանի կտոր արդեն կերել ես: Միայն այսպես կարող եմ բացատրել, թե ինչ էի զգում:

Սկսել էի գիշերները գաղտնի դուրս գալ հանրակացարանի սենյակից, որպեսզի աշխատեի ինձ վրա: Ավելի առողջ ու արագ էի դառնում: Նախկինում ինձ նիհարիկ ասող մարդիկ արդեն այնպես էին ինձ նայում, ասես աշխարհի վերջ էր:

15 տարեկանում մարզման ժամանակ դիմեցի խաղընկերներիս: Հիշում եմ, թե ինչ ասացի. «Մի օր ես լավագույնը կդառնամ աշխարհում»: Նրանք ծիծաղում էին, չէ՞ որ ես անգամ «Սպորտինգի» առաջին թիմում չէի, բայց հավատում էի ասածիս ու շատ լուրջ էի:

Երբ 17 տարեկանում սկսեցի պրոֆեսիոնալ մակարդակում խաղալ, մայրս սթրեսի պատճառով հազվադեպ էր հետևում ելույթներիս: Նա գալիս էր «Ժոզե Ալվալեդե» հին մարզադաշտ, բայց այնքան էր լարվում խաղերի ժամանակ, որ մի քանի անգամ կորցրեց գիտակցությունը: Այո, նա ուշագնաց էր լինում: Բժիշկները նրան խաղերիցս առաջ հանգստացնող հաբեր էին տալիս: Ասում էի մորս. «Հիշո՞ւմ ես, որ նախկինում ֆուտբոլով հետաքրքրված չէիր»:

Սկսել էի ավելիի մասին մտածել: Ցանկանում էի հավաքականում և «Մանչեսթեր Յունայթեդում» խաղալ, քանի որ ամբողջ ընթացքում հեռուստացույցով հետևում էի Անգլիայի Պրեմիեր լիգայի խաղերին: Հիանում էի երկրպագուների երգերով, ֆուտբոլիստների արագությամբ: Ինձ այնքան էր անհանգստացնում անգլիական ֆուտբոլի մթնոլորտը: «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ դառնալու համար հպարտանում էի, բայց կարծում եմ՝ ընտանիքս ավելի հպարտ էր:

Սկզբում շատ բուռն էի արձագանքում գավաթներ նվաճելիս: Հիշում եմ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նվաճած Չեմպիոնների լիգայի առաջին գավաթը: Ես ուղղակի ապշած էր: Այդպես էր նաև առաջին «Ոսկե գնդակի» ժամանակ: Չէի դադարում երազել, չէ՞ որ դա է երազանքի իմաստը:

Միշտ հիացել եմ «Ռեալով» ու նոր մարտահրավեր ցանկացել: Ցանկանում էի հաղթել «Ռեալի» հետ, ռեկորդներ սահմանել ու դառնալ ակումբի լեգենդը: «Ռեալի» կազմում վերջին 8 տարիներին ես անհավատալի ձեռքբերումներ եմ ունեցել: Ժամանակի հետ, սակայն տիտղոսները սկսել են այլ զգացմունքներ առաջացնել։ Ասվածը հատկապես վերջին 2 տարիներին է վերաբերում: Մադրիդում եթե անընդհատ չհաղթես՝ մարդիկ դա որպես ձախողում կընդունեն: Այդ սպասումը հանճարեղ է: Դա իմ աշխատանքն է:

Հայր լինելը բոլորովին այլ զգացողություն է: Չեմ կարող նկարագրել: Ահա թե ինչու է «Ռեալում» իմ ժամանակը յուրահատուկ դարձել: Այստեղ ես ֆուտբոլիստ եմ և հայր: Որդուս վերաբերող մի դրվագ կա, որ միշտ կհիշեմ: Այդ մասին մտածելիս միշտ ջերմությամբ եմ լցվում: 

Քարդիֆում էր, երբ մենք պատմություն կերտեցինք Չեմպիոնների լիգայի եզրափակչում: Զգացողությունս անպիսին էր, ասես ուղերձ էի թողել ամբողջ աշխարհի համար: Հետո որդիս հայտնվեց դաշտում ու զգացողություններս միանգամից փոխվեցին: Կրիշտիանու-կրտսերը վազում էր իմ շուրջ Մարսելոյի որդու հետ: Որդուս հետ բարձրացրել էինք գավաթը, հետո ձեռք-ձեռքի տված քայլում էինք դաշտում: Այնպիսի՜ ուրախություն էր դա: Չէի գիտակցում, քանի դեռ հայր չէի դարձել: Միանգամից այնքան բան ես զգում, որ բառեր ընտրել հնարավոր չէ: Դա կարող եմ համեմատել միայն նրա հետ, ինչ զգացել եմ Մադեյրայում խաղից առաջ մարզվելիս, երբ մայրս ու քույրերս տրիբունաներում էին:

Երբ «Սանտյագո Բերնաբեու» վերադարձանք, որպեսզի հաղթանակը տոնենք երկրպագուների հետ, որդիս Մարսելիտոյի հետ խաղում էր բոլորի աչքի առաջ: Այդ տեսարանը շատ էր տարբերվում փողոցի իմ խաղի տեսարանից: Հույս ունեմ, որ որդիս նույնն է զգացել, ինչ ես: Ինչպես մենք՝ պորտուգալացիներս ենք ասում. «Ընտանիքի սիրելի երեխա»:

«Ռեալում» 400 խաղ անցկացնելուց հետո ես շարունակում եմ հաղթանակներ ցանկանալ: Կարծում եմ՝ այդպիսին եմ ծնվել: Փոխվել է հաղթանակներին հաջորդող զգացողությունը: Նոր գլուխ է իմ կյանքում, իմ նոր «Mercurial» խաղակոշիկների վրա հատուկ գրառում կա: Այդ խոսքերը վերջին բանն են, որ տեսնում եմ կոշիկներս կոճկելուց հետո ու քայլում եմ դեպի թունել, որպեսզի դաշտ մտնեմ: Դա ասես լրացուցիչ խթան է: Գրված է. «երեխայի երազանք»: Գուցե հիմա ամեն ինչ հասկանաք:

Վերջին հաշվով իմ նպատակն այն է, ինչ միշտ է եղել: Ցանկանում եմ շարունակել ռեկորդներ սահմանել «Ռեալում», ցանկանում եմ հնարավորինս շատ տիտղոս նվաճել: Դա իմ արյան մեջ է:

Իսպանիայում խաղալու ամբողջ ընթացքում ամենակարևոր զգացողությունս այն է, երբ չեմպիոն եմ ու քայլում եմ դաշտում որդուս ձեռքը բռնած: 95 տարեկանում այդ մասին թոռներիս եմ պատմելու։

Հույս ունեմ, որ նորից կանենք դա: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում