Գոլառատ խաղում «Արսենալը» հաղթեց «Էվերթոնին» (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում «Արսենալն» արտագնա խաղում առավելության հասավ «Էվերթոնի» նկատմամբ։ Լիվերպուլի «Գուդիսոն Պարկ» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց 2։5 հաշվով։

«Զինագործները» լավ սկսեցին հանդիպումը, սակայն հաշիվը բացեցին դաշտի տերերը․ 12-րդ րոպեին աչքի ընկավ Ուեյն Ռունին։ Խաղակեսի վերջնամասում Նաչո Մոնրեալը վերականգնեց հավասարությունը։ Երկրորդ կեսի մեկնարկում Ալեքսիս Սանչեսի փոխանցումից հետո Մեսուզ Օզիլը հաշիվը դարձրեց 1։2, իսկ 74-րդ րոպեին Օզիլը գոլային փոխանցում կատարեց Ալեքսանդր Լյակազետին։ Մյուս գոլերն արձանագրվեցին 90-95-րդ րոպեների ընթացքում․ նախ աչքի ընկավ Աարոն Ռեմսին, ապա Բայե Ումար Նիասը խփեց «Էվերթոնի» երկրորդ գոլը, իսկ վերջնական հաշիվը ձևակերպեց Սանչեսը։ 68-րդ րոպեից՝ Իդրիսա Գեյեի հեռացման արդյունքում, «Արսենալը» խաղաց թվային առավելությամբ։

Այս հաղթանակից հետո Արսեն Վենգերի թիմն ունի 16 միավոր և «Չելսիի» հետ կիսում է մրցաշարային աղյուսակի չորրորդ հորիզոնականը, իսկ «Էվերթոնը» մնաց 8 միավորով 18-րդ տեղում։

Անգլիայի Պրեմիեր լիգա, 9-րդ տուր

«Էվերթոն» – «Արսենալ»՝ 2։5
Գոլերը՝ Ռունի 12՛, Նիաս 90+3՛ – Մոնրեալ 40՛, Օզիլ 53՛, Լյակազետ 74՛, Ռեմսի 90՛, Սանչես 90+5՛
Հեռացում՝ Գեյե 68՛

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ

Հետևեք մեզ նաև Telegram-ում