«Մարսելի» ֆուտբոլիստ. Ինձ հանձնարարել էին հրահրել Նեյմարին

Մարսելի «Օլիմպիկի» կիսապաշտպան Անդրե Ֆրանկ Զամբո Անգիսան խոստովանել է, որ ՊՍԺ-ի հետ խաղում (2:2) գլխավոր մարզիչ Ռուդի Գարսիայի կողմից հրահանգ է ստացել «կեղտոտ» հնարքների դիմել Նեյմարի նկատմամբ:

«Հանձնարարություն ունեի հրել ու հրահրել Նեյմարին: Մարզիչը զգուշացրել էր ինձ, որ բրազիլացին անհավանական տաղանդ ունի, բայց երբեմն «խելքը թռցնում է»: Ես առանց լուրջ խախտումների, փոքր կոպտություններով, հրելու և այլ հնարքների դիմելով նրան հաճախակի խոտածածկին էի տապալում: Միշտ նրա կողքին էի: Մի անգամ նրա նկատմամբ խախտում չկատարեցի, և Նեյմարը 30 մետր գնդակով առաջ գնաց:

Ամբողջ հանդիպման ընթացքում նա հանգիստ էր, սակայն խաղավերջում զայրացավ: Մենք հրահանգ ունեինք նրա նկատմամբ ավելի կոպիտ գործելու, քան մյուսների: Սակայն այդ խախտումներն ուղղված չէին նրան վնասվածք հասցնելուն»,- 21-ամյա կամերունցու խոսքերն է մեջբերում «L’Equipe»-ը:

Հիշեցնենք, որ 25-ամյա բրազիլացին կարմիր քարտ (երկու դեղին) է ստացել Լուկաս Օկամպոսին գլխով հարվածելու համար, երբ վերջինս նրա նկատմամբ հետևից կոպիտ խախտում է կատարել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում