Երկու 11-մետրանոց. «Ռեալը» հաղթել է գավաթային խաղում (տեսանյութ)

Իսպանիայի գավաթի խաղարկությունում «Ռեալը» մեկնարկել է Մադրիդի արվարձանում` Ֆուենլաբրադայում, որտեղ հյուրընկալվել է այդ քաղաքի համանուն թիմին:

«Սերուցքայիններն» իրենց առավելությունը կարողացել են գոլի վերածել միայն 63-րդ րոպեին: Աջ պաշտպան Աշրաֆ Հակիմին վիճելի 11-մետրանոց է վաստակել․ մրցակիցը խախտումը սկսել է կատարել տուգանային հրապարակից դուրս, սակայն Հակիմին գիծն անցնելուց հետո է ընկել: Նշակետին մոտեցել է Մարկո Ասենսիոն, ով ապակողմնորոշել է դարպասապահին:

«Արքայական ակումբի» հաղթանակն ամրապնդվել է 80-րդ րոպեին: Անկյունայինի խաղարկումից հետո կրկին 11-մետրանոց է նշանակվել: Այս անգամ հարվածն իրացրել է Լուկաս Վասկեսը, ով նույնպես անվրեպ է եղել: Գրանցվել է 0:2 հաշիվը:

Երկու թիմերն էլ խաղն ավարտել են 10-ական ֆուտբոլիստով: Տանտերերի կազմում խաղադաշտից հեռացվել է Պակո Կանդելան (79), իսկ հյուրերից` Խեսուս Վալյեխոն (89):

Պատասխան մրցավեճը կկայանա նոյեմբերի 29-ին:

Տեսանյութ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում