«AS». Չնայած վտանգին՝ «Ժիրոնա» – «Ռեալ» խաղը չի հետաձգվելու

Իսպանիայի առաջնության 10-րդ տուրի՝ «Ժիրոնա» – «Ռեալ» հանդիպումը չի հետաձգվելու: Այդ մասին հայտնում է as.com-ը` հղում կատարելով Լա լիգայի ղեկավարությունում իր աղբյուրներին:

Այսօր` հոկտեմբերի 27-ին, Կատալոնիան պաշտոնապես ինքնահռչակվել է անկախ: Խորհրդարանի 84 անդամներից 72-ը քվեարկել են բացարձակ անկախության օգտին: Գրեթե անմիջապես Իսպանիայի սենատը որոշում է կայացրել վերացնել Կատալոնիայի ինքնիշխանության կարգավիճակը, կազմալուծել խորհրդարանը և կառավարումը Մադրիդին հանձնել:

Բարսելոնայում և մյուս քաղաքներում լուրջ բողոքներ են սպասվում Իսպանիայի որոշումների նկատմամբ: Այդ պատճառով ոստիկանությունը խնդրել է հոկտեմբերի 29-ին նախանշված «Ժիրոնա» – «Ռեալ Մադրիդ» մրցավեճը հետաձգել անվտանգության պատճառով: Երկու ակումբները խաղն անցկացնելու ցանկություն են հայտնել, նույնը նաև կատալոնական Ժիրոնա քաղաքի ղեկավարները:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ արտագնա այդ խաղում «սերուցքայինների» ավտոբուսի վրա պատկերված չի լինի ակումբի տարբերանշանը:

Դեռ պարզ չէ, թե կիրակի օրը կատալոնացիներն ինչպիսի տրամադրվածություն կունենան: Այս պահին նրանք տոնում ենք անկախությունը

Հետևեք մեզ նաև Telegram-ում