«Պարի Սեն Ժերմեն»․ աստղային «բանակ»՝ թույլ հրամանատարով

Ֆրանսիական ՊՍԺ-ն պայթեցրեց ամառային տրանսֆերային պատուհանը՝ երկու գերխոշոր գործարք կատարելով: Նեյմարին և Կիլիան Մբապեին ձեռք բերելու համար ակումբը ծախսեց գրեթե 400 մլն եվրո: Առաջին հայացքից թվում է, որ պետք է երջանիկ լինեն բոլորը, բայց ինչպես ասում են՝ «խնձորը ներսից է փտում»:

Աստղային կազմ

Ֆրանսիական ակումբն իր կազմով, կարելի է ասել, որ մի հարթության վրա է եվրոպական այնպիսի ակումբների հետ, ինչպիսիք են Մադրիդի «Ռեալը», «Բարսելոնան», «Մանչեսթեր Սիթին», «Յուվենտուսը»: Էդինսոն Կավանին, Տիագո Սիլվան, Մարկո Վերատին համաշխարհային ֆուտբոլի կարկառուն ներկայացուցիչներն են, որոնք բազմիցս ապացուցել են իրենց բարձր կարգը: Չնայած այս աստղաբույլին, ՊՍԺ-ն նախորդ մրցաշրջանում կարողացավ նվաճել միայն Ֆրանսիական լիգայի գավաթն ու Ֆրանսիայի գավաթը:

Այս մրցաշրջանում աստղերի թիվն ավելացել է ևս երեքով՝ Նեյմար, Դանի Ալվես, Կիլիան Մբապե: Մեկ թիմում այսքան աստղերի հավաքելը պայթյունավտանգ է: Նրանց պետք է ուժեղ բնավորությամբ գլխավոր մարզիչ, առաջնորդ, բայց ՊՍԺ-ն արդեն մեկուկես տարի է գլխավորում է Ունայի Էմերին:

Գլխավոր մարզիչը

Էմերին երբեք չի աշխատել թոփ ակումբների կամ թոփ ֆուտբոլիստների հետ: Ճիշտ է, նրա գլխավորած «Սևիլյան» 3 տարի անընդմեջ հաղթել է Եվրոպա լիգան, բայց դա ոչինչ չի նշանակում այս պարագայում: Էմերիին ՊՍԺ են հրավիրել Չեմպիոնների լիգան հաղթելու համար, իսկ նա նույնիսկ չկարողացավ Ֆրանսիայի չեմպիոնությունը պաշտպանել: Իզուր չէ, որ Չեմպիոնների լիգան համարվում է հին աշխարհի ակումբային ամենահեղինակավոր մրցաշարը: Սա լիովին այլ մակարդակ է: Սա Եվրոպա լիգան չէ: Պարադոքսալ է հնչում, բայց ՊՍԺ-ի ղեկավարները սխալվել են՝ թիմ հրավիրելով Ունաի Էմերիին:

Զարգացման փոխարեն հետընթաց

Այլ կերպ չի կարելի անվանել այն, որ ՊՍԺ-ն չկարողացավ նախորդ մրցաշրջանում պաշտպանել չեմպիոնությունը: Իհարկե, «Մոնակոն» ֆանտաստիկ մրցաշրջան անցկացրեց, սակայն փարիզյան ակումբը պարտավոր էր հաղթել Լիգա 1-ը: Չեմպիոնների լիգայի մասին խոսելն անգամ ավելորդ է: «Բարսելոնայի» դեմ դիմակայությունը ևս մեկ անգամ ապացուցեց Էմերիի թույլ բնավարությունը, որն էլ փոխանցվում է իր թիմերին:

ՊՍԺ-ն 2012-2013թթ. մրցաշրջանում դարձավ Լիգա 1-ի հաղթող: Այդ ժամանակ թիմը գլխավորում էր Կարլո Անչելոտին, Իբրահիմովիչն էլ նոր էր տեղափոխվել Ֆրանսիա: Հաջորդ երեք տարիներն անցան Լորան Բլանի ղեկավարությամբ: Ֆրանսիացի մասնագետին ևս թոփ մարզիչ չես անվանի: Նրա ղեկավարության տարիներին էլ թիմում առաջնորդի կռիվ կար (Իբրահիմովիչի և Կավանիի միջև): Այնուամենայնիվ, Բլանը կարողացավ ՊՍԺ-ի հետ 3 տարի անընդմեջ դառնալ Ֆրանսիայի չեմպիոն: Իսկ Իբրայի ու Կավանիի միջև եղած մրցակցությունն էլ երբեք լայն քննարկման առիթ չդարձավ: Նախ, դա թույլ չտվեց Բլանը, հետո Իբրահիմովիչն ու Նեյմարը լիովին տարբեր բնավորության տեր ֆուտբոլիստներ են: Բնական է, որ Կավանին հաշվի էր նստում գրեթե ամեն տեղ, գրեթե ամեն ինչ հաղթած Իբրահիմովիչի հետ: Իսկ այժմ, եկել է Նեյմարը, որը «փախել» է Մեսսիից և փորձում է իր կանոնները թելադրել: Ակումբում նրան վերաբերվում են ինչպես արքայի: Տվել են որոշակի արտոնություններ՝ մոռանալով թե Կավանիի, թե մյուսների մասին:

Էմերիի մարզչական գաղափարները

Շատ ֆուտբոլիստներ և մասնագետներ, որոնք աշխատել են Էմերիի հետ պնդում են, որ նա հիանալի է կազմակերպում մարզումները, շատ լավ վերլուծում է մրցակցին, ունի իր գաղափարները, որոնք փորձում է կյանքի կոչել յուրաքանչյուր թիմում:

Էմերին նախընտրում է 4-2-3-1 տակտիկական սխեման, որը հեշտությամբ վերածվում է 4-3-3-ի: Գլխավոր առանձնահատկություններից մեկն ակտիվ պրեսինգն է: Խաղի ընթացքում գնդակ կորցնելուց հետո, Էմերիի ֆուտբոլիստները փորձում են թիմային պրեսինգի շնորհիվ վերադարձնել այն: Իսպանացի մասնագետը մեծ ուշադրությունը է դարձնում ֆուտբոլիստների միմյանց ապահովագրելու գործընթացի վրա: Նրա խոսքով՝ ցանկացած սխալ կարելի է ուղղել, եթե ապահովագրող ֆուտբոլիստը չթերանա: Այս ամենը հիանալի է, բայց ՊՍԺ-ի նման ակումբում, որտեղ խաղում են ֆուտբոլիստներ, որոնք կրկնակի, եռակի, քառակի անգամ շատ տիտղոսներ են նվաճել, քան Էմերին, բարդություններ են առաջանում: Ի՞նչ կարող է տալ բասկը Կավանիին, Նեյմարին, Ալվեսին։ Կարծում եմ` ոչինչ: Այն ինչ անհրաժեշտ է նրանց, Էմերիի մոտ բացակայում է. հաղթողի հոգեբանություն:

Ամփոփում

ՊՍԺ-ում կրքերը գնալով թեժանում են: Վերջերս լուրեր են տարածվել, որ Նեյմարը զղջում է և ցանկանում է վերադառնալ «Բարսելոնա»: Որքանով է հավաստի այս տեղեկությունը, դժվար է ասել, բայց փաստն այն է, որ ՊՍԺ-ում ինչ-որ բան այն չէ:

Ընթացիկ մրցաշրջանում ֆրանսիական ակումբը պարտություն չի կրել է: Ընթանում է Լիգա 1-ի առաջին հորիզոնականում՝ 4 միավորով գերազանցելով «Մոնակոյին»: ՉԼ-ում ևս միայն հաղթանակներ են: Արդյունքների առումով դժգոհություններ չկան, բայց միշտ էլ մրցաշրջանի սկիզբը լավ է դասավորվում, իսկ թե ինչ կլինի վերջում, ցույց կտա ժամանակը:

Միհրան Ալեքսանյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում