Մարեյը յուրօրինակ պայմանագիր է կնքել

Աշխարհի նախկին առաջին ռակետ Էնդի Մարեյը, ով վնասվածքի պատճառով բաց է թողնում մրցաշրջանի երկրորդ հատվածը, 3 տարվա պայմանագիր է կնքել Ավստրալիայի թենիսի ֆեդերացիայի հետ։ Այս մասին տեղեկանում ենք «Tennis World USA»-ից։

Նման պայմանագիրը տարօրինակ է այս մարզաձևում, քանի որ թենիսիստները հիմնականում պայմանագրեր են կնքում ոչ թե ֆեդերացիաների, այլ կոնկրետ մրցաշարերի հետ։ Օրինակ՝ Ռոջեր Ֆեդերերը պայմանագրեր ունի Դուբայի, Բազելի մրցաշարերի կազմակերպիչների հետ և պարտավոր է մասնակցել այս մրցումներին։

Մարեյը, իր պայմանագրի համաձայն, 2018, 2019 և 2020 թվականներին մրցաշրջանը սկսելու է Ավստրալիայում։ Սա նշանակում է, որ բրիտանացի թենիսիստը հնարավորություն չի ունենա մասնակցելու Դոհայի և Աբու-Դաբիի մրցաշարերին։ 2018 թվականին Մարեյը կմասնակցի Բրիսբենի մրցաշարին, իսկ 2019 և 2020 թվականներին Բրիսբենի փոխարեն կկարողանա մասնակցել Աշխարհի գավաթին, քանի որ ATP-ի օրացույցում տեղ գտած թիմային մրցաշարն այդ տարիներին անցկացվելու է Ավստրալիայում։

«Ավստրալիայում մեկնարկը նպաստում է մրցաշրջանի հաջող ընթացքին։ Շատ ուրախ եմ, որ առաջիկա երեք մրցաշրջանները հենց Ավստրալիայում եմ սկսելու։ Սիրում եմ այցելել Ավստրալիա, իսկ Բրիսբենի մրցաշարն ուժեղ կազմ է ունենում։ Համոզված եմ՝ դա ինձ կօգնի լավ պատրաստվել Ավստրալիայի բաց առաջնությանը»,- ասել է Մարեյը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում