Զիդան․ Մենք պետք է վերադառնանք հաղթական ուղի

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի՝ «Տոտենհեմի» հետ արտագնա հանդիպումից առաջ պատասխանել է լրագրողների հարցերին։

«Մենք հիանալի մարզավիճակում ենք։ Պարտությունից հետո մարդիկ կարող են մտածել, որ լավ վիճակում չենք, սակայն դա այդպես չէ։ Կրկնում եմ՝ մենք ֆիզիկապես հիանալի մարզավիճակում ենք և պատրաստ ենք լավ ֆուտբոլ ցուցադրել։ Կարող ենք հիանալի հանդես գալ ուժեղ մրցակցի դեմ։ Դա մեր նպատակն է։ Ֆուտբոլիստները հաճույք են ստանում նման խաղերից»,- ֆրանսիացի մասնագետի խոսքը մեջբերված է «Ռեալի» պաշտոնական կայքից։

«Ուեմբլի» մարզադաշտի մասին

«Ֆուտբոլիստները հասկանում են՝ որտեղ են խաղալու։ Սա յուրահատուկ մարզադաշտ է։ Մեծագույն արենայում ականտես կլինենք երկու հիանալի թիմի խաղի։ Ես խաղացել եմ հին «Ուեմբլիում» և լավ զգացողություններ եմ ունեցել։ Այս անգամ ես խաղադաշտում չեմ լինի, իմ փոխարեն կխաղան իմ ֆուտբոլիստները»։

«Ժիրոնայից» կրած պարտության մասին

«Չեմ կարծում, թե կատալոնական թիմի դեմ խաղը մեր վատագույն հանդիպումն էր։ Այսպիսին է ֆուտբոլը։ Մրցակիցը զարմացրեց մեզ, սակայն այլևս պետք չէ հիշել այդ հանդիպումը։ Այժմ մեզ սպասվում է խաղ, որում պետք է ուժ չխնայենք և հաղթանակի հասնելու համար լավ հանդես գանք»։

Հաղթական ուղի վերադառնալու մասին

«Իմ աշխատանքային կիրքը չի նվազել։ Ինձ համար ամենակարևորը տքնաջան աշխատանքն է։ Մրցաշրջանի ընթացքում վատ փուլեր են լինում, բայց մենք պատրաստվում ենք հաղթահարել այս շրջանը։ Ինձ դուր են գալիս մարտահրավերներ, սիրում եմ, երբ իրավիճակը բարդանում է։ Հիմա պետք է վերադառնանք հաղթական ուղի»։

Մրցակցի մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի մասին

«Նա հիանալի աշխատանք է կատարում։ Պոչետինոն իրեն լավ է զգում մի ակումբում, որը առավելագույնին է ձգտում։ Նրա արդյունքներն ինքնին խոսուն են»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում