Նադալն ապահովեց առաջին տեղը

Փարիզում ընթացող «Մասթերս» կարգի մրցաշարում Ռաֆայել Նադալը մեկնարկել է հաղթանակով: Իսպանացին 7:5, 6:3 հաշվով պարտության է մատնել հարավկորեացի Հեն Չոնին:

Այդ հաղթանակի շնորհիվ 31-ամյա թենիսիստը տարին կավարտի ATP-ի վարկանիշային աղյուսակի առաջին տեղում,- տեղեկացնում է «ATP MediaInfo»-ն:

Ռաֆան իր կարիերայի ընթացքում չորրորդ անգամ տարին կավարտի առաջին տեղում: Նախկինում դա նրան հաջողվել էր 2008, 2010 և 2013 թվականներին:

Այդ ցուցանիշով «գրունտի արքան» հավասարվեց Նովակ Ջոկովիչին, Իվան Լենդլին ու Ջոն Մակինրոյին: 6-ական անգամ առաջատարներ են եղել Ջիմի Քոնորսը, Փիթ Սամփրասը և Ռոջեր Ֆեդերերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում