Մանասյանի դուբլը հաղթանակ պարգևեց առաջատարին (տեսանյութ)

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 12-րդ տուրը մեկնարկեց Երևանում, որտեղ առաջատար «Ալաշկերտն» ընդունեց հետնապահ «Արարատին»: Չեմպիոնը զգալի առավելություն ուներ և կարողացավ հաղթել 2:0 հաշվով:

Առաջին կեսում եղավ երկու դեպք, երբ Աբրահամ Խաշմանյանի թիմի գրոհների ժամանակ հյուրերին փրկեց դարպասաձողը: Երբ թվում էր՝ մրցակիցներն ընդմիջման կգնան առանց գոլերի, 45+1 րոպեին Միհրան Մանասյանն առաջ մղեց տանտերերին: Նրան հեռահար, գեղեցիկ փոխանցումով հարվածային դիրք դուրս բերեց Արտակ Եդիգարյանը:

Տեսանյութ

Երկրորդ կեսում «Ալաշկերտն» ամրապնդեց հաղթանակը․ 71-րդ րոպեին Ուրոշ Նենադովիչի տպավորիչ անցումից հետո Արտակ Եդիգարյանի հարվածը կրկին դարպասաձողին դիպավ, բայց վրա հասած Մանասյանը գրավեց անպաշտպան դարպասը:

Տեսանյութ

Այսպիսով, «Ալաշկերտը» վաստակեց 26 միավոր և ավելի ամրապնդվեց առաջին տեղում: «Արարատը» 6 միավորով վերջին` 6-րդ հորիզոնականում է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում