Նադալ․ Տխուր պահ է, սակայն չեմ ցանկանում խոսել Լոնդոնում խաղալու մասին

Աշխարհի առաջին ռակետ Ռաֆայել Նադալը ծնկի վնասվածքի պատճառով դադարեցրել է ելույթները Փարիզում։ «Մասթերս 1000» շարքի մրցաշարի 1/4 եզրափակչում իսպանացի թենիսիստը պետք է մրցեր սերբ Ֆիլիպ Կրաինովիչի հետ, սակայն հրաժարվել է կորտ դուրս գալ, ապա մեկնաբանել է որոշումը։

-Բնականաբար, հեշտ որոշում չէր։ Ինձ համար միշտ դժվար է հրաժարվել մրցաշարերից, իսկ այստեղ՝ Փարիզում, ավելի դժվար է։ Բազմիցս նշել եմ, որ այս քաղաքը շատ կարևոր նշանակություն ունի իմ կարիերայի համար։ Շատ լավ ճանաչում եմ այս մրցաշարի կազմակերպիչներին, չէ՞ որ նրանք պատասխանատու են նաև «Ռոլան Գարրոսի» համար։ Այստեղ ինձ զգում եմ ինչպես տանը։ Հիանալի հարաբերություններ ունեմ Ֆրանսիայի թենիսի ֆեդերացիայի հետ։

Ինձ համար տխուր պահ է, սակայն դեռևս չեմ ցանկանում խոսել Լոնդոնի Ամփոփիչ մրցաշարին մասնակցելու մասին։ Միայն կարող եմ ասել, որ ապաքինման կուրս կսկսեմ և ամեն ինչ կանեմ Լոնդոնում խաղալու համար,- Նադալի խոսքը փոխանցում է պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) պաշտոնական կայքը։

Հավելենք, որ Ամփոփիչ մրցաշարը կայանալու է նոյեմբերի 12-19-ը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում