Առաջատարի 10-րդ հաղթանակը․ «Մանչեսթեր Սիթին» հաղթեց «Արսենալին» (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի առանցքային խաղերից մեկը կայացավ Մանչեսթերի «Էտիհադ» մարզադաշտում․ «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալեց «Արսենալին» և 3։1 հաշվով հաղթանակ տոնեց։

«Զինագործները» բավականին հաջող սկսեցին հանդիպումը, սակայն հաշիվը բացեցին «քաղաքայինները»։ 19-րդ րոպեին Կևին դե Բրյունեն «պատ խաղարկեց» Ֆերնանդինյոյի հետ, ապա գրավեց Պետր Չեխի պաշտպանած դարպասը։ Թիմերն ընդմիջման գնացին 1։0 հաշվի պայմաններում, իսկ երկրորդ կեսի մեկնարկում դաշտի տերերը կրկնապատկեցին առավելությունը։

50-րդ րոպեին գլխավոր մրցավար Մայքլ Օլիվերը լոնդոնյան թիմի դարպասին նշանակեց վիճելի 11-մետրանոց տուգանային՝ արձանագրելով, որ Նաչո Մոնրեալը խախտել է կանոնները Ռահիմ Սթերլինգի նկատմամբ։ Նշակետին մոտեցավ «Մանչեսթեր Սիթիի» պատմության լավագույն ռմբարկու Սերխիո Ագուերոն և չվրիպեց։

65-րդ րոպեին Աարոն Ռեմզիի փոխանցումից հետո Ալեքսանդր Լյակազետը կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն շատ չանցած Խոսեպ Գվարդիոլայի սաները վերականգնեցին 2 գնդակի առավելությունը։ 74-րդ րոպեին վերջնական հաշիվը ձևակերպեց Գաբրիել Ժեզուշը․ այդ դրվագում մրցավարները չարձանագրեցին «խաղից դուրս» իրավիճակը։

Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Սիթին» 31 միավորով է գլխավորում մրցաշարային աղյուսակը, իսկ «Արսենալը» մնաց 19 միավորով՝ հինգերորդ տեղում։

Անգլիայի Պրեմիեր լիգա, 11-րդ տուր

«Մանչեսթեր Սիթի» – «Արսենալ»՝ 3։1
Գոլերը՝ դե Բրյունե 19՛, Ագուերո 50՛ / 11-մետրանոց, Ժեզուշ 74՛ – Լյակազետ 65՛

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում