Վենգեր. Մրցավարը «սպանեց» մեզ

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը Պրեմիեր լիգայի 11-րդ տուրում «Մանչեսթեր Սիթիից» կրած պարտության (1:3) մեղքը բարդել է հանդիպման մրցավար Մայքլ Օլիվերի ու նրա օգնականների վրա:

«Մրցավարը սխալ որոշումներ էր կայացնում: Նա սխալ 11-մետրանոց նշանակեց ու խաղից դուրս վիճակից գոլ հաշվեց: Երբ «Էթիհադ» ենք գալիս, հաճախ ենք նման մրցավարություն տեսնում: Նախորդ մրցաշրջանում նույնպես մեր դարպասը երկու անգամ գոլ գրանցվեց խաղից դուրս վիճակից:

Կարծում եմ` մրցավարները բավականաչափ ջանասիրաբար չեն աշխատում, նրանց մակարդակը տարեցտարի ընկնում է: Դա անթույլատրելի է: 1:2 հաշվի ժամանակ մենք դեռ «խաղի մեջ» էինք: Այդ պահին նա սխալմամբ գոլ արձանագրեց: Այդ որոշումը «սպանեց» մեզ:

Վստահ եմ, որ 11-մետրանոց նույնպես չկար: Դա Սթերլինգի կողմից սիմուլյացիա էր: Մենք գիտենք, որ նա հիանալի է «սուզվում»: Դա նրա մոտ շատ լավ է ստացվում:

Ընդհանուր առմամբ «Մանչեսթեր Սիթին» հիանալի թիմ է, որը շատ արագ է գործում, բայց նրանց հասցեին այլ գովեստի խոսքեր չեմ ասի, թող դա ուրիշ մեկն անի»,- ֆրանսիացու խոսքերն է մեջբերում espn-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում