Գվարդիոլան` «Արսենալի» մասին. Հիշում եմ` 96-րդ րոպեին «Բերնլիին» խփած ձեռքով գոլը

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է «Արսենալի» նկատմամբ Պրեմիեր լիգայի 11-րդ տուրում տոնած հաղթանակը (3:1) ու խոսել լոնդոնցիների` մրցավարությունից դժգոհության շուրջ,- հայտնում է bbc.com-ը:

«Չեմպիոնների լիգայի խաղից հետո մեզ համար շատ բարդ էր: Այս խաղում լավ աշխատեցինք ու արժանի էինք հաղթանակի: «Մանչեսթեր Սիթին» ավելի լավ ֆուտբոլ էր ցուցադրում: Առաջին կեսում ակնհայտ գոլային պահեր ունեինք, լավ էինք օգտագործում բարձր պրեսինգը: Մրցակիցը չկարողացավ երկար փոխանցումներ կատարել Սանչեսին: Հակագրոհների ժամանակ չէինք իրացնում ընձեռնված պահերը, ինչը լուրջ հետևանք կարող էր ունենալ: Երրորդ գոլն օգնեց հաղթել:

Չէի սպասում, որ Կոկլենը հետ քաշված կգործի: «Արսենալն» այնպիսի խաղացողներ ունի, որ կարող է տարբեր դասավորություններով խաղալ: Չէի ցանկանում խոսել մրցավարության մասին: Ինձ ասացին, որ երրորդ գոլի ժամանակ խաղից դուրս վիճակ կար: Չեմ ցանկանում այդպես հաղթել, բայց եղել են դեպքեր, երբ «Արսենալի» օգտին էլ են սխալվել, օրինակ` «Բերնլիի» հետ մրցավեճում 96-րդ րոպեին ձեռքով գոլ են հաշվել:

Տիտղոսնե՞ր: Իմ նախկին թիմերի` «Բարսելոնայի» ու «Բավարիայի» համեմատ տարբերությունն այն է, որ «Մանչեսթեր Սիթին» դեռ ոչինչ չի նվաճել: Այո, ընթացիկ մրցաշրջանում հաղթել ենք գրեթե բոլոր խաղերը: Դա հիանալի է, չեմ կարող ժխտել: Սակայն այդ արդյունքներին հասնելը շատ-շատ դժվար է»,- ասել է կատալոնացին:

Գվարդիոլան նշել է 2016 թվականի հոկտեմբերի 2-ին կայացած «Բերնլի» – «Արսենալ» հանդիպման (0:1) ժամանակ Լորան Կոսյելնիի ձեռքով խփած հաղթական գոլի մասին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում