Կարեն Բարսեղյան. Հրավիրում էի բոլոր լավագույններին, բայց որոշ պատճառներով չէին գալիս

5 ամիս է, ինչ «Գանձասար-Կապանը» գլխավորում է երիտասարդ, բայց արդեն փորձառու մասնագետ Կարեն Բարսեղյանը։ Կապանյան թիմում նրա մեկնարկն այդքան էլ հաջող չստացվեց, բայց այժմ ամեն ինչ փոխվել է: Արջերը» 19 միավորով արդեն երկորրդ տեղում են ու 7 միավորով զիջում են առաջատար «Ալաշկերտին»:

Ստորև ներկայացված հարցազրույցում, որը Կարեն Բարսեղյանը տվել է «Գանձասարի» մամուլի ծառայությանը, նա խոսել է իր կարիերայից, կապանյան թիմի ելույթներից, Հայաստանի հավաքականներից ու առաջիկա նպատակներից:

– Արդեն 5 ամիս է, ինչ գլխավորում եք «Գանձասար-Կապանը», ի՞նչ կասեք այս ամիսների մասին։

– Իմ աշխատանքը «Գանձասար-Կապանում» պետք է բաժանել երկու մասի։ Սկզբնական հատվածում, երբ մենք շատ բարդությունների առաջ կանգնեցինք, շատ լուրջ խնդիրներ ունեինք, հատկապես արդյունքի տեսանկյունից։ Իսկ երկրորդ հատվածն այն է, որ մենք որոշակի առումով կարգավորեցինք խաղը, համագործակցությունը խաղադաշտում, փոխհարաբերությունները ավելի լավ մակարդակի վրա եղան։ Ես ինքս չէի սպասում, որ մեր մեկնարկը այդպես բարդ ու վատ կստացվի, բայց դա էլ ֆուտբոլի մի մասն է և միշտ չէ որ պլանավորածդ ու մտածածդ՝ իրականություն է դառնում։ Մենք փորձեցինք շտկումներ անել, ինքներս մեզ հաշվետվություն տվեցինք, թե ինչ խնդիրներ կան և կարծում եմ, որ գտանք մի ձևաչափ, որով կարողացանք շտկել այդ իրավիճակը։ Կարծում եմ, որ այս ժամանակահատվածում իմ աշխատանքի գնահատականը պետք է ակումբի ղեկավարները տան, բայց ես գիտեմ, որ մենք կարող էինք միավորների ավելի լավ պաշար ունենալ և վստահ եմ, որ կարող էինք շատ ավելի մոտ լինել առաջատարին, եթե չլինեին այդ խնդիրները և խաղերը։ Ինքներդ էլ գիտեք շատ հանդիպումներ են եղել, որտեղ ուղղակի մեր բախտը չէր բերում և պարտվում էինք, բայց նորմալ եմ համարում։ Այսօր ամենակարևորն այն է, որ վերգտել ենք մեր խաղը, կարողանում ենք մրցակցություն թելադրել բոլոր թիմերին և նաև շատ մրցունակ ենք։

– Հետ հայացք գցելով կոնկրետ ի՞նչն էր, որ չէր ստացվում առաջնության մեկնարկում։ Դո՞ւք չէիք ադապտացվել թիմին, թե՞ թիմը՝ ձեզ։

– Այդ հարցի շուրջ ես իմ սուբյեկտիվ կարծիքն ունեմ։ Ֆուտբոլում մանրուքներ չեն լինում։ «Արարատի» հետ մեր մեկնարկային խաղում կարող է զավեշտալի և ծիծաղելի թվալ, բայց այն գոլը, որը մենք խփեցինք առաջին խաղակեսի վերջին րոպեին, մեզ բոլորիս մոտ հանգստություն տվեց, ես նույնպես այդ զգացողությունն ունեցա։ Մենք մտածում էինք, որ կարող ենք հանգիստ հաղթել, բայց «Արարատը» մեզ շատ լավ դաս տվեց և ընդամենը մի քանի րոպեի ընթացքում երեք գոլ ընդունեցինք և խաղը տանուլ տվեցինք։ Դա լուրջ հարված էր, թե ֆուտբոլիստների ինքնասիրությանը, թե մեր ամբողջ անձնակազմին։ Մեզնից ժամանակ պահանջվեց, որպեսզի կարողանանք այդ իրավիճակից դուրս գալ, որովհետև գաղտնիք չէր, որ մենք ֆավորիտ ենք, թղթի վրա գերազանցում էինք «Արարատին», բայց լրիվ հակառակը եղավ։ Սկզբում ես ասում էի, որ այդ խաղը, ժողովրդական լեզվով ասած «քանդեց մեր տունը», բայց դա ավելի շատ հիմք հանդիսացավ նոր թիմ կառուցելու համար։

Թիմը երեք անընդմեջ պարտություն կրեց, այդ ժամանակ ինչպիսի՞նն էր մթնոլորտը հանդերձարանում։

– Նման իրավիճակում ինձ համար ամենակարևոր աջակցությունը եղել է ակումբի ղեկավարության կողմից, որովհետև ես շատ լավ հասկանում էի, թե ինչ իրավիճակում ենք մենք, ինչ իրավիճակում են ակումբի ղեկավարները։ Եվ արժանին կմատուցեմ նրանց, որովհետև նրանք իմ կարծիքով ճիշտ որոշումներ կայացրին, համբերություն ունեցան, իսկ մեր իրականությունում ու Հայաստանի առաջնությունում համբերություն ունենալը շատ դժվար բան է, բայց այդ համբերությունը հանգեցրեց նրան, որ մենք կարողացանք դուրս գալ այս ամենի միջից։ Իհարկե, նաև մեր ֆուտբոլիստների նվիրվածության ու անձնազոհության շնորհիվ։ Եղել են խաղացողներ, ովքեր որոշ խաղերի դուրս են եկել ցավերով, ունեցել են վնասվածքներ, բայց անտեսել են հետագա ռիսկերը և խաղացել են, որովհետև նրանք նույնպես հասկանում էին, որ ընդհանուր լավ վիճակում չենք և պետք է փորձենք միասին դուրս գալ այս իրավիճակից։

– Անհաջողություններին հաջորդեց հաջողությունները։ Երկրորդ շրջանի 5 խաղից 4-ում հաղթանակ տոնեցինք։

– Ֆուտբոլում հաջողությունից դեպի անհաջողությունը և հակառակը մեկ քայլ է, դա չգրված օրենք է։ Այո, ես հենց դա էի մտածում։ Իմ մտքերում կար դա։ Ինձ շատ գոհացրեց թե մենք ինչպես հանդես եկանք առաջնության երկրորդ շրջանում, գոհացերց ամենակարևորը խաղի որակը, իսկ դա էլ բերեց արդյունք, որովհետև մենք երկրորդ շրջանում փաստացի գերազանցել ենք բոլորին։ Դա իմ անձնական կարծիքն է, այդպես են վկայում նաև արդյունքները, բայց այդ ամենն անցյալ է, արդեն մոռացել ենք այդ մասին։ Մենք նոր մարտահրավեր ունենք՝ երրորդ խաղաշրջանը, որը դեռ նոր է մեկնարկել և ավելի բարդ է լինելու, քան նախորդը։

– Բարձրագույն խմբի այլ թիմերում էլ աշխատել եք՝ «Ուլիսում», «Արարատում», «Ալաշկերտում», ինչո՞վ է «Գանձասար-Կապանը» տարբերվում մյուս թիմերից։

– Թիմերի միջև համեմատություններ անելը կոռեկտ չեմ համարում, որովհետև եղել են տարբեր մտածելակերպեր, տարբեր ղեկավարներ, կառավարման համակարգեր, տարբեր իրավիճակներ։ «Ուլիսում» ես նոր մարզիչ էի, դեռ փորձ չունեի, սկսնակ էի։ Ակումբի ղեկավարության դիրքորոշումն այդ ժամանակ ինձ շատ օգնեց, որ ես կարողանամ ճիշտ աշխատեմ, որովհետև նորից ինձ աջակցում էին։ Բնական է, որ կային ֆինանսական շատ լուրջ խնդիրներ, բոլորս էլ գիտեինք, որ լուրջ պրոբլեմներ կային։ Մենք հանդես էինք գալիս առաջին խմբի թիմով բարձրագույն խմբի առաջնությունում և «Ուլիսում» աշխատելը շատ լուրջ և շատ դրական փորձ էր ինձ համար, որովհետև ես կարողացա հասկանալ, որ անհնարին ոչինչ չկա։ Հիմա իհարկե ծիծաղելի կթվա, բայց գրավել ենք նախավերջին տեղը։ Սա ասել եմ 5 տարի առաջ, հիմա էլ կրկնում եմ, որ դա ինձ համար չեմպիոնությանը համարժեք արդյունք էր։ Ով կհասկանա՝ կհասկանա, ով չէ՝ խնդիր չէ, բայց կոնկրետ ինձ համար դա չեմպիոնությանը համարժեք արդյունք էր, որովհետև մենք չունենալով ոչինչ, հասանք մեր առավելագույնին։ Ինչ վերաբերում է «Ալաշկերտին», ապա ճիշտն ասած այդ ժամանակահատվածը, որը ես անցկացրել եմ այնտեղ երևի վատագույներից էր, ոչ թե արդյունքի առումով, այլ այն տեսանկյունից, թե ինչ կատարվեց «Ալաշկերտում»։ Ինձ համար նույնիսկ զավեշտալի էր, որ այդ շրջանում, այդ իրավիճակի մասին խոսում էին բոլորը, ով դրա իրավունքն ուներ, ով չուներ, ով ընդհանրապես բերանը բացելու իրավունք չուներ, բայց բառացիորեն բոլորն էին խոսում, բացի ինձնից։ Դա շատ անհասկանալի էր, որովհետև ամբողջ տրամաբանությունը թելադրում էր այն, որ ինձնից էլ պետք է հարցնեին, թե ինչն-ինչոց է, բայց․․․Ես այդ էջը ջնջել եմ, ինձ համար։ Միակ բանը, որ ես կասեմ՝ շատ շնորհակալ եմ «Ալաշկերտի» ֆուտբոլիստներին, որովհետև շատ բարձր մակարդակի պրոֆեսիոնալներ են, նրանց հետ աշխատել եմ շատ մեծ հաճույքով։ Այդ ժամանակահատվածում էլ, որպես մարզիչ ես աճ եմ գրանցել։ Ինչ վերաբերում է «Գանձասարին», ապա ասեմ, որ շատ լավ տեղյակ էի այս կոլեկտիվին, տիրող մթնոլորտին, ղեկավար կազմին։ Պատահական չէ, որ «Գանձասարը» վերելքի ճանապարհն է ընտրել, նախորդ տարի շատ լուրջ պայքար է մղել չեմպիոնության համար։ Հուսով եմ, որ այս տարի էլ կկրկնվի այդ ամենը և մենք նույն կերպ կպայքարենք չեմպիոնության համար։ Միավորների տարբերությունն այո, մեծ է, բայց մենք ամեն ինչ կանենք, որպեսզի պայքարենք չեմպիոնության համար։ 5 ամիս աշխատելով կապանյան թիմում չեմ կարող ճիշտ նկարագրել ակումբը, բայց այն հարաբերությունները, որոնք կան թիմի ներսում՝ ֆուտբոլիստ-մարզիչ, մարզիչ-ղեկավար, ֆուտբոլիստ-ղեկավար շատ գոհացնող է և շատ կարևոր։ Եվ բացառիկությունը, երևի թե հենց դրա մեջ է, որ ամեն մեկը բացի նրանից, որ ուզում է իր աշխատանքը լավ կատարի, շատ լավ ընկեր է, իսկ դա հանգեցնում է դրական արդյունքների։

– Մարզիչների փոփոխությունները սովորաբար լինում են այն ժամանակ, երբ նախորդը ձախողում է։ Ամեն դեպքում «Գանձասար-Կապանը» վատ ելույթներ Աշոտ Բարսեղյանի գլխավորությամբ չի ունեցել։ Նա ասաց, որ չի ուզում լինել գլխավոր մարզիչ և հեռացավ պաշտոնից։ Դուք եկաք մի թիմ, որը լավ վիճակում էր։ Նման իրավիճակում, ո՞րն էր ձեր գլխավոր նպատակը։

– Առաջին օրը երբ խոսել եմ ֆուտբոլիստների հետ և առաջին բանը, որն ասել եմ այն է, որ չեմ եկել այստեղ ինչ-որ բան քանդելու։ Այսինքն բացարձակապես ոչ մի նպատակ չենք ունեցել ինչ-որ բան վերացնելու, որովհետև հասկանում էինք, որ «Գանձասար-Կապանը» շատ մարտունակ թիմ է, բավականին բալանսավորված է, կան դիրքեր, որտեղ կան շատ լավ ֆուտբոլիստներ, անհրաժեշտ էր պարզապես ունեցածի վրա ավելացնել իմ մտահղացումները։ Մի մոռացեք, որ նախորդ տարվա համեմատ շատ փորձառու և առաջատար տղաներ հեռացել էին։ Իսկ այդ բացը լրացնելը բավականին բարդ խնդիր է։ Մեր նպատակը կայանում էր նրանում, որ առաջին հերթին փորձեինք լրացնել այդ բացերը և շարժվել առաջ։ Միտք չենք ունեցել լավից լավը գտնելու, որովհետև եղել է կոլեկտիվ, որը բավականին լավ մրցաշրջան է անցկացրել, ես մտածում էի, որ այս տղաների հետ մեծ հույսեր կարելի է կապել և շարունակել աշխատել։ ՈՒրիշ հարց է, երբ այդ ամենը դրսից ես պատկերացնում և ուրիշ բան է, երբ նույն իրավիճակը տեսնում ես ներսից։ Այո, եղել են խնդիրներ, բացթողումներ միգուցև իմ կողմից, բայց հիմա կարծում եմ, որ մեզ մոտ ամեն ինչ նորմալ է, շտկել ենք։ Ինչ վերաբերում է նախորդ առաջնությանը, ապա ես կարծում եմ, որ «Գանձասար-Կապանը» շատ լավ արդյունք է գրանցել Աշոտ Բարսեղյանի գլխավորությամբ, պատմական ցուցանիշ է։ Մենք պետք է միասին փորձենք ավելի լավը դառնալ, որովհետև ֆուտբոլի օրենքն է այդպիսին։

– Թիմի երկրպագուները շատ են մտահոգվում, որ «Գանձասար-Կապանն» իր տնային հանդիպումները չի անցկացնում Կապանում, դուք ի՞նչ դիտարկումներ ունեք այս հարցի շուրջ։

– Ես, որպես «Գանձասար-Կապանի» գլխավոր մարզիչ շատ մեծ ցանկություն ունեմ, որ հանդես գանք Կապանում։ Որպեսզի շատ չծավալվեմ ու չբացատրեմ, թե ինչի համար, ասեմ հետևյալը, որ եթե առաջնությունում մեր մեկնարկը լիներ Կապանում, ապա մենք չէինք ձախողի այդ երեք խաղերը,ես գրեթե վստահ եմ դրանում։ Նաև գիտեմ, որ մեր ակումբի ղեկավարներն էլ շատ մեծ ցանկություն ունեն և ջանք ու եռանդ չեն խնայում, որպեսզի թիմը խաղա Կապանում։ Բայց կան որոշակի խնդիրներ, որոնք որ ժամանակ են պահանջում՝ լուծման համար։ Մենք պետք է համբերատար սպասենք, տեսնենք թե ինչպիսին կլինեն այդ խնդրի լուծման զարգացումները։ Ես՝ որպես մարզիչ, ամենաառաջինն եմ ցանկանում, որ մենք խաղանք Կապանում, որովհետև ես գիտեմ, որ կապանցի երկրպագուները ոչ միայն թիմի 12-րդ խաղացողն են, այլև շատ մեծ ազդեցություն են ունենում մրցակցի վրա, դա մեզ համար շատ մեծ առավելություն է, իսկ այս պահին շատ մեծ կորուստ է, որ որպես թիմ զրկված ենք դրանից, ինքներս զրկված ենք մեր տնից։ Մեզ համար դա լավ չէ, բայց այսօր իրավիճակն այդպիսինն է և մենք փորձում ենք այդ ամենին ըմբռնումով մոտենալ։ Պատահական չէ, որ իմ նախաձեռնությամբ մեկնել եմ Կապան, որպեսզի հանդիպեմ ակումբի երկրպագուների հետ, մեր ակումբի մասին մտածողների հետ, բայց ցավոք սրտի այդ հանդիպմանը ոչ ոք չեկավ, երևի թե չգիտեին, բայց ես պատրաստ եմ ցանկացած պահի, երբ երկրպագուները ցանկություն կունենան, խոսել մեր թիմի մասին, ցանկացած խնդիրների մասին, որովհետև ես գիտեմ, որ «Գանձասար-Կապանն» առանց երկրպագուների շատ ավելի թույլ է, քան երբ երկրպագուները մեր կողքին են։

– Վերջին երեք խաղերին բացառապես նույն մեկնարկային կազմն եք ընտրել, դա նշանակում է, որ կազմի հարցում վերջնականապես կողմնորոշվե՞լ եք։

– Մեկնարկային կազմի հարցում երբեք չես կարող վերջնականապես կողմնորոշվել, որովհետև լինում են տարբեր իրավիճակներ, տարբեր օրեր, տարբեր շրջափուլեր, տարբեր ֆուտբոլիստներ ու մտածելակերպեր։ Այնպես չէ, որ մենք արդեն կողմնորոշվել ենք։ Մենք կողմնորոշվել ենք այն ֆուտբոլիստների քանակի հարցում, որից հիմնական կազմի ֆուտբոլիստներ ենք ընտրում։ Այո, վերջին երեք խաղերում հանդես ենք եկել նույն կազմով, դա մի պարզ պատճառով, որ առաջին հերթին հաղթել ենք, իսկ ամենակարևորը խաղի որակն էլ բավարարում ու գոհացնում է, նաև այդ տղաները կարողանում էին շատ մեծ ծավալի աշխատանք իրականացնել։ Ինձ համար մեկնարկային կազմի ֆուտբոլիստները այդ 11 տղաները չեն, դրանք թվով 14-15 ֆուտբոլիստներ են, ովքեր ցանկացած պահի կարող են լինել մեկնարկային կազմում։ Եվ եթե այսօր մեկը հիմնական կազմում չէ, ապա դա չի նշանակու, որ ինքը մեզ համար պահեստային ֆուտբոլիստ է դարձել։ Մենք ունենք ֆուտբոլիստներ, ովքեր մեկնարկային կազմից են, ուղղակի հիմա իրավիճակն այնպիսինն է, որ մենք շարժվում ենք ելնելով իրավիճակից։ Վաղը, եթե այն փոխվի ու լինի ուրիշ բան, ուրեմն կլինի լրիվ այլ կազմ, այսինքն ինքնանպատակ չէ, որ միշտ խաղում ենք նույն կազմով, կարևորը գոհացնում է խաղի որակը, կարևորը կարողանում ենք արդյունքի հասնել, իսկ այդ տղաների աշխատանքի ծավալը շատ է մեծացել։ Նորից կրկնեմ, որ մեկնարկային կազմն ինձ համար չի սահմանափակվում 11 ֆուտբոլիստով։

– Ինչ գլխավորում եք «Գանձասար-Կապանը» ամենից շատ ձեզ այս հարցն են տվել։ Ունեք երկու հավասարազոր դարպասապահ, ի՞նչ սկզբունքով եք առաջնորդվում, այդ երկու ֆուտբոլիստների հետ աշխատելիս։

– Ես կարծում եմ, որ ցանկացած մարզիչ կերազի իր թիմում ունենալ հավասարազոր երկու դարպասապահ, իսկ մենք ունենք։ Հասկանանք հետևյալը, որ միևնույնն է նրանցից մեկը պետք է խաղա, ինձ համար որպես մարզիչ շատ բարդ է բացատրություն տալը, թե ինչու է խաղում այս դարպասապահը, կամ այլ պարագայում մեկ այլ դարպասապահը։ Մեկնարկը մենք վստահել ենք Գևորգ Կասպարովին, որովհետև Մելիքսեթյանը տեղափոխվել էր Իրան, այնտեղ չստացվեց և վերադարձավ։ Եթե ասեմ, որ ես Կասպարովի խաղից դժգոհ եմ եղել, ապա կստեմ ինքս ինձ, բացարձակապես դժգոհություն չենք ունեցել, բայց եկավ մի պահ, երբ հասկացանք, որ եթե պարտվում ենք, ապա պետք է ինչ-որ բան փոխենք։ Փորձեցինք փոփոխություններ մտցնել կազմի մեջ։ Դա մեզ հաջողվեց։ Գրիգոր Մելիքսեթյանը դրական տեղաշարժի, դրական արդյունքների առաջին նախապայմանն էր, նա վերադարձավ մեկնարկային կազմ և սկսեցին երևալ դրական արդյունքները։ Բնական է, որ Մելիքսեթյանից էլ դժգոհություն չունեմ, ավելին շատ գոհ եմ, շատ գոհ եմ նրա աշխատանքից, որպես նաև ակումբային ֆուտբոլիստ։ Եղավ հավաքականի այդ չարաբաստիկ հանդիպումը Լեհաստանի հետ։ Այստեղ նուրբ հարցեր կան, որոնք պետք էր հասկանալ, հաշվի առնելով ակումբի շահերը, ֆուտբոլիստի շահը, նաև շատ այլ գործոններ։ Մենք եկանք այն եզրահանգման, որ Գրիգորին պետք է հանգստանալու հնարավորություն տանք, պետք է հնարավորություն տանք նրան, որպեսզի ծանր ու թեթև անի տեղի ունեցածը։ Կարող էինք ուրիշ որոշում կայացնել, բայց մենք առաջնորդվել ենք դրանով ու կարծում եմ, որ չենք սխալվել։ Պետք է ասեմ, որ Գևորգ Կասպարովը փայլուն է անցկացրել վերջին հանդիպումները, ոչ մի խաղում գնդակ բաց չի թողել, հիմա իմ փոխարեն դուք եք մարզիչը, կփոխեի՞ք դարպասապահին։ Չեմ կարծում։ Դա ինքնանպատակ չէ։ Նորից եմ ասում, որ Մելիքսեթյանն այսօր լավագույն մարզավիճակում գտնվող դարպասապահներից մեկն է Հայաստանում, միայն պետք է տեսնեք, թե նա ինչպես է աշխատում մարզումների ընթացքում, ինչ ջանասիրությամբ, բայց իրավիճակն այսպիսինն է, պետք է սպասենք զարգացումներին, հասկանանք, տեսնենք, թե ինչպես կդասավորվի։ Ես նրանից բացարձակ դժգոհություն չունեմ, հակառակը շատ գոհ եմ, որովհետև նա մեր դրական իմպուլսի նախապայմաններից մեկն է եղել։ Ես մեծ հաճույքով երկուսին էլ կխաղացնեի մի խաղի ընթացքում, բայց ցավոք սրտի չեմ կարող։

– Ամեն դեպքում Լեհաստանի հետ խաղը շատ վատ դասավորվեց Հայաստանի ընտրանու համար։ Լևանդովսկին իր ընկերների հետ միասին մեր հավաքականի հետ արեցին այն, ինչ ցանկացան։ Այդ խաղերից հետո Գիգսն ի՞նչ տրամադրությամբ վերադարձավ ակումբ։ Հոգեբանական խնդիր կա՞ր։

– Ինձ համար մի փոքր բարդ է խոսել այդ իրավիճակի մասին, նամանավանդ, երբ դա կապված է հավաքականի հետ, որովհետև չեմ ցանկանա անդրադառնալ այդ ամեն ինչին, քանի որ ինքս մի քանի ամիս առաջ եղել եմ հավաքականի մարզչական շտաբում։ Ես կարծում եմ, որ այդ խաղի ողջ կուժն ու կուլան չպետք է կոտրվեր Մելիքսեթյանի վրա։ Այո, եղան իրավիճակներ, երբ նա սխալվեց, բայց միայնակ այդ թիմի դեմ նա ոչ մի հարց չէր կարող լուծել։ Ֆուտբոլիստի համար դա շատ ծանր իրավիճակ է, ես դա շատ լավ եմ պատկերացնում, որովհետև ինքս ֆուտբոլ եմ խաղացել 20 տարի և շատ լավ հասկանում եմ նրա հոգեվիճակը։ Մենք փորձեցինք օգնել նրան։ Թե որքանով ստացվեց, դա միայն նա կասի։ Հնարավոր է, որ այլ տարբերակ լիներ, ու դա ավելի լավ լիներ նրա համար, բայց իրավիճակն այսպիսինն է։ Մեկ բան կարող եմ ասել՝ լիովին վստահում եմ նրան, շատ գոհ եմ նրա աշխատանքից և շատ լավ է, որ ինքը մեր թիմում է, մնացածն արդեն ժամանակը ցույց կտա։

– Հայկ Իշխանյանն առաջին անգամ հրավիրվել է հավաքական, ի՞նչ կասեք այդ մասին։

– Այդ կապակցությամբ ես ոչինչ չունեմ ասելու, որովհետև առաջին օրը երբ եկա թիմ, խոսել եմ Հայկի հետ և ասել, որ պետք է մտածել հավաքականի մասին, և եթե այդ տարիքում չմտածի հավաքականի մասին, ապա ճիշտ չի լինի։ Նաև նշել եմ, որ իմ կողմից ամեն ինչ կանեմ, որպեսզի Հայկը խաղա հավաքականում։ Փառք Աստծո, որ դա ստացվեց, բայց սա ընդամենը մեկ քայլն է ճանապարհի, որովհետև մեկ բան է հավաքական հրավիրվելը, մեկ այլ բան է՝ ամրապնդվելը։ Ես ինքս չեմ կարողացել ամրապնդվել Հայաստանի հավաքականում և ընդամենը 4 խաղ եմ անցկացրել։ Այսօր, Հայկն ունի իրական հնարավորություն ամրապնդվելու ազգային հավաքականում, դա կախված է միայն ու միայն նրանից, թե ինչպես կդրսևորի իրեն, ցույց կտա թե՛ խաղերի, թե՛ մարզումների ընթացքում։ Մարզչական շտաբն էլ ըստ դրա որոշումներ կկայացնի։ Կարծում եմ, որ մեր թիմում էլի կան ֆուտբոլիստներ, ովքեր մոտ ապագայում կարող են օգնել հավաքականին, բայց դա իմ սուբյեկտիվ կարծիքն է։ Հավաքականի մարզիչները հետևում են, նայում են բոլոր ֆուտբոլիստներին։ Կարծում եմ, որ եթե խաղացողներն արդարացնեն իրենց՝ կհրավիրվեն հավաքական։

– Երբ Գեղամ Հարությունյանը հրավիրվեց Հայաստանի ազգային հավաքական, դուք այդ ժամանակ հավաքականի մարզչական շտաբում էիք, դրանից հետո նա չի հրավիրվել։ Ի՞նչ եք կարծում ժամանակը չէ, որ նրան էլ փորձարկեն ազգային թիմում։

– Ես այդ հարցին պատասխանել չեմ կարող, միայն ազգային հավաքականի գլխավոր մարզիչը կարող է պատասխանել, ուղղակի կասեմ, որ հնարավորություն ընձեռնելու պարագայում Գեղամը նույնպես պետք է փորձի ամրապնդվել հավաքականում։

– Թիմում կան նաև ֆուտբոլիստներ, ովքեր լավ ապագայի հույս են ներշնչում, օրինակ՝ Վասպուրակ Մինասյանը, Սարգիս Շահինյանը։ Նրանց խաղում առաջընթաց նկատո՞ւմ եք։

– Վասպուրակն այն բացառիկ ֆուտբոլիստներից է, ով մեկ անգամ լսելով իմ ցուցումը փորձում է առավելագույնս անել այնպես, ինչպես պահանջվում է, դա շատ լավ որակ է ֆուտբոլիստի կողմից, ես այսօր հանգիստ եմ այդ տեսանկյունից, որ մեր եզրային պաշտպանները բավականին լավ տեսք ունեն, դրանցից մեկը՝ Վասպուրակ Մինասյանն է, իմ ուղեղն ավելի ծանրաբեռնած է այլ դիրքերի խնդիրներով։ Պետք է ասեմ, որ այն մակարդակը, որը նա հիմա ունի շատ քիչ է, թե թիմի համար, թե իր համար, որպես ֆուտբոլիստի, նա շատ-շատ պետք է բարելավի իր որակները։ Ինտելեկտ ունի, շատ լավ է հասկանում ֆուտբոլը, բայց պետք է ավելի ջղայն լինի դաշտում, տակտիկապես ավելի ճկուն դառնա, այդ գործոնների առկայության պարագայում նա ավելի լավ մակարդակի ֆուտբոլ կխաղա և ինչու չէ ապագայում կարող է ավելի լավ ակումբ տեղափոխվել։ Ինչ վերաբերում է Սարգիս Շահինյանին, ապա ասեմ, որ նրանից շատ գոհ եմ, զուտ այն առումով, որ նրա հետ անընդհատ առանձնազրույցներ եմ ունենում և տեսնում եմ, թե ինչպես է նա արձագանքում։ Այն ամենն ինչ ասում եմ նրան, նա փորձում է կատարել խաղադաշտում։ Իմ կարծիքով ամենամեծ առաջընթացը հենց Սարգիս Շահինյանն է գրանցել, որովհետև նա այսօր, եթե չասեմ, որ անփոխարինելի է դաշտի կենտրոնում, բայց շատ կարևոր օղակ է թիմի համար, դա Սարգիսի աշխատասիրության, գործի հանդեպ լուրջ վերաբերմունքի շնորհիվ է։ Նա էլ ավելացնելու շատ տեղ ունի, ես հավատում եմ, որ նա էլ կարող է լինել այն ֆուտբոլիստներից մեկը, ով կարող է հրավիրվել ազգային հավաքական և օգուտ տալ։ Դա միանգամից չի լինի, նա էլ շատ լավ գիտակցում է, որ ոչ մեկին գեղեցիկ աչքերի համար հավաքական չեն կանչում, մեկնարկային կազմում չեն խաղացնում։ Նա պետք է բարելավի իր խաղը։ Ինձնից լավ է հասկանում, թե մեկնարկային կազմում իր տեղը պահելու համար որքան աշխատանք ունի կատարելու։ Այս պահին ես նրանից շատ գոհ եմ ու կարծում եմ, որ ապագայում նա էլ ավելի կառաջադիմի, ու ավելի լավ որակներ կդրսևորի։

– Շատ է խոսվում, որ կապանյան թիմում չկան ծնունդով կապանցիներ։ Ձեր տեսադաշտում կա՞ն նման ֆուտբոլիստներ, ովքեր մոտ ապագայում կարող են համալրել առաջին թիմը։

– Մեկ բան է ցանկությունը, մեկ այլ բան՝ հնարավորությունները։ Բոլորս էլ ուզում ենք քշել թանկարժեք մեքենա, բայց դրա հնարավորությունը չունենք, ուստի կարևոր է հասկանանք մեր հնարավորություններն ու ցանկությունները։ Ես շատ եմ ուզում, որ մեր թիմում լինեն կապանցի ֆուտբոլիստներ, բայց եթե լինելու են ուղղակի լինելու համար, ապա դա ձեռնտու չէ ինձ։ Պետք են ֆուտբոլիստներ, որոնց վրա ես պետք է հիմնվեմ ու նրանց հետ համապատասխան աշխատանք կատարելուց հետո հասնենք այն մակարդակին, որ նրանք կարողանան խաղալ առաջին թիմում։ Այս պահին արդեն մեկ ֆուտբոլիստ Կապանից՝ Ալեն Կարապետյանը մարզվում է մեզ հետ արդեն 4-5 ամիս է, նա բավականին մեծ աճ է գրանցել, հեռանկարային ֆուտբոլիստ է և փորձում ենք նրա հետ հույսեր կապել։ Մարզվում է մեզ հետ, խաղում՝ առաջին լիգայի թիմում։ Կարծում եմ, որ ճիշտ աշխատանքի դեպքում կարող է խաղալ նաև «Գանձասար-Կապանի» մեկնարկային կազմում, կան նաև պատանի ֆուտբոլիստներ՝ 2000 թվականի ծնվածներ, ավելի կոնկրետ 2-3 հոգի։ Նրանց խաղին ես շատ ուշադիր հետևում եմ, բնական է, որ նրանց ելույթներն անկայուն կլինեն, դա կապված է նրանց տարիքի հետ, բայց ունեն որակներ, որոնք գոհացնում են ինձ։ Նրանց էլ կփորձենք ներգրավել թիմի մարզումային պրոցեսի մեջ՝ ձմռանը։ Թե ինչպես կդրսևորեն իրենց՝ կախված է միայն իրենցից։ Ինքնանպատակ չէ, որ ուզում ենք հրավիրել այդ տղաներին ու նրանց կանչում ենք ոչ թե նրա համար, որ երկրպագուները տեսնեն, որ կապանցի ֆուտբոլիստներ կան թիմում, այլ նրա համար, որ հասկանանք այդ տղաները համապատասխանում եմ մեր պահանջներին, կարող են ամրապնդվել առաջին թիմում, թե ոչ։ Ճիշտ է, հիմա իրավիճակն այնպիսինն է, որ տարածությունը շատ մեծ է առաջին և երկրորդ թիմերի միջև, այսինքն նրանք անընդհատ մեր աչքի առաջ չեն, բայց կգա ժամանակը, երբ նրանք կլինեն մեզ հետ և մեր կողքին, այդժամ ավելի լավ կհասկանանք, թե ով իրենից ինչ է ներկայացնում։

– Մինչև տարեվերջ մնացել է անցկացնելու ընդամենը 3 հանդիպում։ Ի՞նչ նպատակներ կան, որոնք պետք է իրագործվեն այս տարի։

– Մեր նպատակները մնում են անփոփոխ, եթե թիմը նախորդ առաջնությունում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը, լուրջ պայքար է մղել չեմպիոնական տիտղոսի համար, ուրեմն ծիծաղելի կլինի, եթե այս տարի ինչ-որ բաններ փոխվեն։ Մենք նորից պետք է պայքարենք ամենաբարձր տեղերի համար, ես շատ լավ հասկանում եմ, թե ինչ բարդ է դա, նամանավանդ մեկնարկային երեք պարտություններից հետո, բայց այսօր մենք դա անելու իրական հնարավորություն ունենք և ամեն ինչ մեր ձեռքերում է։ Առաջիկայում երեք խաղ կա՝ «Շիրակ», «Բանանց», «Ալաշկերտ»։ Այս խաղերը պատասխան կտան, թե ինչ ճանապարհով ենք ուզում շարժվել և ինչ է մեզ սպասվում գարնանը։ Այն, որ մենք նախորդ շրջանում հաղթել ենք «Բանանցին» և «Ալաշկերտին», իսկ «Շիրակի» հետ խաղն էլ ավարտվել է ոչ-ոքի, այն էլ վերջին րոպեին են նրանք աչքի ընկել, ոչ մի նշանակություն չունի ինձ համար, որովհետև առաջիկայում նոր խաղ է, նոր մարտահրավեր, նոր մտածելակերպ, և ինչ-որ բան ապացուցելու նոր առիթ։ Մեզ համար շատ կարևոր են այս հանդիպումները։ Մենք առաջնորդվում ենք հաջորդ խաղն ամենաբարդն է սկզբունքով։ Իսկ մեր հաջորդ խաղը «Շիրակի» հետ է, այն մեզ համար կենսական նշանակություն ունի, քանի որ գյումրեցիները միակն են, որոնց այս առաջնությունում դեռ չենք հաղթել։

– Գլխավորել եք նաև Հայաստանի երիտասարդական հավաքականը, ինչպե՞ս կամփոփեք այդ շրջանը ձեզ համար։

– Վարուժան Սուքիասյանը գլխավորեց ազգային հավաքականը և առաջարկեց ինձ ստանձնել երիտասարդական հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը, համաձայնվեցի առանց երկմտելու։ Ես գլխավորեցի այդ թիմն այն ժամանակ, երբ արդեն վեց հանդիպում կայացել էր, իսկ մեր ընտրանին վաստակել էր ընդամենը 1 միավոր, մնացել էր անցկացնելու 4 հանդիպում։ Որպես մարզիչ երկու ճանապարհ ունեի, կամ պետք է չորս խաղի ընթացքում առավելագույն արդյունք գրանցել, կամ էլ պետք է փորձեինք նոր թիմ ձևավորել հաջորդ շրջափուլի համար։ Ես մտածում էի, որ դա ավելի ճիշտ է, բայց որպես մարզիչ ցանկանում էի, որ այս ցիկլում էլ որքան հնարավոր է լավ արդյունքներ գրանցենք։ Բայց նորից ասեմ, որ ցանկությունը շատ լավ բան է, բայց պետք է հաշվի առնել հնարավորությունները։ Այն ժամանակահատվածում, երբ ես գլխավորեցի երիտասարդական հավաքականը թվով 8-9 ֆուտբոլիստների փոփոխություն եղավ, ովքեր ինչ-ինչ պատճառներով այլևս երիտասարդական հավաքականում չէին, իսկ նրանք հիմնական կազմի ֆուտբոլիստներ էին՝ Իվան Մամախանով, նա բացակայում էր, որովհետև թիմ չուներ, Արթուր Միրանյան՝ նա էլ բացակայում էր, որովհետև էլի թիմ չուներ, Աղվան Պապիկյան՝ նրա մասին շատ է խոսվել, չեմ ցանկանա նորից անդրադառնալ, բայց ես հրավիրել եմ նրան, ինչ-ինչ պատճառներով չեկավ, հետո էլ վնասվածք ստացավ, մենք կորցրինք նրան։ Այս ֆուտբոլիստները հիմնական կազմի տղաներ էին։ Ղուկաս Պողոսյանը միայն Դանիայի հետ խաղին մասնակցեց, իսկ հետո շատ լուրջ վնասվածք ստացավ, երկար ժամանակ ապաքինվում էր, Անատոլի Այվազովը վերջին երկու-երեք խաղը հրավիրվել էր ազգային հավաքական, նույնը Արթուր Քարտաշյանը։ Մենք զրկված էին այս ֆուտբոլիստներից։ Պատկերացրեք Հայաստանի նման երկրում, որտեղ մեկ ֆուտբոլիստի արժեքը շատ կարևոր է, իսկ մենք զրկված էինք յոթ ֆուտբոլիստներից։ Հիմա մենք ի՞նչ պետք է անեինք, եթե այդ տղաները չկան, ապա պետք է խաղաժամանակ տայինք ավելի երիտասարդներին, բնական է, որ 1994-95 թվականներին ծնվածների հետ խաղացող 1996-97 թվականերին ծնվածները չէին կարող արդյունք ապահովել։ Ես հասկանում էի, որ արդյունքի խնդիր լինելու է, բացառությամբ Դանիայի հետ խաղի, մյուս հանդիպումներում մենք շատ լավ տեսք ենք ունեցել, որպես թիմ։ Այո, պարտություններ են եղել, ես դրանք ոչ մեկի վրա չեմ բարդում, իմ պարտություններն են եղել, ես պատասխանատու եմ դրանց համար, բայց հաշվի առնելով, թե քանի հոգուց էինք զրկվել և քանի պատանի ֆուտբոլիստի էինք հրավիրել, այդ իրավիճակում այդքան էլ կարևոր չէր արդյունքը, որքան հաջորդ շրջափուլը, որպեսզի կարողանայինք ինչ-որ բան փոխել։ Մենք շատ լավ էինք հասկանում, որ լավ վիճակում չենք։ Ես նաև շատ էի լսում ու կարդում այն մասին, թե ինչու այս կամ այն ֆուտբոլիստին չեն հրավիրում։ Հավաստիացնում եմ, որ ցանկացած ֆուտբոլիստի հետ կապված կարող եմ բանավիճել, խոսել, բացատրել թե ինչու եղավ այնպես ինչպես եղավ։ Շատ էին հարցնում, թե ինչու երիտասարդական հավաքական չեմ հրավիրում Ռոբերտ Դարբինյանին, բայց ես անձամբ եմ խոսել Դարբինյանի հոր հետ, նա ասել է, որ նպատակահարմար չի գտնում, որ Ռոբերտը խաղա Հայաստանի հավաքականում, որովհետև նա չի կարողանա հետագայում խաղալ Ռուսաստանի երկրորդ լիգայում։ Հիմա հարց, ես կարո՞ղ եմ նրան հրավիրել հավաքական։ Շատ էին խոսում Բեն Յագանի մասին, ես կապ եմ հաստատել նրա ներկայացուցչի հետ, չեմ կարող ասել, որ այս ինֆորմացիան ստույգ է, որովհետև չգիտեմ թե այդ ներկայացուցիչը ինչ է խոսել Յագանի հետ, բայց ինձ հետևյալ պատասխանն են տվել, որ Բեն Յագանը կգա Հայաստան միայն այն դեպքում, երբ հրավիրեն ազգային հավաքական։ Ինձ համար որպես մարզչի այդ թեման փակ էր։ Մենք փորձեցինք բերել Դավիթ Արշակյանին, եկավ, Դանիայի դեմ էլ խաղաց, հետո ազգային հավաքական հրավիրվեց։ Բայց երբ շատ էին խոսում, որ ինչու չեն հրավիրում այս կամ այն ֆուտբոլիստին, կարծես կարծիք ձևավորված լիներ մարդկանց մոտ, որ մենք՝ մարզիչներս չենք ուզում հրավիրել նրանց։ Ոչ, կան խնդիրներ մեկը չի ուզում գա իր ընտանեկան պատճառներով, մեկը մտածում է, որ ավելի բարձր մակարդակի է, քան երիտասարդական հավաքականը։ Շատ լավ է, որ հանրությունը կիմանա ու այնպիսի տպավորություն չի ստեղծվի, որ չէինք ուզում հրավիրել այս կան այն ֆուտբոլիստին։ Մենք ինքներս մեր թշնամին չենք։ Ասեմ, որ այդ ժամանակահատվածն էլ ինձ համար շատ մեծ փորձ էր, որպես մարզիչ։ Դանիայի հետ խաղը շատ մեծ խաղ էր ինձ համար ու շատ ուսուցողական, հնարավոր է, որ այդ խաղն օգնեց ինձ, որպեսզի աճ գրանցեմ։

– Դուք Վարուժան Սուքիասյանի մարզչական շտաբից էիք, կարե՞լի է ասել, որ ձեզ համար հավաքականում անցկացրած ժամանակաշրջանն իսկապես ձախողված էր, քանի որ գրեթե միշտ առանցքային ֆուտբոլիստներից զրկված էիք։

– Որպես երիտասարդական հավաքականի նախկին մարզիչ ասեմ որ այո, ձախողված եմ համարում այդ ժամանակաշրջանը և ողջ պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա, անկախ պատճառներից։ Արդյունքներն իրոք շատ վատն էին։ Ինչ վերաբերում է ազգային հավաքականին, ապա ֆուտբոլում նման իրավիճակներ լինում են, երբ ամեն ին դասավորվում է քեզ հակառակ։ Բացի նրանից, որ մենք զրկված ենք եղել մեր առանցքային ֆուտբոլիստից, մեր առաջատարից Ռումինիայի հավաքականի հետ հանդիպման նման խաղ կարող է լինել 100 տարին մեկ, երբ մի կերպ կազմ ես որոշում, խաղը սկսելուց մի քանի րոպե առաջ ֆուտբոլիստ ենք կորցնում՝ վնասվածք է ստանում Գեղամ Կադիմյանը, խաղի մեկնարկից երկու րոպե հետո էլ ենք կորուստ ունենում արդեն Գոռ Մալաքյանը։ Հավատացեք, որ նման իրավիճակից դուրս գալը շատ բարդ է։ Այո, մեզ կարող են շատ քննադատել, խնդիր չկա, որովհետև քննադատությունը մեր աշխատանքի մի մասն է, ես քննադատողներին շատ լավ եմ վերաբերվում, որովհետև նշանակում է, որ նրանք սրտացավ են, բայց եթե իրատես լինենք, ապա եթե Արաս Օզբիլիսը Լեհաստանի հետ խաղի 92-րդ րոպեին գրավեր դարպասը, ապա հնարավոր է, որ լրիվ ուրիշ իրավիճակ լիներ, բայց սա ֆուտբոլ է, դու չես կարող ենթադրել այն, ինչ կպատահի։

– Ռումինիայից կրած խոշոր հաշվով պարտությունից և մեծ քննադատությունից հետո ինչպե՞ս կարողացաք թիմը վերականգել Լեհաստանի նման հզոր հավաքականի հետ խաղից առաջ։

– Երևի թե մարզչի հմտության ու փորձի հաշվին, ֆուտբոլիստների հասկացողության հաշվին։ Վարուժան Սուքիասյանը փորձառու մասնագետ է և կարողացավ գտնել այն բառերը, որոնք պետք էին ֆուտբոլիստներին։ 5-0-ից հետո շատ բարդ է երեք օր անց հանդիպում անցկացնելը Լեհաստանի պես հզոր թիմի դեմ։ Ես ասեմ, որ մենք ոչ միայն արժանի չէինք պարտության, այլև հաղթանակի էինք արժանի, այն էլ երբ նորից 10 հոգով էինք մնացել ու վերջին րոպեներին 100 տոկոսանոց պահ չենք օգտագործում, հիմա այսպես է ստացվել, ու պետք է առաջնորդվենք դրանով, թե ինչ ստացվել է։ Ամեն դեպքում դա նորից շատ մեծ դաս էր ինձ համար, որպես մարզիչ։ Շատ-շատ բաններ սովորեցի և կփորձեմ հետագայում նման իրավիճակներում ավելի ճիշտ կողմնորոշվել։

– Հավաքականում անցկացրած ժամանակահատվածն ի՞նչ տվեց ձեզ։

– Ինձ մեծ փորձ տվեց։ Հնարավորություն տվեց, որ ես աշխատեմ բարձրակարգ ֆուտբոլիստների հետ, իմ մարզչական կարիերայում առաջընթաց գրանցելու, իսկ երիտասարդական հավաքականում անցկացրած ժամանակահատվածն ինձ ավելի ուժեղ ու դիմացկուն դարձրեց, որ ճնշումների ու լարվածության մեջ կարողանամ դիմակայել ու ճիշտ հետևություններ անելով շարժվես առաջ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում