«Արսենալ» – «Տոտենհեմ». Կադրային նորություններ

«Արսենալ» – «Տոտենհեմ». Կադրային նորություններ

Անգլիայի առաջնության 12-րդ տուրի կենտրոնական խաղում «Արսենալն» ընդունելու է «Տոտենհեմին»: Լոնդոնյան դերբիից առաջ երկու ակումբներից կադրային խնդիրների վերաբերյալ տեղեկություններ են ստացվել:

«Զինագործների» համար նորությունները բացասական են, որովհետև վնասվածքի պատճառով խաղը բաց է թողնելու հարձակվող Օլիվյե Ժիրուն: Այդ մասին «Тhe Sun»-ի հետ զրույցում ասել է թիմի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը: Ֆրանսիացու վնասվածքը լուրջ չէ, սակայն նա մինչև շաբաթ օրը չի հասցնի վերականգնվել: Նախկինի պես շարունակում են ապաքինվել Սանտի Կասորլան, Շկոդրան Մուստաֆին ու Դենի Ուելբեքը:

«Տոտենհեմի» կազմում նորությունները հիմնականում դրական են: Վնասվածքների պատճառով ազգային հավաքականների խաղերը բաց թողնելուց հետո շարք են վերադարձել Հարի Քեյնը, Դելե Ալին, Հարի Ուինքսը և Ուգո Լյորիսը: Ապաքինվածների թվում է նաև պահեստային դարպասապահ Միշել Վորմը,- գրում է լոնդոնյան ակումբի թվիթերյան էջը:

Սպասվածից լուրջ է պաշտպան Տոբի Ալդերվեյրելդի վնասվածքը, որը նա ստացել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի՝ «Ռեալի» դեմ տնային մրցավեճում (3:1): Բելգիացու վերջնական ապաքինումը հետաձգվել է մինչև 2018 թվականի հունվարի սկիզբը: «Տոտենհեմի» կազմում խաղը բաց կթողնեն վաղուց վնասվածքներ ունեցող Էրիկ Լամելան ու Վիկտոր Վանյաման:

Լոնդոնյան դերբին կկայանա նոյեմբերի 18-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 16:30-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում