ԱԱ-2018-ի ընտրական փուլ. Ովքե՞ր էին լավագույնները

ԱԱ-2018-ի ընտրական փուլ. Ովքե՞ր էին լավագույնները

Աշխարհի 2018 թվականի առաջնության նախընտրական փուլը պաշտոնապես ավարտված է: 871 խաղի ընթացքում 2456 գոլ է գրանցվել, 2965 դեղին քարտի հետ մեկտեղ 148 կարմիր է եղել: Ամփոփենք արդյունքները՝ լավագույններին առանձնացնելով:

Լավագույն ռմբարկուները
Ռոբերտ Լևանդովսկի, Ահմեդ Հալիլ, Մոհամմադ Ալ-Սահլավի – 16-ական գոլ

Նրանք երեքն են, բայց առաջին հերթին Ռոբերտ Լևանդովսկու մասին: Նա 10 խաղում 16 գոլ է խփել: Ավելին, քան Սուարեսը, Ռոնալդուն, Մեսսին, Կավանին և մյուս թոփ-հարձակվողները: 16-ական գնդակ կա նաև ասիական ֆուտբոլի ներկայացուցիչների անվան դիմաց՝ ԱԷՄ-ի հարձակվող Ահմեդ Հալիլի և Սաուդյան Արաբիայի հարձակվող Մոհամադ Ալ-Սահլավիի: Երկուսն ավելի շատ խաղերի են մասնակցել (17 և 14 համապատասխանաբար), մրցակիցներն էլ ավելի թույլ են եղել: 

Ամենաշատն արդյունավետ փոխանցումներ կատարած ֆուտբոլիստը
Ջոշուա Կիմիխ – 9 գոլային փոխանցում

Գերմանական ֆուտբոլի ամենահեռանկարային ֆուտբոլիստն ու Բունդեսթիմի ապագա ավագը: Կիմիխը խմբային փուլի բոլոր խաղերին դաշտում է եղել, հաճախ հանդես է եկել կետրոնական աջ պաշտպանի դիրքում, և չգիտես՝ ինչ հրաշքով կարողացել է 10 խաղում 2 գոլ խփել, գոլային 9 փոխանցում կատարել: Տղայի անհավանական արդյունավետությանն անհնար է չսիրահարվել:

Ամենաշատ գոլ խփած հավաքականները
Բելգիա և Գերմանիա – 4.3-ական գոլ 1 խաղում

Զարմանալի չէ, երբ հարձակման գծում Լուկակուն և Մերտենսն են, իսկ նրանց փոխանցումներ կատարողները Ազարը, Նայնգոլանը ու Դե Բրյունեն: Խմբային փուլի 10 խաղում բելգիացիները 43 գոլ են խփել: Ֆանտաստիկ ցուցանիշ է: Նույն պատկերը նաև Գերմանիայի դեպքում է:

Բոլորից շատ խաղացել է՝ Իբրահիմ Ալմա

Սիրիացի դարպասապահը 19 խաղի է մասնակցել Ասիայի խմբային 2 փուլերում, ապա 2 հանդիպում էլ անցկացրել է Ավստրալիայի եզրափակիչ փուլում: Սիրիան Մունդիալի եզրափակիչ փուլին չի մասնակցի, բայց Ալման կմնա նախընտրական փուլում բոլորից շատ խաղացած ֆուտբոլիստը: Նա 1740 րոպե դաշտում է եղել:

Բոլորից շատ դարպասին հարվածող ֆուտբոլիստը
Կրիշտիանու Ռոնալդու – 66

Զարմանալի չէ: Ինչպես «Ռեալում», այնպես էլ հավաքականում Ռոնալդուն չէր վարանում ցանկացած դիրքից հարվածել և զգոն պահել մրցակցի դարպասապահներին: Խմբային փուլում 66 հարված, 1 խաղում միջինը՝ 7.4: Ռոնալդուից բացի որևէ մեկն ավելի շատ դարպասին չի հարվածել:

Լավագույն իրացնողը
Ռոբերտ Լևանդովսկի – 48.5%

Սուպերռմբարկուի հարվածներից գրեթե կեսի դեպքում գնդակը հայտնվել է մրցակցի դարպասում: 10 խաղում 16 գոլ խփելու համար Լևանդովսկուն ընդամենը 33 հարված է անհրաժեշտ եղել:

Ամենաշատ փոխանցումները կատարած ֆուտբոլիստը
Թոնի Կրոս – 121 փոխանցում 1 խաղում

Այո, գնդակին տիրելու մենաշնորհը Իսպանիայինն է, բայց Գերմանիան Թոնի Կրոս ունի, ով այժմ լավագույններից է իր դիրքում: «Ռեալի» ֆուտբոլիստը 10 խաղում ավելի քան 1200 փոխանցում է կատարել, միջինը՝ 121 փոխանցում 1 հանդիպման ժամանակ:

Ամենակարճ ճանապարհը դեպի Մունդիալ
Բրազիլիա – 537 օր

Բրազիլիային 537 օր պահանջվեց Մունդիալում մասնակցությունը հաստատելու համար: Նեյմար-Ժեզուշ-Կոուտինյո կրակոտ եռյակը հաղթեց հարավամերիկյան բոլոր մրցակիցերին, ու մինչ մյուսները տանջվում էին վերջին տուրում, բրազիլացիներն արդեն մարտին ծրագրում էին այցը դեպի Ռուսաստան:

Ամենաերկար ճանապարհը դեպի Մունդիալ
Պերու – 770 օր

Պերուն Բրազիլիայի հետ նույն օրը մեկնարկեց նախընտրական փուլում, բայց նրանց ճանապարհը մեկ ամսով երկարեց: Մի քանի օր առաջ աշխարհի մյուս ծայրը՝ Նոր Զելանդիա հասնելով և հայրենիք վերադառնալով՝ Պերուն հաստատեց իր մասնակցությունը Մունդիալին:

Բնակչության թվով ամենամեծ երկիրը
Բրազիլիա – 193.467.000 մարդ

Բրազիլիան երկրպագուների ամենամեծ թիվն է ունենալու Մունդիալում: Այդ երկրում բոլորն են ապրում ֆուտբոլով: Իհարկե, ինչպես նախորդ Մունդիալում էր, այս անգամ Բրազիլիան այդպիսի աջակցություն չի ունենա, բայց երբ 200 մլն մարդ երկրպագում է քեզ, ավելի մեծ խթան փնտրել հարկավոր էլ չէ:

Բնակչության թվով ամենափոքր երկիրը
Իսլանդիա – 334.252 մարդ

Ինչպե՞ս կարող են այդքան փոքր երկրում միջազգային հեղինակություն չճանաչող այդքան համարձակ ֆուտբոլիստներ լինել: Դարպասապահը ռեժիսոր է, պաշտպանը՝ օդաչու, մարզիչը՝ ատամնաբույժ: Այս մարդիկ չեն կարող միայն ֆուտբոլ խաղալ: Երկրի բնակչությունը քիչ է, պետք է այլ մասնագիտությամբ էլ զբաղվել:

Ամենախոշոր հաղթանակը
Քաթար – Բութան՝ 15:0

Բութանի մոտ ֆուտբոլ խաղալ դեռևս չի ստացվում․․․ Քաթարի հավաքականից գոլ էին խփել բոլոր նրանք, ովքեր չէին զլացել անել դա: 

Ամենաշատն են գոլ բաց թողել
Բութան – 52 գոլ

Բութանը կարողացել է գոլ խփել միայն մալդիվիացիներին, բայց բաց է թողել բոլորից. 0:15, 0:12, 0:7․․․ 8 խաղում այս հավաքականը 52 գնդակ է բաց թողել: Բոլոր խաղերում Բութանը դարպասապահ է ունեցել դաշտում․․․

Ամենաշատ գոլ խփողները
Սաուդիան Արաբիա և Ճապոնիա – 44-ական գոլ

Բանն այն է, որ Ասիայում նախընտրական փուլը մի քանի շրջանից է բաղկացած: Նախնական փուլից առաջ ցածր վարկանիշ ունեցող թիմերի համար խմբային 2 փուլ է անցկացվում, երկրորդում ընդգրկվում են առաջինի լավագույն 12 թիմերը: Ստացվում է, որ Ճապոնիան և Սաուդիան Արաբիան ընդհանուր հաշվարկով 18 խաղ են անցկացրել: Արդեն նշել ենք, որ եվրոպական գոտում Գերմանիան և Բելգիան 10 խաղում 43-ական գնդակ են խփել:

Բլորից քիչ են խփել
Լիխտեյնշտեյն – 1 գոլ

Լիխտեյնշտեյնի ֆուտբոլիստները կարողացել են կոտրել միայն իսրայելցիների պաշտպանությունը: Խմբային փուլերում մեկական գնդակ են խփել նաև Մալիի և Կամբոջայի հավաքականները, բայց նրանք կարողացել են աչքի ընկնել նաև նախնական խաղերի ընթացքում:

Բոլորից քիչ են բաց թողել
Մարոկկո – 1 գոլ

Եվրոպական թիմերից Իսպանիան և Անգլիան են ամենաքիչը գնդակ բաց թողել, բայց բոլոր մասնակիցների մեջ այս ցուցանիշով առաջատարն ընդամենը 1 գոլ բաց թողած Մարոկկոն է: Էվրե Ռենարը հավասարակշռված թիմ է կառուցել, որը Մունդիալի ժամանակ կարող է զարմացնել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում