Միլանյան դեժավյո՞ւ, թե՞ հեղափոխության սկիզբ

Միլանյան դեժավյո՞ւ, թե՞ հեղափոխության սկիզբ

«Միլանը» պաշտոնանկ արեց թիմի գլխավոր մարզիչ Վինչենցո Մոնտելային: Նրա փոխարեն, մարզչական ղեկը ստանձնել է ակումբի նախկին ֆուտբոլիստ Ջենարո Գատուզոն: Sport.Times.am-ը վերլուծել է միլանյան ակումբի շուրջ ստեղծված իրավիճակը:

Մոնտելայի ժամանակահատվածը

Վինչենցո Մոնտելան «Միլանը» գլխավորել էր նախորդ մրցաշրջանի սկզբում: Նրա ղեկավարությամբ «Միլանը» 2016-2017թթ. մրցաշրջանն ավարտեց 6-րդ հորիզոնականում՝ առաջ անցնելով սկզբունքային մրցակից «Ինտերից»: Ակումբը Եվրոպա լիգայի ուղեգիր նվաճեց և նույնիսկ հաղթեց Իտալիայի Սուպերգավաթը:

Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Միլանը» գրեթե լիովին թարմացրեց թիմի կազմը: Իտալացին մնաց իր պաշտոնում, ստացավ ակումբի ղեկավարության աջակցությունն ու…. ու սկսեց «Միլանի» նոր ձախողման սկիզբը: Իհարկե, նման դեպքերում գլխավոր մարզչին ժամանակ է պետք, բայց Մոնտելայի կատարած աշխատանքի վրա ստվեր էին գցում անմխիթար արդյունքները:

Արդյունքները՝ «Միլանի» մարզիչների դահիճ

«Միլանը» վերջին 3 տարիների ընթացքում արդեն 4-րդ գլխավոր մարզչին է պաշտոնանկ անում՝ չհաշված Քրիստիան Բրոկիին, ով ժամանակավոր պաշտոնակատար էր: 3 տարում 4 մարզչական փոփոխություն. սա վկայում են այն մասին, որ ակումբի ղեկավարների մոտ ևս ինչ-որ բան այն չէ, ընդ որում, ինչպես նախկին, այնպես էլ նոր:

2014 թվականից հետո, երբ «Միլանը» պաշտոնանկ արեց Մասիմիլիանո Ալեգրիին (ի դեպ, նրան հեռացրեցին «Սասուոլոյից» կրած 3:4 հաշվով պարտույթունից հետո), ակումբում 4 տարբեր մարզիչներ են աշխատել: Ծանոթանանք նրանց գրանցած արդյունքներին.

Կլարենս Զեեդորֆ՝ 16.01.2014-ից մինչև 18.05.2014

Խաղ – 22
Հաղթանակ – 11
Ոչ-ոքի – 2
Պարտություն – 9
Հաղթանակների տոկոսային հարաբերությունը՝ 50 %

Ֆիլիպո Ինձագի՝ 06.06.2014-ից մինչև 16.06.2015

Խաղ – 39
Հաղթանակ – 14
Ոչ-ոքի – 13
Պարտություն – 12
Հաղթանակների տոկոսային հարաբերությունը՝ 35.89 %

Սինիշա Միխայլովիչ՝ 16.06.2015-ից մինչև 12.04.2016

Խաղ – 34
Հաղթանակ – 18
Ոչ-ոքի – 19
Պարտություն – 7
Հաղթանակների տոկոսային հարաբերությունը՝ 52.94 %

Վինչենցո Մոնտելլա՝ 01.07.2016-ից մինչև 27.11.2017

Խաղ – 64
Հաղթանակ – 33
Ոչ-ոքի – 13
Պարտություն – 18
Հաղթանակների %-ային հարաբերությունը՝ 51.55 %

Ի՞նչ կարելի է եզրակացնել այս վիճակագրությունից

Բացի Մոնտելլայից, մնացած երեք մարզիչները, կարելի է ասել, արել են առավելագույնը: Այդ ընթացքում միլանյան ակումբի կազմը նման էր վետերանների հավաքատեղիի: Ակումբի ղեկավարությունը միջոցներ չուներ, որպեսզի թոփ տրանսֆերներ կատարեր, այդ իսկ պատճառով էլ ազատ գործակալի կարգավիճակում գտնվող «ամեն երկրորդ» ֆուտբոլիստը հայտնվում էր «Միլանում»:

Եզրակացությունը մեկն է՝ ակումբի ղեկավարների սխալ հայացքները: Եթե նրանց անհրաժեշտ է արդյունք այստեղ և հիմա, ապա միանշանակ պետք է հրավիրել թոփ մասնագետի, իսկ եթե դա հետագայի համար է, ապա պետք է ժամանակ տալ մարզչին: 

Նույն սխալը տեղի ունեցավ նաև հիմա, երբ Մոնտելային մրցաշրջանի միջնամասում փոխարինեց Ջենարո Գատուզոն:

«Ռնգեղջյուր», «Խիզախ սիրտը», մականուններով «Հրեշը»

Ջենարո Գատուզոն լեգենդար ֆուտբոլիստ է, ով խաղին նվիրվում էր անմնացորդ: Գատուզոն նույնպես չունի մարզչական մեծ փորձ: Աշխատել է իտալական C դիվիզիոնում, շվեյցարական «Սյոնում», հունական «ՕՖԻ»-ում և «Միլանի» երիտասարդական թիմում, բայց ոչ մի տեղ երկար չի մնացել: Անփորձ մարզիչ, որը եկել է փրկելու «Միլանը»: Այո, փրկելու, քանի որ ակումբի ղեկավարությունը հայտարարել է, որ Գատուզոն ժամանակավոր մարզիչ չէ, և նա պետք է պայքարի «Միլանին» Չեմպիոնների լիգա վերադարձնելու համար:

«Միլանի» ղեկավարությունը նորից կրակի հետ է խաղում: Դեռ ժամանակը չէ և հնարավոր էլ չէ խոսել Գատուզոյի մարզչական որակների, փիլիսոփայության կամ ձեռագրի մասին, բայց եթե նա չկարողանա թիմին դուրս բերել Չեմպիոնների լիգա, ապա դա առաջին հերթին կլինի ակումբի ղեկավարության անհեռատես քայլի, այլ ոչ թե Գատուզոյի ցածր մարզչական որակների պատճառով: Մի բան հստակ է, որ ճնշումը չի կարող ազդել Գատուզոյի վրա: Նա այդ խնդիրը չի ունեցել ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում, չի էլ ունենա հիմա:

«Միլանում» այսօր հավաքված են ինչպես երիտասարդ, այնպես էլ փորձառու ֆուտբոլիստներ, որոնց հետ կարելի է որևէ էական նվաճման հասնել: Միակ խնդիրն այն է, որ Գատուզոն իր տաքարյունության պատճառով երկարատև որակազրկում (այդպիսի դեպք նրա մարզչական կարճ կարիերայում արդեն գրանցվել է) չստանա և կարողանա կատարել աշխատանքը: Իսկ այդ աշխատանքը գնահատելու ժամանակը դեռ կգա: Հուսանք, որ նրան կհաջողվի «Միլանին» վերադարձնել իր երբեմնի մակարդակին և եվրոպական ֆուտբոլը նորից կտեսնի մեծագույն «Միլանը»:

Միհրան Ալեքսանյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում