Սաֆին. Եթե Ֆեդերերն ու Նադալը դեռ բոլորին հաղթում են, ուրեմն թենիսում խնդիրներ կան

Սաֆին. Եթե Ֆեդերերն ու Նադալը դեռ բոլորին հաղթում են, ուրեմն թենիսում խնդիրներ կան

Աշխարհի նախկին առաջին ռակետ Մարատ Սաֆինը խոսել է տղամարդկանց թենիսի ներկայի մասին: Ռուս նախկին մարզիկը կարծում է` աննորմալ է, որ Ռաֆայել Նադալն ու Ռոջեր Ֆեդերերը շարունակում են լավագույնները մնալ:

«Եթե Ֆեդերերն ու Նադալը մինչ օրս բոլորին հաղթում են, ուրեմն թենիսում խնդիրներ կան: Ապագա սուպերաստղերի չեմ տեսնում: Չեմ ասում, թե իմ ժամանակներում թենիսն ավելի բարձր մակարդակի էր, բայց այն ժամանակ մարդիկ ATP-ի մրցաշարեր էին հաղթում 18, 17 և նույնիսկ 16 տարեկանում: Հիմա որոշ թենիսիստներ 25 տարեկանում նոր սկսում են բարձրակարգ խաղ ցուցադրել: Չգիտեմ, թե դա ինչով է պայմանավորված:

Նախկինում կարիերաներն ավարտում էին 30 տարեկանում, իսկ 32 տարեկան թենիսիստն արդեն դինոզավր էր համարվում: Եթե 38 տարեկանում շարունակում ես վազել և նույնիսկ աշխարհի առաջին թենիսիստն ես, ուրեմն մյուս խաղացողների հետ ինչ-որ բան այն չէ:

Ներկայիս թենիսիստները բարձրակարգ համարվելու համար պետք է հիմա սկսեն պարտության մատնել Նադալին ու Ֆեդերերին: Մարեյն ու Ջոկովիչն արդեն 19-20 տարեկանում հաղթում էին թոփ-10-ի ներկայացուցիչներին: Ներկայիս երիտասարդները չեն կարողանում»,- Սաֆինի խոսքերն է մեջբերում «The Independent»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում