Պաշտպանների սխալները վճռորոշ էին․ «Արսենալը» պարտվեց «Մանչեսթեր Յունայթեդին» (տեսանյութ)

Պաշտպանների սխալները վճռորոշ էին․ «Արսենալը» պարտվեց «Մանչեսթեր Յունայթեդին» (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրի առանցքային խաղերից մեկը կայացավ Լոնդոնում․ «Արսենալն» «Էմիրեյթս» մարզադաշտում հյուրընկալեց «Մանչեսթեր Յունայթեդին» և պարտվեց։

«Կարմիր սատանաները», օգտվելով դաշտի տերերի պաշտպանների սխալներից, հանդիպման մեկնարկում երկու գոլ խփեցին։ Արդեն 4-րդ րոպեին Լորան Կոսյելինիի անփույթ փոխանցումից հետո գնդակը հայտնվեց Անտոնիո Վալենսիայի մոտ, ով էլ Պոլ Պոգբայի հետ խաղարկումից հետո գրավեց Պետր Չեխի պաշտպանած դարպասը։ 11-րդ րոպեին Շկոդրան Մուստաֆին սեփական տուգանային հրապարակի մոտ կորցրեց գնդակը, ինչից կրկին օգտվեցին հյուրերը․ Անտոնի Մարսիալի հիանալի փոխանցումից հետո աչքի ընկավ Ջեսի Լինգարդը։ Բաց թողած գոլերից հետո «զինագործներն» աստիճանաբար ակտիվացան առջևի գծում և վտանգավոր պահեր ստեղծեցին, սակայն նախքան ընդմիջում հաշվի մեջ փոփոխություններ չեղան։

Երկրորդ կեսի մեկնարկում Արսեն Վենգերի թիմին հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը՝ 49-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Ալեքսանդր Լակազետը։ Լոնդոնյան թիմին չհաջողվեց իր տևական խաղային առավելությունը գոլի վերածել, իսկ ահա հյուրերին հաջողվեց երրորդ գոլը խփել․ 63-րդ րոպեին Պոլ Պոգբայի փոխանցումից հետո դուբլ ձևակերպեց Լինգարդը։

75-րդ րոպեին Բելյերինի նկատմամբ կանոնները խախտելու համար հեռացվեց խաղադաշտից, սակայն «Արսենալին» չհաջողվեց օգտվել թվային առավելությունից․ խաղն ավարտվեց 1։3 հաշվով։

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը հայտավորված չէր հանդիպմանը։

Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Յունայթեդն» ունի 35 միավոր և առաջատար «Մանչեսթեր Սիթիին» զիջում է 5 միավորով, սակայն Խոսեպ Գվարդիոլայի թիմը տուրի շրջանակում իր խաղը դեռ չի անցկացրել։ «Արսենալը» մնաց 28 միավորով՝ հինգերորդ տեղում։

Անգլիայի Պրեմիեր լիգա, 15-րդ տուր

«Արսենալ» – «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 1։3
Գոլերը՝ Լակազետ 49՛ – Վալենսիա 4՛, Լինգարդ 11՛, 63՛
Հեռացում՝ Պոգբա 75՛

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ

Հետևեք մեզ նաև Telegram-ում