Լոնդոն. Արոնյանի ամենաարկածային պարտիան (կատարված քայլեր)

Լոնդոն. Արոնյանի ամենաարկածային պարտիան (կատարված քայլեր)

Լոնդոնում ընթացող ՖԻԴԵ-ի սուպերմրցաշարում կայացել է 6-րդ տուրը: Լևոն Արոնյանը սև խաղաքարերով մրցել է մրցաշարի գործող չեմպիոն Ուեսլի Սոյի հետ: Անչափ հետաքրքիր պայքարում անցած պարտիան ավարտվել է ոչ-ոքի արդյունքով:

Իսպանական սկզբնախաղում Ամերիկայի Միացյալ Նահագները ներկայացնող շախմատիստը որոշակի առավելություն է ստացել: Լևոնը հակագրոհ է նախապատրաստել ու 21-րդ քայլից ակտիվ գործողությունների անցել: Արդյունքում, նրան հաջողվել է երեք ֆիգուրների կորստի գնով շահել մրցակցի թագուհին: Ուժերի նման հարաբերակցությունը հավասար է համարվում, սակայն Արոնյանին հաջողվել է ևս մեկ զինվոր շահել ու հաղթանակի հույսեր պահպանել: Դրա համար նրան հարկավոր էր եղել 31-րդ քայլում թագուհին բերել c2 դաշտ և անցողիկ զինվորների միջոցով ամրապնդել առավելությունը: 35-ամյա գրոսմայստերը դրա փոխարեն կատարել է h6 քայլը: Դրանից անմիջապես հետո Սոն փակել է սպառնալից երկրորդ հորիզոնականը:

Հետագայում ևս մի քանի քայլեր կատարելուց հետո շախմատիստները ոչ-ոքի են կնքել:

Կատարված քայլեր

Տուրի միակ հաղթանակը տոնել է Յան Նեպոմինաշչնին: Ռուս գրասմայստերը սևերով պարտության է մատնել Մայքլ Ադամսին:

6-րդ տուրից հետո 4 միավորով առաջատարը Ֆաբիանո Կարուանան է, իսկ Նեպոմնիաշչնին 3,5 միավորով երկրորդն է: Լևոն Արոնյանը, Մաքսիմ Վաշյե Լագրավը, Մագնուս Կարլսենը, Ուեսլի Սոն ու Հիկարու Նակամուրան վաստակել են 3-ական միավոր: Հետնապահներ Վիշվանաթան Անանդի, Սերգեյ Կարյակինի և Մայքլ Ադամսի հաշվին գրանցված է 2,5-ական միավոր:

Հաջորդ տուրում հայկական շախմատի առաջատարը սպիտակներով խաղալու է Նակամուրայի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում