Ազդանշան «Ռեալին». Կուրտուան Իսպանիա վերադառնալու անձնական պատճառ ունի

Ազդանշան «Ռեալին». Կուրտուան Իսպանիա վերադառնալու անձնական պատճառ ունի

«Չելսիի» դարպասապահ Տիբո Կուրտուան ցանկանում է վերադառնալ Իսպանիա, որտեղ հանդես է եկել Մադրիդի «Ատլետիկոյի» կազմում: «Evening Standard»-ը գրում է, որ բելգիացու նման մտադրության պատճառն ընտանեկան է: 24-ամյա ֆուտբոլիստի երկու երեխաները բնակվում են Իսպանիայում, և նա ցանկանում է ավելի հաճախ տեսնվել նրանց հետ:

«Բոլորը գիտեն, որ անձնական իրավիճակի պատճառով Իսպանիա վերադառնալու տարբերակը շատ գրավիչ է ինձ համար: Վաղ թե ուշ դա տեղի է ունենալու»,- ասել է բելգիացին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մադրիդի «Ռեալը» Կուրտուային դիտարկում է որպես թիմի առաջիկա տարիների հիմնական դարպասապահ: Քանի որ Կուրտուային ու Դավիդ Դե Խեային («Մանչեսթեր Յունայթեդ») ձեռք բերելու հնարավորությունները ցածր էին համարվում, «սերուցքայինները» կենտրոնացել են Բիլբաոյի «Ատլետիկի» դարպասապահ Կեպա Արիսաբալագայի տրանսֆերի շուրջ: Տիբոյի վերջին հայտարարությունից հետո մադրիդցիները կարող են կրկին վերադառնալ նրա թեկնածությանը:

Նշվում է, որ Կուրտուայի համար այլընտրանքային տարբերակ է «Ատլետիկոն»: Որպեսզի այդ տեղափոխությունը հնարավոր լինի, հարկավոր է, որ «հնդկիները» համաձայնեն բաժանվել իրենց ներկայիս դարպասապահ Յան Օբլակից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում